Իսպանական Տեխաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանական Տեխաս
Tejas Español
ԵրկիրԻսպանական կայսրություն Իսպանական կայսրություն
Կարգավիճակգաղութային տարածք
Մտնում էՆոր Իսպանիայի փոխարքայություն
ՎարչկենտրոնՏեխաս
Հիմնական լեզուիսպաներեն
Պաշտոնական լեզուներիսպաներեն
Հիմնադրված է1690 թ.

Իսպանական Տեխաս (իսպ.՝ Tejas Español), Իսպանական կայսրության նախկին գաղութային տարածքը, որը 1690-1821 թվականներին ունեցել է Նոր Իսպանիայի փոխարքայության նահանգի կարգավիճակ[1][2]։ Ներկայումս գաղութի տարածքում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեքսաս նահանգը[3]։

Իսպանական կայսրության կազմից Տեխասը դուրս է եկել 1821 թվականին՝ դառնալով նորանկախ Մեքսիկայի վարչատարածքային միավոր[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխասը Իսպանական կայսրության կազմում հայտնի է եղել որպես ենթակա Մեքսիկային պատկանող տարածք։ Տեխասի նկատմամբ Իսպանիայի հավակնություններն ի հայտ են եկել դեռևս 1689 թվականին, երբ վերջինս ֆրանսապատկան տարածք էր։ Ֆրանսիայի տիրապետության օրոք Տեխասի տարածքում եղել է Ֆորտ Սեն Լուիի գաղութը, որը Ժակ Կարտիեի ջանքերի շնորհիվ միավորվել է Արքայական Նոր Ֆրանսիա գաղութի տարածքում։ 1690 թվականին Ալոնսո դե Լեոնը արշավանք է կազմակերպում դեպի Տեխաս և առճակատման բռնկվում տեղի ֆրանսիացիների հետ։ Նույն տարում ֆրանսիական Ֆորտ Սեն Լուիի գաղութն անցնում է կայսերական Իսպանիային, իսկ երկրամասում հիմնվում են առաջին ճիզվիտների միաբանությունները։

Երկու տարի անց հիմնադրվում է Տեխասի առաջին խոշոր բնակավայրը՝ Սան Անտոնիոն։ Վերջինս անվանվում է տարածաշրջանի սուրբ Սուրբ Անտոնիոյի պատվին։ Հիմնադրմանը հաջորդում է տեղի հնդկացիական ցեղերի՝ ապաչների ապաստակությունները[4], որոնք ճնշվում են կոնկիստադորների կողմից։ Այնուամենայնիվ, հնդկացիական վայրագությունները Տեխասը հաճախակի էին կրկնվում, որի պատճառով էլ երկրամասն ամայանում և տարաբնակեցվում է։ 18-րդ դարի վերջին Տեխասը համարվում էր Նոր Իսպանիայի փոխարքայության ամենավատ բնակեցված տարածաշրջաններից մեկը։

Ճիզվիտների միաբանությունների գործունեությունը հանգեցնում էր նրան, որ կարճ ժամանակահատվածում տեղի բնակչության շրջանում լայն տարածում է գտնում կաթոլիկությունը։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կաթոլիկ են դառնում նաև մեծաթիվ հնդկացիներ։ Ավելի ուշ Տեխասի բնակչությունը գրեթե ամբողջությամբ ընդունում է կաթոլիկությունը՝ բացառությամբ մի քանի քոչվոր ցեղերի։

1762 թվականին կնքվում է ֆրանս-իսպանական համաձայնագիր, որով Ֆրանսիան ճանաչում է Իսպանիայի գերիշխանությունը Տեխասում և Լուիզիանայում։ Սրանից հետո Տեխասը կորցնում է իր նշանակությունը որպես բուֆերայի տարածք, շատ բնակավայրեր դադարում են գոյություն ունենալ։ Աճում է ուրբանիզացման մակարդակը և գրեթե ամբողջ բնակչությունը կենտրոնանում է Սան Անտոնիոյում։ 1799 թվականին Իսպանիան Լուիզիանան վերադարձնում է Ֆրանսիային, իսկ Նապոլեոն Բոնապարտի կառավարությունն այն վաճառում է նորահռչակ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Լուիզիանայի Միացյալ Նահանգների կազմում ընդգրկվելուց հետո ԱՄՆ-ն ներկայացնում է նաև իր հավակնությունները Տեխասի նկատմամբ։ Սկսվում է սահմանային պայքար Իսպանական կայսրության և Միացյալ Նահանգների միջև, որն ավարտվում է բանակցությունների շնորհիվ։ Արդյունքում՝ Իսպանիան Ֆլորիդան զիջել ԱՄՆ-ին, իսկ ամերիկյան կառավարությունը ճանաչում է Իսպանական կայսրության իրավունքները Տեխասի նահանգի նկատմամբ։

1810 թվականի սեպտեմբերի 16-ին սկսվում է Մեքսիկայի անկախության պայքարն ընդդեմ իսպանական գերիշխանության։ Պատերազմների ընթացքում մեքսիկական ապստամբները կարողանում են ազատագրել Կենտրոնական Ամերիկայի իրենց պատմական նախահայրենիքը և պայքար մղել հանուն Տեխասի։ 1821 թվականին Իսպանիան կորցնում է Տեխասի նկատմամբ իր իրավունքները և երկրամասը միավորվում է նոր ձևավորված Մեքսիկական կայսրության կազմի մեջ։ 1820 թվականի տվյալներով Տեխասում շարունակվում էին բնակվել շուրջ 2000 Իսպանիայի քաղաքացիներ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական տիրապետությունը անջնջելի հետք է թողել Տեխասի աշխարհագրության և մշակույթի վրա։ Դրա վառ ապացույցն է մինչև օրս Տեխասում իսպաներեն լեզվի և իսպանական ավանդույթների գերակայությունը։ Նույնիսկ մերօրյա իրականությունում, երբ Տեխասն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նահանգի կարգավիճակ, աշխարհագրական գրեթե բոլոր օբյեկտները՝ բնակավայրերը, գետերը, լճերը և լեռները ունեն իսպանական անվանումներ։ Տեսանելի է նաև իսպանական ճարտարապետության ազդեցությունը[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jr, James E. Lewis (2000 թ․ նոյեմբերի 9). The American Union and the Problem of Neighborhood: The United States and the Collapse of the Spanish Empire, 1783-1829 (անգլերեն). Univ of North Carolina Press. ISBN 9780807866894.
  2. Owsley, Frank L.; Smith, Gene A. (2004 թ․ մարտի 22). Filibusters and Expansionists: Jeffersonian Manifest Destiny, 1800-1821 (անգլերեն). University of Alabama Press. ISBN 9780817351175.
  3. 3,0 3,1 «Texas: Map, History, Population, Facts, Capitol, Flag, Tree, Geography, Symbols». InfoPlease (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Hoig, Stan (1998). Beyond the Frontier: Exploring the Indian Country (անգլերեն). University of Oklahoma Press. ISBN 9780806130521.
  5. Nichols, Roger L. (2014 թ․ հոկտեմբերի 20). The American Indian: Past and Present (անգլերեն). University of Oklahoma Press. ISBN 9780806186146.