Իլիա Աբուլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբուլաձե (այլ կիրառումներ)
Իլիա Աբուլաձե
ილია აბულაძე
Իլիա Աբուլաձե.jpg
Ծնվել էնոյեմբերի 24, 1901(1901-11-24)
Զեդա–Սաքարա, Վրաստան
Մահացել էհոկտեմբերի 9, 1968(1968-10-09) (66 տարեկանում)
Թբիլիսի, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունբառարանագիր և պատմաբան
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն[1] և հայերեն[1]

Իլիա Վլադիմիրի Աբուլաձե (նոյեմբերի 24, 1901(1901-11-24), Զեդա–Սաքարա, Վրաստան - հոկտեմբերի 9, 1968(1968-10-09), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի բանասեր, հայագետ, ՎՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950), գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նոյեմբերի 24-ին, Զեդա–Սաքարայում (Վրաստանի Զեստափոնի շրջան), ուսուցչի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Քութայիսի առաջին գիմնազիայում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մելիքսեթ-Բեկին, Ա. Շանիձեին։ Հիմնականում զբաղվել է հայ և վրաց բանասիրությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ։ Համալսարանը գեբազանց ավարտելուց հետո նա ընդունվել է ասպիրանտուրա հայ-վրացական բանասիրության գծով։

Պրոֆեսոր Աբուլաձեի նախաձեռնությամբ է, որ հիմնադրվել է Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենը եղել է նա, ղեկավարել ձեռագրերի նկարագրության 15 հատորանոց մատենաշարը, հրատարակել «Վրացական գրի նմուշներ» նշանավոր հավաքածուն։

Աբուլաձեն երկար տարիներ Թբիլիսիի համալսարանում դասավանդել է հին հայերեն, բազմիցս եղել Հայաստանում, ուսումնասիրություններ կատարել Էջմիածնի գրապահոցում, իսկ այնուհետև՝ Մատենադարանում, զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում կազմակերպված գիտաժողովներում, հոդվածներ տպագրել հայագիտական հանդեսներում։ Երկար տարիներ նա եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրական կոլեգիայի անդամ։ Նրա դոկտորական դիսերտացիան է եղել «Հայ և վրաց գրականությունների առնչությունները 9-10-րդ դարերում» ուսումնասիրությունը։

Մահացել է հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 100 տպագիր աշխատությունների հեղինակ է։ 1938 թ. հրատարակել է «Վկայաբանություն Շուշանիկի» վարքագրության վրացերեն և հայերեն տեքստերը։ Գրել է «Հայ–վրացական գրական կապերը IX–X դարերում» աշխատությունը (1944), տպագրել վրաց ժողովրդի հնագույն պատմության՝ «Քարթլիս ցխովրեբա»–ի գրաբար տեքստը, վրացերեն թարգմանությունը և դրան նվիրված հետազոտությունը (1953)։

Աբուլաձեի «Հովհաննես Դրասխանակերտցի» ուսումնասիրությունը (1937) վրաց հայագիտության նվաճումներից է։ Կազմել է գրաբարի (1935), վրացերենի (հայկական դպրոցների համար, 1965) դասագրքեր և «Հին վրացերեն–գրաբար բառարան» (անտիպ)։ 1937 թ.-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 7117 ձեռագրում Աբուլաձե հայտնաբերել է աղվանական գիրը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայերենի և վրացերենի բառարանային հանդիպումները, «Աշխատությունների ժողովածու ՀՍՍՀ ԳԱ Լեզվի ինստ–ի», 1948, № 3
  • К открытию Кавказских албанцев, «Известия ин-та языка, истории и материальних культуры груз. филиала АН СССР», 1938, т. 4

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ․ Բաբուրյան «Իլյա Աբուլաձե», պատմաբանասիրական հանդես № 1, 1968, էջ 262-263

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png