Իլիաս Վենեզիս
Իլիաս Վենեզիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Այվալըք, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1973[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Հունաստան |
Գրական ուղղություններ | 30-ականների սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Q27923840?, Aeolian Earth? և 31328-րդ համարը |
Աշխատավայր | Հունաստանի բանկ |
Պարգևներ | |
Իլիաս Վենեզիս Վիքիդարանում |
Իլիաս Վենեզիս, (մարտի 4, 1904[1][2][3][…], Այվալըք, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա - օգոստոսի 3, 1973[1][2][3][…], Աթենք, Հունաստան) - հույն նշանավոր վիպասան, համարվում է «30-ականների սերնդի» խոշորագույն ներկայացուցիչը[4]։ Նրան մեծ հռչակ են բերել հատկապես «31328-րդ համարը» և «Էոլյան երկիր» վեպերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլիաս Վենեզիսը ծնվել է 1904 թվականի մարտի 4-ին, Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում՝ Զմյուռնիայի մերձակայքում գտնվող Այվալըք ծովափնյա քաղաքում, Միքայել Մելոսի ընտանիքում (Վենեզիսը պապի ազգանունն է)։
1914 թվականին, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և թուրքերը, պատեհ առիթն օգտագործելով, Օսմանյան կայսրությունում սկսեցին հալածել քրիստոնյաներին, նրանց ընտանիքը ապաստանեց հունական մոտակա Լեսբոս կղզում՝ Միտիլինի քաղաքում։ 1918 թվականի վերջերին ավարտվեց Առաջին աշխարհամարտը, որտեղ թուրքերը պարտություն էին կրել, և հունական բանակը, Անտանտի հատկացրած մանդատի համաձայն, 1919 թվականին իր հսկողության տակ վերցրեց Զմյուռնիան ու հարակից տարածքները։ Շատ-շատերի հետ՝ Վենեզիսների ընտանիքը ևս վերադարձավ հայրենի բնօրրան՝ Այվալըք։ Բայց դաշնակից պետությունները, հանուն սեփական շահի, կեղտոտ խաղեր սկսեցին միմյանց թիկունքում, և ստացվեց այնպես, որ նախ՝ Իտալիան, ապա նաև Ֆրանսիան դարձան պատերազմում պարտություն կրած թուրքերին աջակցողներ։ Թուրքական բանակը 1922 թվականին անցավ հակահարձակման և ետ գրավեց Զմյուռնիան՝ իր հարակից տարածքներով։ Տասնութամյա Իլիասը գերի ընկավ թուրքերին և Այվալըքի ամբողջ տղամարդ բնակչության հետ, այսպես կոչված՝ բանվորական գումարտակի կազմում, մահվան քայլերթ կատարեց հայրենի շեն ու ծաղկուն քաղաքից մինչև Անատոլիայի խորքերում թուրքերի հիմնած համակենտրոնացման ճամբարը։
Այդ երթի ընթացքում թուրք վերակացուների կամայական գնդակահարությունների, դաժան մտրակահարումների, խոշտանգումների, եղանակային անտանելի պայմաններում ուժերից վեր աշխատանքի, ինչպես նաև սովի, հիվանդությունների պատճառով զոհվեցին շատ-շատերը. մահվան երթի երեք հազարից ավելի մասնակիցներից ողջ մնացին ընդամենը քսաներեքը։ Փրկվածներից մեկը Իլիաս Վենեզիսն էր, որը տասնչորս ամիս անմարդկային պայմաններում դիմանալով՝ 1923 թվականին՝ Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո, ազատ արձակվեց և վերջապես կարողացավ միանալ դարձյալ Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում ապաստանած իր ընտանիքին։ Այստեղ նա ծանոթացավ «Կամպանա» («Զանգ»)շաբաթաթերթի խմբագիր Ստրատիս Միրիվիլիսի հետ, որը նրան համոզեց գրի առնել և թերթում լույս ընծայել թուրքական դժնեդաժան գերության մեր իր տեսածն ու ապրածը[5]։ Այսպես՝ ստեղծվեց «31328-րդ համարը» վեպը, որը 1924 թվականի ընթացքում մաս-մաս տպագրվեց շաբաթաթերթում[6]։ 1931 թվականին այդ վեպի ընդլայնված տարբերակը հրատարակվեց առանձին գրքի տեսքով՝ միանգամից մեծ հռչակ բերելով հեղինակին։ Այն թարգմանվեց ու լույս տեսավ նաև օտար մի շարք լեզուներով։ Գրքի ֆրանսերեն հրատարակության նախաբանում բելգիացի ակադեմիկոս Հենրի Լիբրեխտը գրում է. «Զգացվում է, որ Վենեզիսը սահմռկելի դեպքերը գրի առնելիս մեկ անգամ ևս վերապրել է դրանք։ Բայց և այնպես՝ թուրքական գազանությունները նկարագրելիս հեղինակը զոհերին ու դահիճներին ներկայացնում է նրանց գործողությունների ու մտքերի միջոցով, առանց զայրույթի, առանց նախատրամադրվածության»։
Վենեզիսը ստեղծագործում էր ազատ ժամերին, իսկ ապրուստը հոգալու համար աշխատում էր Հունական բանկի Միտիլինիի մասնաճյուղում։ Այստեղից 1932 թվականին տեղափոխվել է Աթենք։ Իր ձախ հայացքների պատճառով նա հետապնդումների է ենթարկվել գեներալ Մետաքսասի բռնապետության տարիներին, իսկ Հունաստանի եռակի՝ գերմանա-իտալա-բուլղարական օկուպացիայի ժամանակ ընդհատակյա գործունեության համար նույնիսկ բանտ է նետվել, խստագույն պայմաններում պահվել Ավերոֆ բանտի C պահամասում և մինչև անգամ դատապարտվել մահապատժի, որը չեղարկվել է արքեպիսկոպոս Դամասկինոսի, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, հեղինակավոր մտավորականների միջամտության շնորհիվ։ Պատերազմից ավարտից հետո նա բանտային իր ապրումները նկարագրել է «C պահամասը» թատերական երկում։
Այդ ժամանակաշրջանում գրողը սկսում է աշխատակցել Աթենքում լույս տեսնող «Ակրոպոլիս» թերթին՝ դառնալով նրա սյունակագիրը։ Միաժամանակ շարունակում էր աշխատել իր հերթական մեծածավալ ստեղծագործության՝ «Էոլյան երկիր» վեպի վրա։ Այստեղ բանաստեղծական պատումի միջոցով, քնարական շնչով պատկերել է իր մանկության չքնաղագեղ ամառները, դրախտային իր բնօրրանը, որ կորսվեց։ Ինչպես վեպի ֆրանսերեն հրատարակության նախաբանում նշել է Պիեռ Ամանդրին, «դա Փոքր Ասիայի ամբողջ քրիստոնեության սրտակեղեք Ելքի, իր հայրենի, հարազատ հողից նրա արմատները խզելու հուզիչ պատումն է»։
Ետպատերազմյան տարիներին Իլիաս Վենեզիսը հայրենի երկրի հոգևոր կյանքում ակտիվ դեր է խաղացել ոչ միայն որպես գրող ու ժուռնալիստ. եղել է Ազգային թատրոնի գլխավոր տնօրեն, Ազգային օպերայի վարչության նախագահի տեղակալ։ 1957 թվականին ընտրվել է Աթենքի ակադեմիայի անդամ։ Կյանքի վերջին երեք տարիներին ծանր հիվանդության պատճառով նա գամված է եղել անկողնուն։ Վախճանվել է 1973 թվականի օգոստոսի 3-ին, կոկորդի քաղցկեղից։ Թաղվել է Լեսբոս կղզում՝ Միտիմնայում (Միլիվոսում)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎԵՊԵՐ
31328-րդ համարը — Το Νούμερο 31328 (1931)
Անդորրություն — Γαλήνη (1939)
Էոլյան երկիրը — Αιολική Γη (1943)
Ելք — Έξοδος (χρονικό της κατοχής, 1950)
Օվկիանոս — Ωκεανός (1956)
Չորսի վեպը — Το Μυθιστόρημα των Τεσσάρων, գրված Միրիվալիսի,Կարագացիսի, Թերեզակիսի հետ համատեղ (1958)
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ
Մանոլիս Լեկաս — Μανώλης Λέκας (ժողովածու, 1927)
Էգեյան ծով — Αιγαίο (ժողովածու, 1941)
Ակիֆ -Ακήφ (պատմվածք, 1944)
Քամիներ — Άνεμοι (ժողովածու, 1944)
Պատերազմի ժամը -Ώρα Πολέμου (ժողովածու, 1946)
Պարտվածները — Οι νικημένοι (ժողովածու, 1954)
Կղզեխումբ — Αρχιπέλαγος (ժողովածու, 1969)
ՈւՂԵԳՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Աշունն Իտալիայում-Φθινόπωρο στην Ιταλία (1950)
Ամերիկյան երկիրը- Αμερικανική Γη (1955)
Արգոնավորդները — Αργοναύτες (ժամանակագրություն, 1962)
Էֆտալու — Εφταλού (պատմվածքներ, 1972)
Թափառումներ — Περιηγήσεις (1973)
Հունական ծովերում -Στις ελληνικές θάλασσες (պատմվածքներ, 1973)
Բարև, Փոքր Ասիա -Μικρασία Χαίρε (պատմվածքներ, 1974)
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈւՄՆԵՐ
Նավեր ու ծովեր -Πλοία και Θάλασσες (տեքստեր և պատմվածք, 1969)
Հույն և օտարազգի ճանապարհորդներ — Έλληνες και Ξένοι Περιηγητές (տեքստեր և պատմվածք, 1970)
ԹԱՏԵՐԳՈւԹՅՈւՆ
C պահամաս -Μπλοκ C (պիես, 1963)
ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Արքեպիսկոպոս Դամասկին — Αρχιεπίσκοπος Δαμασκηνός (1952)
Հունաստանի բանկի ժամանակագրություն — Χρονικόν της Τραπέζης της Ελλάδος (1955)
Էմանուել Ցուդերոս — Εμμανουήλ Τσουδερός (1966)
Ստեղծագործություններն առցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճայերը, «Գարուն», 2000, № 7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 100+1 Χρόνια Ελλάδα,Ά τόμ. 1900—1949, σελ.185, εκδ. Η.Μανιατέας, Αθήνα 1999
- ↑ ««Stratis Myrivilis: A Brief Biography» by Pavlos Andronikos». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Δημήτρης Φωτιάδης, Σαγγάριος,σελ. 115, εκδ. ΤΥΠΟΣ Α.Ε. ,Αθήνα 1974
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիաս Վենեզիս» հոդվածին։ |
|