Jump to content

Իզաբել Սթոուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբել Սթոուն
անգլ.՝ Isabelle Stone
Ծնվել էհոկտեմբերի 18, 1868(1868-10-18)[1]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել է1966[1]
North Miami, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Bryn Mawr School?, Վասար քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Sweet Briar College?
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան և Ուելսլի քոլեջ
Գիտական ղեկավարԱլբերտ Մայքելսոն

Իզաբել Սթոուն (անգլ.՝ Isabelle Stone, հոկտեմբերի 18, 1868(1868-10-18)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - 1966[1], North Miami, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս և ուսուցիչ։

ԱՄՆ-ում առաջին կինն է, որը ստացել է ֆիզիկայի դոկտորի կոչում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբել Սթոունը ծնվել է Չիկագոյում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը Բապտիստական եկեղեցու ակտիվ անդամ էր և «Chicago Times»-ի խմբագիր, իսկ մայրը «Երիտասարդ քրիստոնյա կանանց ասոցիացիայի» ղեկավարներից մեկն էր։ 1890 թվականին Սթոունը ստացել է Ուելսլի քոլեջի երաժշտության բակալավրի կոչում, իսկ 1896 թվականին՝ Չիկագոյի համալսարանի մագիստրոսի կոչում։ Հաջորդ տարի նա հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ դառնալով առաջին ամերիկուհին, որը ստացել է ֆիզիկայի դոկտորի կոչում։ Ալբերտ Միշելսոնի ղեկավարությամբ կատարված աշխատանքներում նա հայտնաբերել է բարակ մետաղական թաղանթների էլեկտրական հաղորդունակության փոփոխությունը` կախված դրանց տարիքից և շրջակա միջավայրի պայմաններից (խոնավություն, ջերմաստիճան) և ցույց է տվել, որ թաղանթի էլեկտրական դիմադրությունը ժամանակի ընթացքում նվազում է, այնպես որ փաստացի դիտարկվող արժեքը դառնում է հաշվարկայինից շատ ավելի քիչ[2]։

1890 թվականից Սթուոնը իր դասերի հետ միաժամանակ ներգաղթյալների մշակութային կենտրոնում դասավանդում էր աստղագիտություն, հանրահաշիվ, երկրաչափություն և մարմնամարզություն, իսկ 1897-1898 թվականներին դասավանդել է Բալթիմորի Բրին-Մորի (անգլ.՝ Bryn Mawr Preparatory School) աղջիկների նախապատրաստական դպրոցում։ 1898-1906 թվականներին նա Նյու-Յորքի Փոքիփսի քաղաքի Վասարի քոլեջում աշխատում էր որպես հրահանգիչ՝ ֆիզիկայի բաժնում։ Զուգահեռաբար կատարում էր գիտական ուսումնասիրություններ Կոլումբիայի համալսարանում՝ հետազոտելով վակուումում բարակ թաղանթների կառուցվածքը և պլատինե թաղանթների գույնը։ 1899 թվականի մայիսի 30-ին Սթոունը Ամերիկական ֆիզիկայի միության հիմնադիր ժողովի 36 մասնակիցներից մեկն էր, ընդ որում՝ այդ միջոցառման ժամանակ միայն Մարսիա Քիթն ու ինքն էին իգական սեռի ներկայացուցիչ։ 1900 թվականին նա այն երկու կանանցից մեկն էր (մյուսը Մարի Կյուրին էր), որոնք մասնակցեցին Փարիզի Համաշխարհային ֆիզիկայի կոնգրեսին[2]։

1907 թվականին Սթոունը Հռումում իր քրոջ` Հարիեթի հետ միասին, կազմակերպել է աղջիկների համար նախատեսված մասնավոր դպրոց (անգլ.՝ The Misses Stone’s School for Girls), որն այդ ժամանակ այդ կարգի սակավաթիվ միջազգային դպրոցներից մեկն էր, որն ապահովում էր ոչ միայն լեզվի ուսումնասիրությունը, այլև Իտալիայի և Ֆրանսիայի պատմությունն ու գրականությունը, արվեստի պատմությունն ու երաժշտությունը։ Դպրոցն իր գործունեությունն ավարտել է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, երբ Սթոուն քույրերը ստիպված էին վերադառնալ իրենց հայրենիք։ 1916-1923 թվականներին Իզաբել Սթուոնը գլխավորում էր Վիրջինիա նահանգի «Սվիթ-Բրայար» կանանց քոլեջի ֆիզիկայի բաժինը, ինչից հետո նորից միավորվել է քրոջ հետ և կրկին բացել աղջիկների համար դպրոց, սակայն այս անգամ՝ Վաշինգտոնում։ Այնուամենայնիվ, 1929 թվականին տեղի ունեցած Մեծ ճգնաժամը ստիպեց նրանց կրկին փակել դպրոցը։ Մի քանի տարի շարունակ նա և քույրը մասնավոր դասեր էին տալիս Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաքում։

Իզաբել Սթոունը կյանքից հեռացել է Հյուսիսային Մայամիում 1966 թվականին[2]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոունը երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stone I. On the Electrical Resistance of Thin Films: Ph.D. Thesis. — University of Chicago, 1897.
  • Stone I. On the Electrical Resistance of Thin Films // Physical Review. — 1898. — Vol. 6. — P. 1—16. — doi:10.1103/PhysRevSeriesI.6.1
  • Stone I. Color in Platinum Films // Physical Review. — 1905. — Vol. 21. — P. 27—40. — doi:10.1103/PhysRevSeriesI.21.27

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Stone, Isabelle». Contributions of 20th Century Women to Physics. UCLA. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.