Ժամանակակից արվեստի թանգարան (Պերմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊերմ
ՎայրՊերմ
ՀասցեПермь, улица Крисанова, 4
Հիմնադրվել էմայիսի 18, 2009
ՀիմնադիրՄարատ Գելման
Կայքpermm.ru
Քարտեզ
Քարտեզ

Ժամանակակից արվեստի թանգարան (Պերմ), պետական[1] թանգարան, հիմնադրվել է 2009 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերմի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է որպես սենատոր Սերգեյ Գորդեևի, Պերմի շրջանի տեղական ղեկավարության և մոսկվացի հայտնի գալերեիստ Մարատ Գելմանի կողմից իրականացված «Ռուսսկոյե բեդնոյե» ցուցահանդեսի շարունակություն ու զարգացում։ 2009 թվականի մայիսից մինչև 2014 թվականի հունիս թանգարանը տեղակայված էր նախկին շրջանային ավտոկայանի շենքում (ճարտարապետ Ալեքսանդր Գրինբերգ, 1940)[2]։ Ավտոկայանների շինությունները թանգարանային նպատակներով օգտագործելը լայն տարածված է աշխարհի շատ երկրներում։ Նախկինում ավտոկայարաններ եղած առավել հայտնի թանգարաններն են դ՛Օրսէ թանգարանը Փարիզում և «Համբուրգեր Բանհոֆ»-ը Բեռլինում։

2009 թվականի մարտին Մ. Գելմանն ընդունեց Պերմի թանգարանի տնօրենի պաշտոնում աշխատելու առաջարկությունը[3]։ 2013 թվականի հունիսին «Սպիտակ գիշերներ Պերմում» փառատոնի շրջանակներում մի շարք ցուցադրությունների փակվելուց հետո Մարատ Գելմանն ազատվեց թանգարանի տնօրենի պաշտոնից[4][5][6]։ Տնօրենի պաշտոնակատարի պաշտոնն ստանձնեց Ելենա Օլեյնիկովան, ով մինչև այդ Պերմի արթ-ռեզիդենցիայի գեղարվեստական տնօրենն էր։ Սակայն մեկ ամիս անց Օլեյնիկովան ազատվեց թանգարանի ղեկավարի պաշտոնակատարի աշխատանքից, որից հետո այդ պարտավորություններն անցան Ելենա Պետրովային (նախկինում՝ թանգարանի գործադիր տնօրեն)։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ելենա Պետրովան դարձավ թանգարանի տնօրեն։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական ռազմավարությունն է ձևավորել թանգարանային ամբողջական ֆոնդ, որը կմիավորի «ռուսական աղքատ արվեստի» ֆենոմենը կրող արվեստի գործերը։ Այս տերմինի տակ նկատի են առնվում այն ստեղծագործությունները, որոնք նկարվել են ոչ նկարչական, ոչ ավանդական մեթոդներով աշխատող նկարիչների կողմից։ Այդ «աղքատ» նյութերը կարող են լինել չմշակված կավը, ավազը, սովորական սկոտչը, կարտոնը և այլն։ «Ռուսական աղքատ մշակույթն» արտահայտում է հզոր միջազգային միտում, որն արդեն դարձել է ռուսական ու համաշխարհային մշակույթի պատմության մաս։ Թանգարանն իր ֆոնդերում պահում է «Մոսկովյան նոր արվեստի արխիվ» յուրահատուկ հավաքածուն, որը թանգարանին է փոխանցվել սենատոր Սերգեյ Գորդեևի կողմից։ Դա տեքստերի, արթ-օբյեկտների, լուսանկարների ու փաստաթղթերի կոմպլեքս է, որը ներկայացնում է մոսկովյան կոնցեպտուալիզմի վաղ, մինչկոմերցիոն փուլը։ Թանգարանի ֆոնդերում ներկայացված են Ալեքսանդր Բրոդսկու, Վիտալի Կոմարի և Ալեքսանդր Մելամիդի, Պյոտր Բելիի, Լեոնիդ Սոկովի, Անատոլի Օսմոլովսկու, Օլգա և Ալեքսանդր Ֆլորենսկու, Վալերի Շեխովցովի, Վլադիմիր Կոզինի, RECYCLE, «Օճառ» արթ-խմբերի, պերմյան հեղինակներ Միխայիլ Պավլյուկևիչի և Օլգա Սուբբոտինայի, Սերգեյ Թեթերինայի և այլ նկարիչների աշխատանքներ, ովքեր ներկայացնում են ժամանակակից ռուսական արվեստի մի քանի սերունդներ։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ստեղծումն ու զարգացումը «Պերմյան մշակութային նախագծի» մի մասն էր։ Այս ծրագիրը փորձում էր լուծել նկարիչների ապակենտրոնացման խնդիրը` մշակույթը դարձնելով շրջանի զարգացման ռեսուրս, տարածքի նոր բրենդ։ Ըստ փաստաթղթերի, թանգարանի առաքելության մեջ մտնում են հետևյալ կետերը.

  • Քաղաքացիների կյանքի որակի բարելավում
  • Ստեղծագործական միջավայրի ձևավորում
  • Քաղաքային միջավայրի զարգացում
  • Քաղաքի իմիջի ձևավորում
  • Միջազգային մշակութային ինտեգրացիա
  • Շրջանի տնտեսական զարգացում

Պերմի ժամանակակից արվեստի թանգարանը ոչ միայն թանգարան է, այլև ժանակակակից սոցիալական կողմնորոշման թանգարան բնակչության բոլոր դասակարգերի համար, նկարիչների ու հանդիսատեսի, փորձագետների, երեխաների ու մեծահասակների շփման հարթակ։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերմի ժամանակակից արվեստի թանգարանում իրականացվել է ավելի քան 80 ցուցադրություն, որոնցից մի մասը ձևավորվել է Պերմից դուրս` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Սամարայում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում, Կրասնոյարսկում։ Թանգարանը հանրայնացնում է ժամանակակից արվեստը Պերմի երկրամասի գյուղական ու քաղաքային համայնքներում` իր ցուցադրությունները ներկայացնելով Չայկովսկի, Բերյոզնիկա, Չերնուշկա, Օրդե համայնքներում։ Թանգարանն ակտիվորեն զբաղվում է պերմացի նկարիչների առաջխաղացմամբ։

Միջազգային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերմի ժամակակակից արվեստի թանգարանն ակտիվորեն համագործակցում է ոչ միայն ռուսական, այլև` արտասահմանյան մշակութային հաստատությունների, կուրատորների և նկարիչների հետ։ Այդ համագործակցության արդյունքն են մի շարք ծրագրեր, որ թանգարանն իրականացրել է Ռուսաստանի սահմաններից դուրս։ Դրանցից առավել հայտնիներն են.

  • "Materia Prima. Russkoe bednoe. «L’Arte povera» in Russia". Միլան (Իտալիա), 2011 թվական
  • «Պերմի վեկտոր», 4-րդ միջազգային ARTBAT FEST (Ղազախստան) ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում, 2013 թվական

Թանգարանի հավաքածուների աշխատանքները ներկայացվել են արտասահմանյան ցուցահանդեսների։ Այսպես, 2013 թվականին Անատոլի Օսմոլովսկու աշխատանքները թանգարանի հավաքածուից մասնակցել են Վենետիկի ժամանակակից արվեստի 55-րդ բիեննալեի շրջանակներում կազմակերպած «Պավել Ալտմախեր և Անատոլի Օսմոլովսկի. զուգահեռ փոխհարաբերություններ» ցուցահանդեսին։ 2014 թվականին Ալեքսանդր Բրոդսկու «Պոմպեի նախավերջին օրը» օբյեկտը մասնակցել է «Պալլադոն Ռուսաստանում։ Բարոկկոյից մինև մոդեռնիզմ» ցուցահանդեսին Վենետիկում։

Թանգարանի յուրահատուկ և ակտիվ գործունեությունը ճանաչելության գրավական են դարձել ամբողջ աշխարհում, և առաջին հերթին` եվրոպական և ամերիկյան մամուլի հրապարակումների շնորհիվ։

Շենքի վերակառուցում և թանգարանի ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնադրման օրվանից պերմյան տեղական ղեկավարությունը մի քանի անգամ հայտարարել է շինության վերակառուցման անհրաժեշտության մասին։ 2009 թվականի սեպտեմբերին հայտարարվեց ավտոկայանի վերակառուցման ճարտարապետական մրցույթի հաղթողը։ Այն ռուսական «Պրոյեկտ-Մեգանոմ» ճարտարապետական բյուրոն էր։ Մրցույթի ժյուրիի կազմի մեջ էին Պերմի նահանգապետ Օլեգ Չիկունովը, Դաշնային Խորհրդի անդամ Սերգեյ Գորդեևը, ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մարատ Գելմանը, Պերմի օպերայի և բալետի թատրոնի ղեկավար Գեորգի Իսահակյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Աբաշևը և КСАР ընկերության տնօրեն Կեյս Քրիստիանսը։ Այս նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Այսօր ավտոկայանի շենքը հիմնանորոգման է, որը ծրագրվում է ավարտել 2017 թվականի դեկտեմբերին։ Իսկ թանգարանը 2014 թվականի ամառվանից գտնվում է Գագարին 24 հասցեում, վարձակալության հիմունքներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուսական մշակույթի առաջատար հաստատություններ
  2. Семёнова Е. Русское бедное — русскому вечному! // Независимая газета. — 2008. — 3 окт.
  3. Մարկինա Տ. Ժամանակակից արվեստը զոհեր է պահանջում: Կոմմերսանտ, 2009, մարտի 19
  4. Պերմի մշակույթի նախաարարությունն ազատում է Գելմանին
  5. Սեմեդյաևա Մ. Աստախով Դ. Մարատ Գելմանին հեռացնում են Պերմի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնից
  6. «Մարատ Գելման. Ինձ հեռացրին գրաքննության պատճառով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Պերմ)» հոդվածին։