Ժամանակակից արվեստի թանգարան (Կլագենֆուրտ)
Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարանի շենք |
Երկիր | Ավստրիա[1] |
Տեղագրություն | Կլագենֆուրտ[1] |
Հիմնադրվել է | 1965 |
Կայք | mmkk.at(գերմ.)(անգլ.) |
Կարինթիայի ժամանակակից արվեստի թանգարան[2] (գերմ.՝ Museum Moderner Kunst Kärnten, MMKK), պատկերասրահ Կլագենֆուրտ-ամ-Վյորտերզեի կենտրոնում (Կարինթիա)։ Բացվել է 1965 թվականին՝ տեղական պալատի շինություններում (Klagenfurter Burg«ամրոց»)։ 2003 թվականին դարձել է ինքնուրույն կազմակերպություն։ Թանգարանն ունի մոտ 1000 մ² ցուցադրական տարածք, որն օգտագործում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավստրիական, ինչպես նաև միջազգային ժամանակակից նկարիչների ժամանակավոր՝ անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ անցկացնելու համար։ Նախկին մատուռը, որը զարդարված է բարոկկո ոճի ֆրեսկոներով, հասանելի է նաև նկարիչներին որպես ինստալյացիաների տարածք։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինթիայի Ժամանակակից արվեստի թանգարանը գտնվում է պատմական շենքում՝ Կլագենֆուրտ-ամ-Վյորտերզեի կենտրոնում, այսպես կոչվող «Ամրոցում» (Burg): Շենքը կառուցվել է 1586 թվականին, որպես տեղի բողոքական ազնվականության երեխաների համար նախատեսված դպրոց՝ «Իմաստության և բարեպաշտության ուսումնարան» (Collegium sapientiae et pietatis): Դպրոցի փակումից հետո, որը տեղի է ունեցել տարածաշրջանում հակառեֆորմացիայի ժամանակ, շենքը սկսել է օգտագործվել որպես վարչական շենք. 1601 թվականից այն եղել է տեղի բուրգգրաֆի նստավայրը։ 1636 և 1723 թվականների հրդեհներից հետո «Ամրոցը» երկու անգամ վերակառուցվել է, իսկ 1733-1734 թվականներին դրան ավելացվել է հյուսիսային ճակտոնն ու մատուռը։
1747 թվականին կայսրուհի Մարիա Թերեզան որոշել է շենքում տեղակայել նոր նահանգային կառավարությունը՝ «Repräsentation und Kammer», որը 1763 թվականին դարձել է գավառական կառավարություն (Landeshauptmannschaft): 1773 թվականին շենքին ավելացվել է ևս մեկ հարկ, իսկ ճակատը վերակառուցվել է։ 1791-1918 թվականներին շենքը ծառայել է որպես նահանգապետի նստավայր, Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թվականից, «ամրոցը» սկզբում ծառայել է որպես Հարավսլավիայի ռազմական հրամանատարության նստավայր, իսկ մեկ տարի անց դարձել է միացյալ ընտրական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակ։ Այդ ժամանակվանից այն օգտագործվել է որպես վարչական շենք, իսկ հետո՝ մինչև 1928 թվականը, որպես դպրոցի շենք։
1933 թվականին «Kärntner Landesgalerie» պատկերասրահի բացումից հետո «ամրոցում» տեղակայվել է արվեստի հավաքածու՝ երկու սրահներում սկսել են ցուցադրվել 33 նկարներ և քանդակներ։ 1934-1937 թվականներին պատկերասրահի տարածքն ընդլայնվել է և այնտեղ ներկայացվել են 98 արվեստի գործեր։ 1938 թվականին Անշլյուսից հետո այստեղ է տեղակայվել Գեստապոյի գրասենյակը։ 1942 թվականին հավաքածուն կառավարող «Kärntner Landesgalerie» արվեստի ասոցիացիան լուծարվել է, և նրա հավաքածուն ներառվել է Կարինթիայի թանգարանի հավաքածուում։ 1943 թվականին ամբողջ հավաքածուն տարհանվել է։
1965 թվականին Կարինթիայի պատկերասրահը վերաբացվեց նոր վերանորոգված սրահներում։ 2001-2003 թվականներին ճարտարապետներ Հելմուտ Դոմինիկուսի և Ռալֆ Միկուլի ղեկավարությամբ իրականացված լայնածավալ վերանորոգումից հետո Կարինթիայի ժամանակակից արվեստի թանգարանը (MMKK) բացվեց «բուրգում»։ 2003 թվականի գարնանը տեղի ունեցավ մոտ 1000 մ² ցուցահանդեսային տարածքով անկախ պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Մոտ 650 մ² մակերեսով թանգարանի բակը (բացօթյա) նույնպես ստեղծագործությունների ցուցադրության վայր էր։ Նախկին բարոկկո մատուռը, որը զարդարված էր կարինսկցի նկարիչ Իոզեֆ Ֆերդինանդ Ֆրոմիլլերի (1693–1760) որմնանկարներով, այժմ հասանելի է նկարիչներին որպես գեղարվեստական միջոցառումների և ինստալյացիաների տարածք՝ առանձին սրահ, որը կոչվում է «Kunstraum Burgkapelle»: 2010 թվականից Քրիստինա Վետցլինգեր-Գրունդնիգը ղեկավարում է MMKK-ն։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլագենֆուրտի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուն կենտրոնացած է 20-րդ և 21-րդ դարերի հայտնի նկարիչների գործերի վրա, անհատական և թեմատիկ ցուցահանդեսների շրջանակներում MMKK-ն ներկայացնում է տարածաշրջանային, ազգային (ավստրիացի) և միջազգային հեղինակների ստեղծագործություններ։ Մշտական հավաքածուն ներառում է այնպիսի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, ինչպիսիք են Հանս Բիշոֆսհաուզենը, Կիկի Կոգելնիկը, Մարիա Լասնիգը, Հերման Նիչը, Առնուլֆ Ռայները և Հանս Շտաուդախերը, ինչպես նաև Հեյմո Ցոբերնիգը և Հանս Շաբուսը։ Լրացուցիչ ծրագիրը դասական էքսկուրսիաներից բացի ներառում է «ստեղծագործական և ինտերակտիվ» առաջարկներ, բացի այդ, թանգարանում տեղի են ունենում միջոցառումներ գրականության, երաժշտության, բեմական արվեստի և արվեստագիտության ոլորտներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Музей современного искусства Каринтии». austria.info (ռուսերեն). Österreich Werbung. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ansichtssachen : Menschenbilder / herausgegeben von Christine Wetzlinger-Grundnig ; Texte, Magdalena Felice, Katharina Herzmansky, Nora Leitgeb, Christine Wetzlinger-Grundnig ; Übersetzung: Fiona Claire Schamberger. — Klagenfurt: Museum Moderner Kunst Kärnten, 2011. — 71 с. — ISBN 9783950295030
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Museum Moderner Kunst Kärnten (MMKK): Public Institution». artfacts.net (անգլերեն). Berlin: ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Կլագենֆուրտ)» հոդվածին։ |
|