Թեզիում սեղմված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեզիում սեղմված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Սանտալածաղկավորներ (Santalales)
Ընտանիք Սանտալազգիներ (Santalaceae)
Ցեղ Թեզիում (Thesium)
Տեսակ Թեզիում սեղմված (T. compressum)
Միջազգային անվանում
Thesium compressum

Թեզիում սեղմված (լատին․՝ Thesium compressum), սանտալազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15–40 սմ բարձրությամբ ուղիղ արմատով, ճիպոտանման անկյունավոր սեղմված ճյուղերով միամյա խոտաբույս է։ 1,5-6 սմ երկարությամբ, գծային, սրացած տերևները թեթևակի մսալի են։ Ծաղկաբույլը հասկանման է, երկար, բարակ, փուխր։ Ծաղիկները շատ մանր են, սպիտակավուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատ բանավանի շրջակայքում։ Հանդիպում է նաև Կենտրոնական Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, աղակալված ճահիճներում։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում` հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կապված ինտենսիվ տնտեսական գործունեության հետ` տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2008 թ. Արարատի ճահճուտները առանձնացվել են որպես պահպանվող տարածք՝ «Աղակալած ճահճուտ» բնության հուշարձան։ Սակայն պահպանության համար գործողություններ դեռ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.