Թավրիզի գորգ
Թավրիզի գորգ (պարս.՝ فرش تبريز), տերմին, որով անվանվում են Իրանի Ատրպատական նահանգում գործված գորգերը։
Թավրիզի գորգերի արտադրության աշխարհագրությունն ընդգրկում է Իրանի Թավրիզ, Արդեբիլ, Մարաղա, Մարանդ, Մակու, Խոյ, Ուրմիա, Զանջան, Քարաջ, Հերիզ, Սարաբ, Ահմեդաբադ, Միրիշ, Ահար, Սալմաստ, Սեննա, և այլ քաղաքները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը և հատկապես Թավրիզ քաղաքը հնուց ի վեր հայտնի են եղել որպես գորգագործության կենտրոն։ Հատկապես հայտնի էին մետաքսից գորգերը, խավով և անխավ գորգերը, որոնք զարդարվում էին թանկարժեք քարերով ու որոնցում օգտագործվել են ոսկե ու արծաթյա թելեր։ Դեռևս V—VI դարերում այստեղ գործվում էին հիանալի գորգեր։ Շրջանն անվանում էին "գորգագործության կենտրոն", ինչի մասին վկայում են ճանապարհորդների հիշողությունները։ Գորգագործությունն Իրանում ծաղկում ապրեց Սասանյանների ժամանակաշրջանում, սակայն VII-րդ դարում, արաբական տիրապետության ժամանակ, փոքր-ինչ անկում ապրեց։ IX դարում այն նորից սկսեց զարգանալ, ընդ որում արաբական տիրապետությունն իր ազդեցությունը թողեց գորգերում օգտագործվող նախշերի վրա։ Այդ ժամանակ գորգերի վրա սկսեցին պատկերել բուսական ու կենդանական պատկերներով նախշեր։
Հետագայում այս շրջանի գորգագործության վրա մեծ ազդեցություն թողեց թուրքական տիրապետությոնը։ XI և XII դարերն ընդունված է համարել Թավրիզի գորգագործության դպրոցի վերածննդի ժամանակաշրջանը։ Իրանական Ադրբեջանի Մեծ Աթաբեկների ժամանակաշրջանում, երբ Թավրիզը հռչակվեց մայրաքաղաք, երկրում բուռն զարգացում ապրեց արհեստագործությունը և հատկապես գորգագործությունը։ XIII դարում, մոնղոլ-թաթարների արշավանքի ժամանակ, գորգագործությոնը որոշակի անկում ապրեց։ Սակայն երբ մոնղոլ-թաթարները տեղափոխվեցին Իրան ու արհեստագործության կարիք զգացվեց, գորգագործությունը նույնպես սկսեց զարգանալ։ Այդ ժամանակ զարգացավ արտաքին առևտուրը։ Գենուացի ու վենետիկցի վաճառականները սկսեցին մեծ քանակությամբ գորգ գնել Իրանից։ Եվ հենց այս ժամանակաշրջանից սկսվեց Թավրիզի գորգի մուտքը եվրոպական շուկա։ Այդ ժամանակաշրջանում այս շրջանի արվեստ են մուտք գործում որոշ դեկորատիվ էլէմենտներ, որոնք հատուկ էին չինական-ույգուրական գեղանկարչությանը։ XIV -XV դարերում դեպի իրանական Ադրբեջան թուրք բնակչության միգրացիայի նոր ալիքին զուգահեռ, մասնավորապես Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ, Կարա-Կոյունլուների և Ակ-կոյունլուների պետությունների ձևավորման ընթացքում, տեղական գորգագործների թիվը մեծ հավելում է կրում, քանի որ նորեկ թրքալեզու բնակչության մեջ կային մեծ թվով գորգագործներ։
Թավրիզի գորգագործությունն իր զարգացման գագաթնակետին է հասնում XVI -XVII դարերում, Սեֆյանների ժամանակաշրջանում, երբ քաղաքը դառնում է մայրաքաղաք, իսկ քաղաքում գործված գորգերն անվանվում են "պալատական": Այս ժամանակաշրջանում իրանական գորգագործության ավանդույթների զարգացման մեջ իրենց մասնակցությունն ունեին նաև XIV դարերի իրանական մանրանկաչության դպրոցի ներկայացուցիչները։
Արդեն XVII դարի վերջին, Թավրիզի գորգերն[1] արտադրվում էին հիմնականում արտահանման նպատակով։ Տեղական ձեռնարկատերերը բացում էին մեծ թվով արտադրամասեր` նման գորգեր գործելու համար։ XIX դարարվերջին Թավրիզի գորգագործական արտադրամասերի մեծ մասը գտնվում էին անգլո-շվեյցարական «Zigler» և գերմանական «PETAG» («Persiche Teppiche AG») ընկերությունների վերահսկողութան տակ, որոնք մոնոպոլիզացրել էին Թավրիզի գորգերի իրացման շուկան։ Գորգագործության անգլո-շվեյցարական ավանդույթները Թավրիզում զարգանում են նաև մեր օրերում։ Քաղաքում ու դրա մերձակայքում այսօր էլ գործում են մեծ թվով գորգագործական արտադրամասեր, որտեղ գործող արհեստավորները կարող են գործել ցանկացած բարդության` սովորական բրդյա գորգերից մինչև բարդ նախշերով մետաքսե գորգեր։ Թավրիզի գորգերի պատկերագրությունը հիմնված է ծաղկային մոտիվների վրա, որն ավելի արտահայտված է Սեֆյանների ժամանակաշրջանի գորգերում, շնորհիվ այնպիսի հայտնի վարպետների, ինչպես` հաջի Ջալալին, ով դրեց Հաջի Ջալալի գորգագործական դինաստիայի հիմքը, Դելի Ղուրբանը, Շեյխ Սեֆին, Ջավանը ու Մաշայեքին։ Ավելի ուշ, Թավրիզի գորգերի զարդանախշերում հաճախակի հանդիպում է կենտրոնական մեդալյոնային դեկորը, անկյունային մեդալյոնային կոմպոզիացիաները, ինչպես նաև ծաղկամանով կոմպոզիացիաները, ծառերի ու այգիների մոզաիկ պատկերները և որսորդական մոտիվները։ Թավրիզի գորգերում պարզ նկատվում է անցում իսլամական դեկորատիվ-աբստրակտ պատկերագրության ավանդույթներից դեպի ռեալիստական սյուժետային հիմք։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրակրկիտ ու կոկիկ գործելու ընթացքն իրականացվում է ինչպես սիմետրիկ, այնպես էլ ասիմետրիկ հանգույցով։ Հիմքը` բարձրորակ, բաց գույնի բրդյա, բամբակե կամ մետաքսե թելն է։ Թելերը պինդ են, որպես հանգույցի չափման միավոր օգտագործվում է ռաջը (7 սմ).: Գորգերի որակը բարձր է, մեկ ռաջին բաժին է ընկնում 60 հանգույց, իսկ շատ թանկարժեք գորգերի դեպքում` 90։ Որոշ արհեստանոցներում օգտագործում են կոպիտ բրդյա թել և հյուսելու ջոֆթի տեխնիկան, որն ավելի արագ է, սակայն պակաս դիմացկուն։
Գունային գամման
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնորոշ են ավելի զուսպ գույները, ներկելու համար օգտագործվում են բնական ներկեր, բացառությամբ`կապույտ սինթետիկ Բայեր ներկանյութի։ Ժամանակակից գորգերի գունազարդումը տարբերվում է ավելի լայն ու բալանսավորված գունային գամմայով։
«Օվչուլուգ» գորգ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օվչուլուգ» կամ «Որսորդական» գորգը վերաբերում է Թավրիզի գորգագործության դպրոցի ծաղկման ժամանակաշրջանին։ Ներկայումս այն պահվում է Պոլդի-Պեցոլլի թանգարանում։ Գորգը կոչվում է որսորդական, դրա վրա արված պատկերների պատճառով։ Գորգի վրա պատկերված են ձիավարող որսորդներ, որոնք իրենց նետերով որսում են եղնիկների և պայքարում վայրի կենդանիների հետ։ Նախշի խիստ սիմետրիան, կոմպոզիցիոն հարմոնիան և դեկորատիվ հավասարակշռվածությունը չի խախտվում շարժվող դետալների պատճառով։ Խոշոր կարմիր մեդալյոնի վրա արված է մակագրություն, որտեղ նշված են գորգի պատրատսման ժամանակը` (1542/43 թթ.) և վարպետի անունը`Հայաս ադ-Դինա Ջամի։
Քարաջա գորգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գորգերը Եվրոպայոմ անվանում են նաև «Ղարադաղի» և սա այն գորգերի ընդհանուր անվանումն է, որոնք գործվում են Թավրիզից դեպի հյուսիս-արևելք գտնվող Ղարադաղ գյուղում։ Թավրիզի գորգագործության այս դպրոցի գորգերն առանձնանում են նախշերի նրբությամբ, սահուն գծերով։
Արդեբիլի գորգեր[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեբիլի գորգերի խմբին են պատկանում այն գորգերը, որոնք գործվել են Իրանի Արդեբիլ նահանգի տարածքում։ Այս խմբի ամենահայտնի գորգերից են Արդեբիլ, Շեյխ Սաֆի, Շահ Աբաս, Սարաբի, Զանջան, Միր, Աչմա-յումա գորգային կոմպոզիացիաները։ Հայտնի են նաև դասական գորգեր, ինչպես` Բաղե բեհեշթ, Բաղե մեշե, Բութա, Դերվիշ, Գորդեսթ, Լեյլի և Մաջնուն և այլն։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում են ինչպես սիմետրիկ, այնպես էլ ասիմետրիկ հանգույց, մեկ թելով մաքոք, որոշ նմուշներում գործվածքը շատ բարակ է, սակայն հիմնականում` կոշտ, գորգերը լինում են ուղիղ կամ կլորացված եզրերով։ Այս շրջանի գորգերն աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ։ Հին նմուշների համեմատությամբ, ժամանակակից գորգերի որակը շատ բարձր չէ, ինչի հետևանքով կտորը փխրուն է և գորգն ավելի շուտ է մաշվում։ Որպես հիմք օգտագործվում է բամբակ և բուրդ։ Միայն շատ հազվագյուտ գորգերը, որոնք գործված են մետաքսից, ու նախատեսված արտահանման համար, ունեն շատ բարձր որակ։
Գունային գամման
Թավրիզին մոտ լինելու հետևանքով, Արդեբիլի գորգերում առկա է քրոմատիկ գունային շատ լայն գամմա. կարմիրի, կանաչի, նարնջագույնի, վարդագույնի, սպիտակի ու բեժի բազմաթիվ երանգներ։ Գորգերն աչքի են ընկնում շատ վառ գույներով, հատկապես այն դեպքերում, երբ ֆոնը ագրեսիվ կարմիր է, իսկ եզրերի զարդանկարներն ունեն ավելի հարուստ գույներ ու նախշեր։
«Շեյխ Սեֆի» գորգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գորգը համարվում է Թավրիզի գորգերից մեզ հասած ամենահայտնի ու ամենահին գորգերից մեկը։ Գորգը պահպանվում է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում։ Գորգը գործվել է շահ Թահմասպի պատվերով, Արդեբիլի մզկիթի համար։ Այն գործել է Մախսուդ Քաշանին` 1539 թ., Թարվիզի գորգագործական արհեստանոցներից մեկում։ Գորգն ունի տվյալ ժամանակաշրջանի համար անսովոր չափսեր`(5,34 մ X 10,51 մ)։ Այն աչքի է ընկնում նախշի շատ գեղեցիկ ընդհանուր կոմպոզիցիայով ու գույների հարուստ գամմայով։ Շրջանակված է 16 կարմիր, դեղին ու կանաչ օրնամենտալ շրջանակներով։ Գորգի կենտրոնում, կապույտ ֆոնի վրա, գործված է նուրբ ծաղկային զարդանաշխ, որը բաղկացած է ծաղիկներից, տերևներից ու իրար միահյուսված ցողուններից։ Կենտրոնում խոշոր աստղանման ոսկեգույն մեդալյոն է։ Գորգի եզրերին երկարությամբ պատկերված են երկու մեծ ջահեր, որոնք կարծես կախված լինեն մեդալյոնի վրա։ Այս գորգի նախշերը կրկնվում են Արդեբիլի մզկիթի մայորիկաներում։ Այն մասին, որ գորգը նախատեսված է եղել մզկիթի համար, վկայում են շղթաների վրա կախված ջահերը, որոնցով առանձնացված է գորգի առանցքը։ Գորգի վերևի մասում, "Քեթեբե" փոքրիկ մեդալյոնում գրված են Հաֆեզի քառյակներից մեկը, ինպես նաև գորգագործի անունն ու գործելու տարեթիվը։
«Հերիզի գորգեր»[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսպես անվանում են գորգերը, որոնք գործվել են Հերիզ քաղաքում, որը գտնվում է Թավրիզից 100 կմ դեպի հյուսիս-արևելք, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում։ Երկար ժամանակ, ընդհուպ մինչև XİX դարը, Հերիզի գորգերը չէին առանձնացվում Թավրիզի գորգերի դասակարգոմից։ Այս գորգերի գլխավոր առանձնահատկությունը 16 թևանի աստղն է։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործվածքը շատ բարակ է, հիմնականում օգտագործվում է բրդյա թել։ Ժամանակակից գորգերում օգտագործվում է բամբակյա թել և մետաքս, հանգույցը սիմետրիկ է, մաքոքը` կրկնակի թելով և հիմնված լուլբաֆ տեխնիկայի վրա, եզրերը կլորացված են, որպես կանոն ունեն մեծ կամ միջին ֆորմատ, շատ հաճախ` քառակուսի։
Գունային գամման
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Հերիզի գորգերում օգտագործվում է որակյալ բուրդ, սակայն ներկելիս կիրառվում են արհեստական գունաներկեր, որն ապահովում է արտադրության արագություն և ցածր ինքնարժեք։ Հին գորգերում առկա պղնձագույնի երանգով կարմիրն այսօր փոխարինվում է վառ կարմիրով։ Մյուս դպրոցներից տարբերվում է լայն քրոմատիկ գամմայով, որն արտահայտված է ֆոնի երանգների գունային նուրբ բաժանմամբ, որտեղ օգտագործված են ալ կարմիրը, կապույտը, մուգ լազուրագույնը և վարդագույն գույները։ Բախշեխ քաղաքավանում գործված գորգերում օգտագործվում են բաց երանգներ ու բեժ ֆոն։
Թավրիզի գորգերի էքսպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր շրջանում արտադրված մեծ թվով Թավրիզի գորգեր ներկայացված են համաշխարհային թանգարանային հավաքածուներում։ Բուդապեշտի մասնավոր հավաքածուներից մեկում պահվում է յուրահատուկ Թավրիզի խալու մի կտոր։ Կենտրոնական խոշոր մեդալյոնի վրա պատկերված է տեսարան արքունիքից, որտեղ մի խումբ մարդիկ նստած են այգու տաղավարում։ Նրանց հետևում երևում են ծառերի ճյուղեր, որոնց վրա նստած են թռչուններ։ Մարդկային ֆիգուրները շատ նման են Սուլթան Մուհամմեդի մանրանկարներին, ինչը թույլ է տալիս մտածել, որ գորգը գործվել է XVI դարի առաջին կեսին, և ենթադրել, որ գորգի նկարը արել է եթե ոչ անձամբ սուլթան Մուհամմեդը, ապա նրա գեղարվեստական արհեստանոցից որևէ մեկը։ Գորգի մնացած դաշտը արված է բաց ֆոնի վրա, որտեղ պատկերված են ծառեր, թռչուններ, եղնիկներ, վագր, և այլն։ Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում ներկայացված են «Շեյխ Սեֆի» և «Լաչակ թուրինջ» գորգերը։ Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում պահվում է Թավրիզի գորգ, որի վրա պատկերված է գեղեցիկ լանդշաֆտային տեսարան` բարձրահաակ նոճիներով, գարնանային ծաղկած ծառերով ու դրանց միջև երևացող թռչուններով ու կենդանիներով։ Գորգի նախշերում օգտագործվել են օխրա, կարմիր և շագանակագույն երանգներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
- ↑ https://www.britannica.com/topic/Ardabil-Carpet
- ↑ https://www.britannica.com/topic/Heriz-carpet#ref196627
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.iran-carpet.com/
- https://www.britannica.com/topic/Tabriz-carpet
- https://www.claremontrug.com/antique-rugs-information/antique-persian-rug-guide/tabriz-rugs/
- http://www.beytoote.com/art/farsh/art3-carpet-tabriz.html
- https://web.archive.org/web/20100215184230/http://www.elibrary.az/docs/artofazerb.pdf