Էսթեր Խեմչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսթեր Հայկի Խեմչյան
EsterKhemchyan.jpg
Ծնվել է1947, սեպտեմբերի 10
Ծննդավայրգ. Դիտավան, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Երկեր«Տավուշ» (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 21, 2000)[1], «Իջևան (Ձորոփոր)» (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 25, 2008)[2], «Ղարադաղի հայեր», Բանահյուսություն, հ. II (2009), «Կարս. հայոց բանահյուսական մշակույթը» (2013), «Մոկս. հայոց բանահյուսական մշակույթը (2015)
Մասնագիտությունբանագետ

Էսթեր Հայկի Խեմչյան (սեպտեմբերի 10, 1947, գյուղ Դիտավան, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ բանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Հայկի Խեմչյանը ծնվել է ՀԽՍՀ Իջևանի շրջանի Դիտավան գյուղում։ Սովորել է նախ գյուղի ութամյա, ապա՝ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 1967 թ. ընդունվել և 1972 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնում որպես ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու է (թեկնածուական թեզը՝ «Տավուշի բանահյուսական ժառանգությունը»)։ Զբաղվում է բանահյուսական նյութերի գրառման, հրատարակման և ուսումնասիրման գործով։

1970-ական թվականներից մինչ օրս բանահյուսական նյութեր է գրառում Իջևանի տարածաշրջանի գյուղերում։ 1977-1985 թթ զբաղվել է անուշադրության մատնված Շամշադինի շրջանի ժողովրդական բանահյուսության նյութերի գրառմամբ և շրջագայել է շրջանի բոլոր բնակավայրերում։ Հավաքչական աշխատանք է կատարել նաև Նոյեմբերյանի, Գուգարքի և Կամոյի (Գավառ) շրջաններում։ Երկարամյա հավաքչական աշխատանքների արդյունքում հրատարակվել են «Տավուշ» (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 21, 2000) և «Իջևան (Ձորոփոր)» (Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 25, 2008) մեծածավալ աշխատությունները, որոնցում առաջին անգամ հայ բանահյուսության պատմության մեջ ներկայացրել է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հարուստ և ինքնատիպ բանահյուսական ժառանգությունը։ 2009 թ. բան. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող Սվետլանա Վարդանյանի հեղինակակցությամբ կազմել և հրատարակել է բանահավաք Հ. Հովսեփյանի ղարադաղահայերից գրառած բանահյուսական նյութերը («Ղարադաղի հայեր, Բանահյուսություն, հ. II):
2011-2013 թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ աշխատել է կորուսյալ Կարսի նահանգի բանահյուսական ժառանգության արխիվային բնագրերի վրա, որն ամբողջացվել է «Կարս. հայոց բանահյուսական մշակույթը» (2013) մեծածավալ աշխատության մեջ (համահեղինակներ՝ Ս.Բ. Հարությունյան,, Ս. Ա. Վարդանյան, Լ.Խ. Ղռեջյան, Մ.Խեմչյան) Հայ իրականության մ եջ առաջին անգամ ներկայացվել է Կարսի տարածաշրջանի ժողովրդական բանահյուսությունը իր բոլոր դրսևորումներով, որը Է. Խեմչյանը հանգամանորեն վերլուծել է ընդարձակ առաջաբանում։ 2013-2015 թթ դարձյալ ՀՀ ԿԳՆ գիուտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ հետազոտական խմբի հետ (Ս.Բ. Հարությունյան, Մ.Հ. Խեմչյան, Ա.Կ. Պողոսյան) աշխատել է պատմական և կորուսյալ Մոկսի գավառի բանահյուսական ժառանգության ուսումնասիրման վրա։ Հետազոտական աշխատանքներն ամբողջացվել են «Մոկս». հայոց բանահյուսական մշակույթը (2015) ստվարածավալ աշխատության մեջ։ Հետազոտության արդյունքները Է. Խեմչյանը շարադրել է աշխատության առաջաբանում։

Է. Խեմչյանը հիմնականում զբաղվում է հեքիաթի ժանրով, մասնավորապես հեքիաթային բանաձևերով, որոնց ուսումնասիրությանն է նվիրված նրա «Կայուն բանաձևերը հայ ժողովրդական հեքիաթներում» մենագրությունը (անտիպ)։ Տարիներ շարունակ Է. Խեմչյանը ուսումնասիրել է արևելյան հանրահայտ պատմական դեմքերի (Ալեքսանդր Մակեդոնացի, Դանանդա Բահլուլ, Սողոմոն իմաստուն, Խիկար իմաստուն, Լենկ-Թեմուր, Հարուն ալ Ռաշիդ, Շահ Աբաս, Սուլթան Մուրադ և այլք) վիպական կերպավորումները և գիտական ամսագրերում ու ժողովածուներում տպագրել է բազմաթիվ հոդվածներ։ «Արևելքի պատմավիպական կերպարները հայ վիպական բանահյուսության մեջ» (դոկտորական ատենախոսություն) գիտական ուսումնասիրությունը շուտով կհասնի իր լրմանը։

Է. Խեմչյանը միաժամանակ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվի գլխավոր ֆոնդապահն է և ինստիտուտի համար ձեռք բերվող բանահյուսական նյութերի գրախոսը։ 1980-ական թթ. նա ուշադրություն է դարձրել Քուռ գետի աջ ափին տեղակայված հայկական Կռզեն գյուղի պատմությանը և բարբառին, հավաքել է մեծաքանակ բանահյուսական և ժողովրդագրական նյութեր, որոնք հետագայում համալրել է բռնագաղթված և Մասիսի շրջանում ապաստանած կռզենցիներից գրառած նյութերով՝ նպատակ ունենալով ամբողջացնելուց հետո հրատարակել։ Վերջին տասնամյակում Է. Խեմչյանը Մարինե Խեմչյանի հետ Ադրբեջանից բռնագաղթված և Տավուշի մարզում հանգրվանած փախստական գարդմանահայերից գրառում է բանահյուսական և ժողովրդագրական նյութեր՝ ոչ միայն նյութերը կորստից պահպանելու, այլև հետագա ուսումնասիրության նյութ դարձնելու համար։

1992 թ. Է. Խեմչյանը վարել է «Մեր պատմական գավառները» խորագրով հոդվածաշարը «Առագաստ» թերթում։

1996-2000 թթ. Է. Խեմչյանը վարել է «Կանչ» մանկապատանեկան թերթի «Աշխարհի զվարճախոսներ» խորագիրը կրող շարքը, որտեղ հանգամանորեն ներկայացրել է աշխարհի 200 (Բիրբալ, Մոլլա Նասրեդին, Բալակիր և ուրիշներ) և հայազգի 200 (Պոլոզ Մուկուչ, Պըլը Պուղի, Ծակ Սահակ և ուրիշներ) զվարճախոսներին և նրանց մասին պատմվող զվարճախոսությունները։

1997 թ. վարել «Հայոց ակունքներից» խորագիրը կրող հոդվածաշարը «Բումերանգ» թերթում։

1997-2004 թթ. (Մեծամորի համալսարանի բանասիրական ֆակուլտետ) և 2003-2004 թթ. (Մ. Խորենացու անվ. համալսարանի բանասիրական ֆակուլտետ) համատեղության կարգով աշխատել է որպես դասախոս (դասավանդել է բանահյուսություն, ազգագրություն, բարբառագիտություն, գրաբար, հայոց լեզվի պատմություն առարկաները)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]