Կանչ (թերթ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանչ
Տեսակթերթ

Կանչ (նախկին՝ «Պիոներ Կանչ»), եռօրյա թերթ նախկին Խորհրդային Հայաստանում։ Հանդիսացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Լենինի անվան պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգանը։ Լույս է տեսել 1925 թվականի հունիսի 4-ից (1941-1945 թվականներին ընդհատվել է), Երևանում։ Առաջին յոթ համարը տպագրվել է «Պիոներ ղեկ» անունով, ապա մինչև 1990 թվականը եղել է «Պիոներ կանչ», ապա՝ «Կանչ»։ Խմբագիրներ՝ Հ․ Միրզոյան, Վ․ Շահումյան, Մ․ Հարենց, Ս․ Սարգսյան, Գ․ Ալեքյան, Ա․ Թադևոսյան, Ս․ Մնացականյան, Ժ․ Մադոյան, Հ․ Խաչատրյան, Ռ․ Աբալյան, Ղ․ Հայրապետյան, Վ․ Պետրոսյան, Վ․ Քալանթարյան, Մ․ Զոհրաբյան (1981 թվականից)։

Առաջին տարիներին կարևոր դեր է կատարել խորհրդային գաղափարախոսության քարոզման, երեխաների կոմունիստական դաստիարակության, և այսպես կոչված՝ «անգրագիտության դեմ պայքարի» ասպարեզներում։ Լուսաբանել է հանրապետության պիոներական դրուժինաների գործունեությունը, աջակցել նրանց նախաձեռնություններին։ Թերթի կոչով կազմակերպվել են ծառատնկումներ, զոհված մարտիկների հիշատակին ստեղծվել զբոսայգիներ և պուրակներ։ Պատմել է աշխարհի մանուկների առօրյայի, կապիտալիստական երկրների «մատաղ սերնդի դժվարին մանկության» մասին։ Խմբագրությանը կից գործել է բնության պահպանության շտաբ։ Ունեցել է պատանի ստեղծագործողների ստուդիա, ուր գրական մկրտություն են ստացել Սիլվա Կապուտիկյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը և ուրիշներ։

Լուսաբանել է գիտության ու մշակույթի նորություններ, տպագրել մարզական լուրեր։ Թերթն ունի նաև հրատարակչություն, որը գրքեր է պատրաստում տպագրման։

Թերթի հիմն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին՝ թերթի 60-ամյակին, մանկական երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրվել է թերթի հիմնը՝ «Գարունների թմբկահարը»[1], խոսք՝ Նանսեն Միքայելյանի, կոմպոզիտոր՝ Նուբար Ասլանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png