Պատճառագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էթիոլոգիաից)

Պատճառագիտություն, էտիոլոգիա[1] (αἰτία — «պատճառ» + λόγος — «խոսք, ուսուցում»), ախտաբանության բաժին, ուսումնասիրում է հիվանդությունների առաջացման պատճառները։ Մի շարք հիվանդությունների (օրինակ՝ վարակիչ և մակաբուծական) համար հաստատվել են առանձնահատուկ պատճառագիտական գործոններ, հայտնի է, որ տուբերկուլոզի հարուցիչը միկոբակտերիան է, եռօրյա մալարիայինը՝ պլազմոդիումը, որոնք մարդու օրգանիզմում երբեք այլ հիվանդություն չեն առաջացնում։

Պատճառագիտական այլ բնույթի փոխհարաբերության օրինակ է սպիտակ ստաֆիլոկոկը, որն առաջացնում է ձգձգվող սեպտիկ ներսրտենաբորբ, ինչպես նաև այլ հիվանդություններ (օրինակ մկնոռ կամ թոքաբորբ)։ Ձգձգվող սեպտիկ ներսրտենաբորբը կարող է առաջանալ նաև տարբեր մանրէներով (օրինակ՝ կանաչ ստրեպտոկոկով)։ Պատճառագիտական այդպիսի փոխհարաբերությունն անվանվում է ոչ առանձնահատուկ։ Պատճառագիտական գործոնի մասնակցությունը սովորաբար անհրաժեշտ, սակայն անբավարար պայման է հիվանդության առաջացման համար։ Հիվանդությունը զարգանում է միայն օրգանիզմի որոշակի ընկալունակության առկայության պայմաններում։ Տուբերկուլոզային միկրոբակտերիաներն ընկնում են մարդկանց մեծամասնության օրգանիզմ, սակայն հիվանդանում են առանձին մարդիկ։ Տուբերկուլոզի առաջացումը, տեղադրությունը, հիվանդության ծանրության աստիճանը նշանակալից չափով որոշվում է տվյալ մարդու օրգանիզմի ռեակտիվությամբ։ Բժշկությանը ստույգ հայտնի հիվանդությունների պատճառների թվին են պատկանում ոչ միայն վիրուսները, մանրէները, այլև վնասվածքներ առաջացնող ֆիզիկական (նաև ճառագայթներ), քիմիական գործոնները ևն։ Անհամեմատ բարդ է ժառանգական գործոնների պատճառագիտական դերը, որոնք պարփակված են օրգանիզմում՝ բջջային և մոլեկուլային կառուցվածքների մակարդակով։ ժառանգական հիվանդությունների հիմքում ընկած գենետիկական տեղեկատվությունների աղավաղումը նույնպես կարելի է դասել և՛ պատճառագիտության, և՛ հիվանդության զարգացման մեխանիզմների (այսինքն ախտածնության) շարքը։ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ նախատրամադրվածությունը միայն պայմաններ է ստեղծում հիվանդության առաջացման համար և այդ պատճառով էլ պատճառ–հետևանքային կախման շղթայում դասվում է ախտածնության և ոչ թե պատճառագիտական գործոնների շարքին։ Տվյալ անհատի մոտ կոնկրետ հիվանդության շրջանակներում պատճառագիտությունը միշտ կապված է մի շարք պայմանների հետ, որոնցից մի քանիսը հակազդում են, մյուսները՝ նպաստում հիվանդության առաջացմանը։ Մարդու մի շարք հիվանդությունների պատճառագիտությունը դեռևս հաստատված չէ, թեկուզ դրանցից մի քանիսի ախտածնությունը լրիվ պարզված է և առանձնացված որպես նոզոլոգիական ինքնուրույն միավոր։ Քանի որ «Պատճառագիտություն» եզրույթով ընդունված է նշել հիվանդության առաջացման գլխավոր պատճառը և ոչ թե զարգացման մեխանիզմները, դրսևորման ձևերը, բարդություններն ու հետևանքները, ուստի կարելի է նշել, օրինակ, թոքերի որոշ հիվանդությունների ալերգիական բնույթի, բայց ոչ դրանց ալերգիական պատճառագիտության մասին։

Հիվանդությունների պատճառագիտության հայտնագործումն ունի գործնական կարևոր նշանակություն, այն հնարավորություն է տալիս անցկացնել ոչ միայն ախտածնական և ախտանշանային բուժում, այլև հիվանդության պատճառի դեմ նպատակաուղղված ազդեցություն՝ բուժիչ միջոցներով (պատճառական բուժում)։

Հիվանդությունների պարզաբանված պատճառագիտությունը հանդիսանում է արդյունավետ կանխարգելման հիմքը (օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումները վարակիչ հիվանդությունների դեմ)։ «Պատճառագիտություն» եզրույթը նույն նշանակությամբ կիրառվում է նաև անասնաբուժության մեջ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են՝

  • ընդհանուր պատճառագիտություն, երբ պարզաբանվում են ախտաբանական գործընթացների, հիվանդությունների առաջացման ընդհանուր օրինաչափությունները.
  • մասնավոր պատճառագիտություն, երբ ուսումնասիրվում են առանձին հիվանդությունների առաջացման կոնկրետ պատճառները։

Առանձնացնում են հիվանդության հետևյալ պատճառները.

  1. Մեխանիկական (փակ և բաց վնասվածքներ, ցնցում, և այլն)։
  2. Ֆիզիկական (բարձր կամ ցածր ջերմաստիճան, էլեկտրական հոսանք, և այլն)։
  3. Քիմիական (արդյունաբերական թունավոր նյութեր և այլն)։
  4. Կենսաբանական (ախտածին մանրէների ազդեցություն, նախակենդանիներ, վիրուսներ, սնկեր, պրիոններ և նրանց տոքսինները և այլն)։
  5. Հոգեծին, այդ թվում `սոցիալական (պատերազմներ, խտրականություն, ուրբանիզացիա և այլն)։
  6. Գենետիկական (ժառանգական)։

Ախտաբանական գործընթացների, հիվանդությունների առաջացման պատճառների և պայմանների պարզաբանումն ունի չափազանց կարևոր նշանակություն բուժման և հատկապես նրանց կանխարգելման խնդրում։ Այդ հարցը ճիշտ գնահատելով՝ Մուդրովը նշում է, որ «ավելի հեշտ է կանխել հիվանդությունը քան բուժել այն»։ Սակայն պետք է հիշել, որ իր ուժը պահպանում է Ի. Պավլովի այն արտահայտությունը, որ «պատճառագիտությունը բժշկության թույլ բաժինն է»։ Իհարկե, հիվանդությունների պատճառների պարզաբանումը դժվար հարց է, առաջին հերթին այն պատճառով, որ պատճառներն ու պայմաններն օրգանիզմի վրա ազդում են ավելի շուտ քան հիվանդը դիմում է բժշկին։ Բազմաթիվ հիվանդությունների, մասնավորապես ինֆեկցիոն հիվանդությունների պատճառները պարզաբանված են, սակայն մի շարք հիվանդությունների պատճառները մինչև օրս լիովին պարզաբանված չեն։ Այդպիսի հիվանդություններից են՝ նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, հոգեկան և այլ հիվանդությունները։ Այդ հիվանդությունների թվին են պատկանում նաև չարորակ ուռուցքները։ Իհարկե, հիվանդության առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունեն նաև պայմանները։ Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ հիվանդությունն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմի վրա ազդող պատճառների և համապատասխան պայմանների ազդեցության տակ խանգարվում է օրգանիզմի հավասարակշռությունն արտաքին միջավայրի նկատմամբ[2]։

Մարդու կյանքի պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու կյանքի պայմանները կազմում են՝

  • արտաքին միջավայրը՝ սոցիալական, աշխարհագրական, ֆիզիկաքիմիական, կենսաբանական.
  • ներքին միջավայրը՝ օրգանիզմի կազմն ու հատկությունները, ինչպես նաև նրա առանձին օրգանների և համակարգերի, բջիջների և ոչ բջջային կազմությունների առանձնահատկությունները։

Ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններն օրգանիզմի վրա ազդեցության ժամանակ լինելով հիվանդության անմիջական պատճառները, այս կամ այն չափով կապված են սոցիալական, հասարակական պայմանների հետ։ Բոլոր հիվանդություններն առաջանում են աշխատանքի և կենցաղի որոշակի պայմաններում։ Իսկ այդ պայմանները սոցիալական գործոնների ազդեցության հետևանքներն են։

Հետագայում հիվանդությունների վերաբերյալ պատկերացումների վերաբերյալ պատկերացումն անընդհատ լայնանում է՝ իր մեջ ընդգրկելով օրգանիզմի արտաքին և ներքին միջավայրի նորանոր գործոններ։ Ներկայումս այդ գործոնների թվին են դասվում՝

  1. մեխանիկական - վնասվածքներ.
  2. ֆիզիկական - ջերմային ազդեցություն, իոնիզացնող ճառագայթում, էլեկտրականություն, մթնոլորտային ազդեցություն.
  3. քիմիական - թթուներ, հիմքեր, տարբեր թույներ.
  4. կենսաբանական - ախտածին մանրէներ, վիրուսներ, ընդերածին տարբեր նյութեր, դիսհորմոնալ խանգարումներ.
  5. հոգեբանական.
  6. սոցիալական։

Հիվանդությունը կարող է պայմանավորված լինել նաև կարևոր նյութերի պակասով, որոնք առաջանում են օրգանիզմի և արտաքին միջավայրի մեջ և անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար (քաղց, ավիտամինոզներ, իմունային անբավարարության վիճակներ և այլն)։ Հիվանդությունների պատճառները հանդիսանում են արտածին և ընդերածին ազդակները։ Հիվանդության պատճառը պայմանավորում է նրա յուրահատկությունները և որակը։

Պատճառագիտության ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառագիտությունն ախտաբանության ֆիզիոլոգիայի և ընդհանրապես բժշկության այն բաժինն է, որտեղ առկա է իդեալիստների և մատերիալիստների անհաշտ պայքար։ Պատճառագիտության վերաբերյալ եղել են հետևյալ ուղղությունները՝

  1. Պատճառականություն (կաուզալիզմ - causa՝ պատճառ)
  2. Պայմանականություն (կոնդիցիոնալիզմ - conditio՝ պայման)
  3. Կոնստիտուցիոնալիզմ (constitutio՝ կառուցվածք)
  4. Պատճառագիտության վերաբերյալ մատերիալիստական տեսություն

Պատճառականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում՝ Պաստյորի, Կոխի, Էբերտի և այլ գիտնականների ղեկավարությամբ մեկը մյուսի հետևից հայտնաբերվեցին հիվանդությունների հարուցիչները։ Դրանով ժխտվեցին հիվանդությունների պատճառների միազմատիկ, հիպոթետիկ տեսակետները։ Դրանից հետո պատճառագիտության վերաբերյալ ստեղծվեց միակողմանի պատկերացում, որ հիվանդության առաջացման համար բավական է միայն մանրէի թափանցումը օրգանիզմ։ Այս ուղղությունը կոչվեց պատճառականություն։

Պատճառականության ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. մենապատճառականություն
  2. բազմապատճառականություն

Մենապատճառականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս ուղղության հիվանդություններն այնքան են, ինչքան մանրէներ կան։ Տեսության համաձայն ժխտվում է այն պայմանների նշանակությունը, որոնց առկայությամբ պատճառը ազդում է օրգանիզմի վրա։ Թերագնահատվում է օրգանիզմի գործոնը, նրա ամբողջականությունը։

Հետագայում պարզվեց, որ միայն պատճառը չէ, որ անհրաժեշտ է հիվանդության առաջացման համար։ Այստեղ կարևոր են նաև օրգանիզմի վիճակը և իմունիտետը։ Նույնիսկ ոչ բոլոր դեպքերում է, որ մանրէաների ներարկումը հարուցում է հիվանդություն։

Մենապատճառականության հիմնական թերություններից է նաև այն, որ նրանք գտնում են՝ պատճառը և հետևանքը իրար ուղիղ համեմատական են։ Այսինքն, եթե պատճառի ուժը մեծանա, ապա հիվանդության ընթացքը կծանրանա ուղիղ համեմատական ձևով։ Այս խնդրում տեսության կողմնակիցները մեխանիկորեն տեղափոխում են մեխանիկայի հիմնական օրենքները կենդանական աշխարհ։ Մեխանիկայում, իհարկե, ճիշտ է պատճառի և հետևանքի ուղիղ համեմատականությունը՝ որքան գնդակին ուժեղ հարվածվի, այնքան նա հեռու կթռչի։ Բայց օրգանիզմի վերաբերյալ այդ բացատրությունը ճիշտ չէ։ Կարող է մանրէի ազդեցությունը թույլ լինել, բայց հիվանդությունը ծանր ընթանալ և հակառակը։

Այսպիսով, մենապատճառականությունը հանդիսանում է մատերիալիստական տեսակետ, քանի որ նա ընդունում է մատերիայի-պատճառի դերը, բայց այն մեխանիստական է և իր մեջ ընդգրկում է այդ աշխարհայացքի բոլոր բացասական կողմերը։

Բազմապատճառականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս տեսության, հիվանդության զարգացման համար անհրաժեշտ են մեկից ավելի պատճառներ։ Առաջին հայացքից բազմապատճառականությունը վերացնում է մենապատճառականության թերությունը՝ միայն մեկ պատճառի նշանակությունը։ Սակայն այդպես միայն թվում է։ Բազմապատճառականությունը ընդունում է աշխարհի բազմազանությունը, բարդությունը, սակայն լիովին չի պատկերացնում աշխարհի բազմազանությունը։ Նրանք գտնում են, որ երևույթները միմյանց հետ կապված են մեխանիկորեն։ Ըստ բազմապատճառականության հիվանդությունը մի շարք պայմանների հասարակ գումարային ազդեցություն է։ Ինչպես և մենապատճառականությունում հիվանդությունների զարգացման մեջ ժխտվում է օրգանիզմի դերը։

Հիվանդությունների առաջացման պատճառագիտությունում նշվում է պատճառի և հետևանքի ուղղակի կապը։

Պայմանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս տեսության, հիվանդությունների առաջացման խնդրում պատճառը ոչ մի նշանակություն չունի և դրա հաշվի առնելը գիտական չէ։ Կարևոր է պայմանների նշանակությունը։ Ըստ տեսության մեկ պայմանը կարևոր չէ, այլ կարևոր են մի շարք պայմաններ, և բոլոր պայմանները միատեսակ նշանակություն ունեն ու գոյություն չունեն գլխավոր և երկրորդական պայմաններ։ Հետևաբար, ինֆեկցիոն հիվանդությունների պատճառագիտության մեջ կարիք չկա հայտնաբերել միկրոօրգանիզմները, այլ հարկավոր է պարզել այն պայմանները, որոնց առկայությամբ դրանք սկսում են գործել։

Պայմանականության հիմնադիրներից է համարվում գերմանացի հայտնի ախտաբան Հանզեմանը։ Նա ճիշտ է նկատել, որ տուբերկուլոզի առաջացման համար Կոխի ցուպիկի ներթափանցումն օրգանիզմ բավարար պայման չէ, որպեսզի զարգանա հիվանդությունը։ Հիվանդության զարգացման համար անհրաժեշտ են նաև այլ կողմնակի պայմաններ, որոնց թվում են վատ սնունդը, կենցաղային անբարենպաստ պայմանները, ավշային հանգույցների վիճակը և այլն։ Սակայն չնայած այս ճիշտ ենթադրություններին, նա հանգում է սխալ եզրակացության, որ տուբերկուլոզի պատճառ գոյություն չունի այլ այն առաջանում է մի շարք պայմանների առկայության դեպքում։

Պայմանականությունն անջատելով իրարից օրգանիզմի ներքինն ու արտաքինը, չի բացահայտում ախտաբանական երևույթների օբյեկտիվ օրինաչափությունները և հասցնում է նրանց անճանաչելիության։

Այդ ռեակցիոն ուղղությունը զինաթափում է բժշկին կանխարգելիչ կամ բուժական միջոցառումներ ձեռնարկելիս։

Կոնստիտուցիոնալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառականությանը և պայմանականությանը հակառակ, որոնք հիվանդության պատճառները համարում են արտածին գործոնները, կոնստիտուցիոնալիստականները ընկել է մեկ այլ ծայրահեղության մեջ։ Նրանք լիովին ժխտում են արտածին գործոնի դերը և նշանակություն են տալիս միայն օրգանիզմի առանձնահատկություններին և կոնստիտուցիային, որտեղից և ուղղությունը կոչվում է կոնստիտուցիոնալիզմ։

Այս ուղղության կողմնակիցներից են Վեյսմանը, Մորգանը, Մենդելը և այլք։ Ըստ նրանց, հիվանդության առաջացման պատճառ են ոչ թե արտաքին գործոնները, այլ ծնողներից ստացվող ոչ լիարժեք գեները։ Այս տեսակետը ճիշտ է այնքանով, որ շատ հիվանդություններ ունեն ժառանգական բնույթ կամ ժառանգական նախատրամադրվածություն, սակայն դա դեռևս չի կարող հիմք հանդիսանալ կարծելու, որ միայն ժառանգական գործոնը բավարար է հիվանդության զարգացման համար։ Շատ դեպքերում մարդը կարող է լինել հիվանդության կրող սակայն ոչ հիվանդ (հիվանդության զարգացմանը նպաստող գործոնների բացակայության դեպքում հիվանդությունը կարող է չարտահայտվել)։

Պատճառագիտության վերաբերյալ մատերիալիստական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այս տեսության հիվանդությունների առաջացման համար անհրաժեշտ են 3 գործոններ՝

  • հիվանդությունների առաջացման պատճառներ.
  • հիվանդությունների առաջացման պայմաններ.
  • օրգանիզմի ռեակտիվականությունը, նրա պաշտպանողական հատկությունները։

Այս երեքից ամենակարևորը պատճառն է։ Հիվանդության պատճառները նրանք են, որոնք որոշում են հիվանդության յուրահատկությունները և առանց որոնց հիվանդությունը չի զարգանա։ Օրինակ՝ առանց Կոխի ցուպիկի՝ տուբերկուլոզ չի զարգանա։ Սակայն միայն ցուպիկի առկայությունը բավական չէ հիվանդության զարգացման համար։ Այստեղ արդեն մեջտեղ է գալիս երկրորդ պայմանի՝ այսինքն պայմանի անհրաժեշտությունը։

Պայմանները հիվանդություններ առաջացնել չեն կարող, սակայն կարող են նպաստել հիվանդությունների առաջացմանը։ Օրինակ, գորտերը խոլերայով չեն հիվանդանում։ Եթե նորմալ պայմաններում գորտերին վարակենք խոլերայի էմբրիոններով, ապա խոլերա չի առաջանա, իսկ եթե գորտերին նախօրոք տաքացնենք թերմոստատներում, և նոր վարակենք, ապա խոլերան կզարգանա։

Հիվանդությունների զարգացման երրորդ կարևոր գործոնը օրգանիզմի դիմադրողականությունն է։ Եթե մի քանի մարդ նույն պայմաններում վարակվում են նույն հիվանդությամբ, ապա նրանցից ոչ բոլորն են հիվանդանում, ինչը և պայմանավորված է անհատական իմունիտետով[2]։

Պայմանների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառները կարելի է բաժանել 2 խմբի՝

  • ոչ բարենպաստ.
  • բարենպաստ։

Ոչ բարենպաստ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բարենպաստ պայմանները ազդելով օրգանիզմի վրա իջեցնում են նրա դիմադրողականությունը և հետևաբար ուժեղացնում են պատճառի ախտածին ազդեցությունը։ Օրինակ սառեցումը, գերհոգնածությունը, անբավարար սնունդը, հիվանդության կրումը, թուլացնելով օրգանիզմի դիմադրողականությունը պայմաններ են ստեղծում այլ հիվանդությունների առաջացման համար, օրինակ՝ տուբերկուլոզի։

Բարենպաստ պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարենպաստ պայմանները հակառակ ոչ բարենպաստ պայմանների ուժեղացնում են օրգանիզմի պաշտպանողական հատկությունները և դրանով թուլացնում են արտածին ազդակի ուժը։ Օրինակ, լիարժեք սնունդը, նյութապես լավ բավարարվածությունը և այլն, բարենպաստ պայմաններ են հանդիսանում օրգանիզմի պաշտպանողական հատկությունների ուժեղացման համար։

Դիալեկտիկա-մատերիալիստական պատկերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիալեկտիկա-մատերիալիստական պատկերացում

Այսպիսով, պետք է ընդունել ախտաբանությունում մեկ պատճառաբանություն՝ դիալեկտիկա-մատերիալիստական պատկերացումը։ Դրանք են՝

  • բնության մեջ բոլոր երևույթներն ունեն իրենց պատճառները.
  • պատճառը նյութական է, այն գոյություն ունի մեզանից դուրս, մեզանից անկախ.
  • հիվանդության պատճառներն օրգանիզմի հետ գտնվում են փոխազդեցության մեջ, այսինքն փոփոխելով օրգանիզմը, փոփոխվում է ինքը պատճառը.
  • պատճառը գործընթացին (հիվանդությանը) տալիս է որոշակի յուրահատկություն.
  • պատճառը գործում և ազդում է որոշակի պայմաններում։

Նման պատկերացման մեջ ամենակարևորը պատճառի օբյեկտիվ իրականության ընդունումն է, այնուհետև՝ պատճառի և օրգանիզմի փոխազդեցությունը։ Սա պետք է ընդգծել, քանի որ ոչ մի նյութական գործոն (մանրէ, կանցերոգեն նյութեր, թույն) հիվանդության պատճառ չէ մինչև այն ժամանակ, քանի դեռ դրանք չեն ազդել օրգանիզմի վրա և վերջինս ռեակցիա չի տվել, որից հետո նոր առաջանում է մկնոռ, քաղցկեղ, թունավորում։ Այս դեպքում փոխվում են երկու կողմերը՝ օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, իսկ մանրէում առաջանում է մուտացիա և փոխվում են ժառանգական հատկությունները։ Այսպիսով առանց փոխազդեցության պատճառ գոյություն չունի, ճիշտ է ասել, որ պատճառն օրգանիզմի վրա ազդում է կոնկրետ պայմաններում, որոնք կամ նպաստում, կամ խանգարում են պատճառի ազդեցությանը[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառը կարող է լինել այն գործոնը, որը գործընթացին տալիս է յուրահատկություն։ Մյուս բոլոր գործոնները դրանք պայմաններ են։ Ուրեմն բժիշկը պետք է փնտրի հիմնական պատճառը և ազդելով նրա վրա կամ բուժի, կամ կանխի հիվանդությունը։ Օրինակ, նորից տուբերկուլոզի օրինակը։ Այն կառաջանա միայն Կոխի ցուպիկի ազդեցությունից, բայց նշանակություն ունի նաև ժառանգականությունը, նախատրամադրողականությունը, աշխատանքի և կենցաղի պայմանները և այլն։ Վերջերս հիվանդությունների առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ խոսելիս, խոսում են «ռիսկի գործոնների մասին»։

Պետք է հաշվի առնել, որ ռիսկի գործոններ են համարվում այն գործոնները, որոնք հանդիսանում են տվյալ հիվանդության պատճառներից, պայմաններից, կամ էլ նրա ախտածնության օղակներից մեկը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/157 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ս. Հ. Խաչատրյան (2003). Պաթոլոգիական ֆիզիոլոգիա։ Դասագիրք բժշկական և կենսաբանական բուհերի ուսանողներ, պաթոֆիզիոլոգների և բժիշկների համար (PDF). Երևան. էջեր 58–65. ISBN 99930-965-0-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 157