Երևյալի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևյալի ճակատամարտ
Թվական364 թվական
Մասն էՀայ-պարսկական պատերազմ
ՎայրԵրևյալ
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Վասակ ՄամիկոնյանՀազարավուխտ
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Երևյալի ճակատամարտ, ռազմական բախում Արշակունիների թագավորության և Սասանյան Պարսկաստանի միջև, որը տեղի է ունեցել 364 թվականին։ Հասկանալով, որ պարսիկները չեն կարող դրությունը նույնը թողնել՝ Վասակ սպարապետը Գանձակի ճակատամարտում տարած հաղթանակից հետո սկսում է պատրաստվել պարսիկների հաջորդ արշավանքին։ Հաջորդ արշավանքը տեղի է ունենում մյուս տարի՝ 364 թվականին, որը սկսվում է միանգամից երեք ճակատով։ Շապուհը զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի ղեկավարությունը իր վրա է վերցնում Հազարավուխտը և շարժվում դեպի Երևյալ, որտեղ հանդիպում է հայկական զորաջոկատի դիմադրությանը։ Հայկական զորաջոկատի ղեկավարը հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն էր։ Հայերը կարողանում եմ հաղթանակ տանել ճակատամարտում[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

359 թվականին սկսված հռոմեա-պարսկական պատերազմն ավարտվում է Հռոմի պարտությամբ։ Հռոմի նոր կայսր Հուլիանոսը, մոտենում է Տիզբոնին և ճակատամարտում պարսից արքա Շապուհ Երկարակյացի հետ։ Հռոմի կայսրը զոհվում է ճակատամարտում, իսկ նոր կայսրը՝ Հովիանոսը չի շարունակում պատերազմը և պայմանագիր է կնքում Պարսկաստանի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ հայոց հարավային 5 նահանգները՝ 15 բերդերով և քաղաքներով հանդերձ, անցնելու էին պարսիկների տիրապետության տակ։ Նրանց էր զիջվում նաև հռոմեական տարածքներ Հյուսիսային Միջագետքը՝ Մծբին կենտրոնով։ Հռոմի կնքված այս պայմանագիրը 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոսը անվանել է «ամոթալի»։ Այս պայմանագիրը թույլ է տվել պարսից արքա Շապուհ Երկարակյացին ազատորեն իրագործել իր՝ Մեծ Հայքի հետ կապված պլանները[2]։

363 թվականին սկսվում է հայ-պարսկական պատերազմը, որի առաջին բախումը տեղի է ունենում Գանձակի մոտ, որտեղ հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը կարողանում է կասեցնել հակառակորդի ներխուժումը Մեծ Հայքի թագավորություն։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհ Երկարակյացը 364 թվականին լայնածավալ հարձակում է սկսում ընդդեմ Արշակունիների թագավորության․ նա պարսկական զորքերը բաժանում է երեք մասի, որոնք տարբեր ուղղություններով ներխուժում են Հայաստան։ Հայոց զորքը պատրաստ էր այսպիսի ներխուժման, քանի որ Վասակ Մամիկոնյանը Գանձակի ճակատամարտից հետո հասկացել էր, որ պարսիկները շարունակելու են իրենց ծավալապաշտական քաղաքականությունը և նոր արշավանքներ են ձեռնարկելու։ Նա նույնպես իր զորքը բաժանում է երեք մասի, որից մեկի հրամանատարությունը ստանձնում է իր եղբայր Բագոսը (Բագասը), մյուսինը՝ հայոց արքա Արշակ Բ-ն, իսկ վերջինինը՝ ինքը՝ հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը։

Հայոց երեք զորամասերն էլ անցնում են հավասարաչափ տարածություն, այդ պատճառով ճակատամարտերը տեղի են ունենում համաժամանակ։ Վասակ Մամիկոնյանի առաջնորդած զորամասը հակառակորդին, որոնց հրամանատարը Հազարավուխտն էր, հանդիպում է Վանանդ գավառի Երևյալ կոչվող վայրում։ Հայոց սպարապետը գրոհում է հակառակորդի կենտրոնական թևի վրա և ստիպում նահանջել տարբեր ուղղություններով։ Այս գրոհը թույլ չի տալիս հակառակորդին միավորել իր ուժերը և մարտի մեջ մտցնել մարտական փղերին։ հակառակորդը փախուստի է դիմում, իսկ հայոց սպարապետը կազմակերպում է նահանջող հակառակորդի հետապնդում, որի հետևանքով հակառակորդը այդպես էլ չի կարողանում միավորել իր ուժերը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 16–21.
  2. 2,0 2,1 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 12–15.