Երևանի նահանգապետի գրասենյակի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Երևանի նահանգապետի գրասենյակի շենք
Հանրապետության 37 1.JPG
Երևանի նահանգապետի գրասենյակի շենք
Գտնվում էԵրևան, Հանրապետության փողոց 37
Կառուցվել է1905
Շինության ձևըվարչական
Ներկա վիճակըկանգուն

Երևանի նահանգապետի գրասենյակի շենք, շենք-հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության 37 հասցեում։ Ներառված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1905 թվականին՝ որպես Երևանի նահանգի նահանգապետի գրասենյակ։ 1905-1917 թթ. այն եղել է Երևանի նահանգապետի պաշտոնական նստավայրն ու բնակարանը։ Նահանգապետն ապրել է այստեղ իր ընտանիքի հետ։ Նահանգապետի գրասենյակից փողոցը ստացել է Գուբեռնսկայա (Նահանգական) անվանումը, իսկ 1991 թ.՝ անկախության վերականգնումից հետո այն վերանվանվել է Հանրապետության փողոց։

1918-1920 թթ. շենքում գործել է Հայաստանի առաջին Հանրապետության նորաստեղծ կառավարությունը։ Այս շենքում են աշխատել առաջին կառավարության բոլոր չորս վարչապետերը՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը և Սիմոն Վրացյանը։

Սարդարապատի հերոսամարտերի ավարտից հետո հենց այս շենքի երկրորդ հարկի օվալաձև պատշգամբից էր, որ առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը հայտարարեց Հայաստանի անկախությունը, ծածանեց հայկական դրոշն ու ընթերցեց Թիֆլիսի Ազգային խորհրդի մայիսի 30-ի հռչակագիրը[1]։

1920 թ. շեմքում գործել է Հեղափոխական կոմիտեն (Հեղկոմը)։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1922-1924 թթ շենքում որոշ ժամանակ գործել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը (կենտրոնական գործադիր կոմիտեն)։ Շենքում շուրջ երեք տասնամյակ՝ 1960-1998 թթ. գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն։

Շենքում է տեղակայված եղել նաև Սփյուռքահայության կոմիտեի կողմից հրատարակվող «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունը։

2000 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Կառավարության թիվ 654 որոշմամբ շենքը Ամերիկայի հայկական համագումարի հետ փոխանակվել է Կառավարության 3-րդ շենքի շարունակությունը հանդիսացող և վերջինիս պատկանող շինության հետ[2]։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցել է Հանրապետության, Տիգրան Մեծ և Մելիք-Ադամյան փողոցների հատվածում։ Կառուցված է սև տուֆից։ Շենքն ունի երկու պատշգամբ՝ մեկը նայում է Հանրապետության փողոցին, մյուսը օվալաձև է և գտնվում է շենքի հենց անկյունում։

Խորհրդային ժամանակաշրջանում շենքի ճարտարապետական ոճը հիմնականում պահպանվել է։ 1980 թ. ավելացվեց շենքի՝ Մելիք-Ադամյան փողոցի կողմի հատվածը։ Սա ճարտարապետական նախագիծ էր, որը նպատակ ուներ վերականգնելու Հին Երևանի քաղաքային միջավայրը։

2006-2010 թթ. շենքը ամբողջությամբ վերակառուցվել է, ավելացվել է վերնահարկը։ Ներկայումս շենքում տեղակայված են Հրայր և Աննա Հովնանյանների հիմնադրամը, Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակը, Դեպի Հայք կազմակերպությունը, Արցախբանկն ու «Տաշիր պիցցա» ցանցի պիցերիաների մեկը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/203.8