Երևանի հ․32 գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրադարանի նոր շենքը
Հ.32 գրադարանում հաճախ կազմակերպվում են թատերական ներկայացումներ

Երևանի համար 32 գրադարան, հանրային գրադարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում[1]։

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի հ.32 գրադարանի շենքը կառուցվել է 1930-ական թվականներին և ծառայել որպես մշակույթի ակումբ: 1946 թվականին ակումբում տարածք է հատկացվել գրադարանի համար: Ժամանակի ընթացքում գրադարանի գրքային ֆոնդը ավելացել է, և ակումբի շենքն ամբողջությամբ հանձնվել է գրադարանին, որն էլ գործում է մինչ օրս[2]:

Արդեն 1960-ական թվականներին գրադարանը գործել է որպես Երևանի թիվ 45 գրադարան: 1980 թվականին դարձել է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հ. 42 մասնաճյուղ գրադարան: 1997 թվականին գրադարանը վերանվանվել է Շենգավիթի թիվ 32 գրադարան, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից՝ Երևանի հ.32 գրադարան ՀՈԱԿ:

Հիմնադրումից հետո սկզբնական շրջանում գրադարանն ունեցել է մեկ ընդհանուր բաժին, իսկ 1980-ական թվականներին առանձնացվել են երկու բաժիններ՝ ընթերցասրահ և աբոնեմենտ: 1994 թվականին ստեղծվել է նաև մանկական բաժինը, որն իրականացնում է նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների սպասարկում:

Երևան քաղաքի մշակութային հիմնարկների վերանորոգման ծրագրի համաձայն` 2015 թվականին հ. 32 գրադարանի նախկին վթարային շենքն ամբողջությամբ քանդվել է, և տեղում կառուցվել է նոր շինություն: Գրադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 20-ին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի մասնակցությամբ:

Գրադարանի գործունեություն և գրքային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանն ակտիվ համագործակցում է Շենգավիթ վարչական շրջանի քոլեջների, դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների հետ: Գրադարանն այսօր տեղեկատվական կենտրոնի դեր է կատարում Շենգավիթ վարչական շրջանի բնակչության համար, ապահովում է նրանց ընթերցանությունը, կազմակերպում է բազմաժանր միջոցառումներ: Գրադարանում գործում են ընթերցասերների, ասմունքի և թատերական խմբակներ, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթների և բանավեճի ակումբ: Դրանց միջոցով գրադարանում հաճախ կազմակերպվում են թատերական ներկայացումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, թեմատիկ ընթերցանություններ, գրքի քննարկումներ, բանավեճեր, վիկտորինաներ:

Հ.32 գրադարանի գրքաժամացույցը

Գրադարանում հյուրընկալվել են Պերճ Զեյթունցյանը, Մետաքսեն, Լիպարիտ Սարգսյանը, Կառլոս Եղիազարյանը և ժամանակակից հայ այլ գրողներ:

Նունե Սարգսյանն իր հեքիաթի հերոսների՝ գրադարանի ընթերցողների հետ:

2019թ․ հոկտեմբերի 14-ին Երևանի հ․32 գրադարան է այցելել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը՝ դիտելու իր՝ գրադարանի կողմից բեմադրված «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես պատահեց» հեքիաթը։

Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 20.000 կտոր գիրք՝ տարբեր լեզուներով և բովանդակությամբ: Ֆոնդում կան մի քանի բացառիկ նմուշներ Հակոբ Մանանդյանի անձնական գրադարանից՝ Գաբրիել Սունդուկյանի և Ստեփան Զորյանի ինքնագրերով[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սարուխանյան Պետրոս (20.11.2015)։ «Մենք ունենք մեր երազած գրադարանը»։ Հայաստանի Հանրապետություն 
  2. Խաչատրյան Սուսաննա (5(14), հունիս-հուլիս 2005)։ «Գրքերի աշխարհն անեզր»։ Շենգավիթ համայնքի ամսաթերթ 
  3. Հովհաննիսյան Սիմոն (07․10․2019)։ «Երևանյան գրադարանները միացել են Կոմիտասյան տոնակատարություններին»։ http://ostarmenia.com/