Երիտասարդ ընթերցող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ ընթերցող
տեսակգեղանկար
նկարիչԺան Օնորե Ֆրագոնար
տարիմոտ 1769[1]
բարձրություն81,1 սանտիմետր[2]
լայնություն64,8 սանտիմետր[2]
ստեղծման վայրՓարիզ
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունռոկոկկո
ժանրդիմապատկեր և կենցաղային ժանր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
սեփականատերGuillaume Dubarry?[3]
կայք
Ծանոթագրություններ
 A Young Girl Reading by Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում

Երիտասարդ ընթերցող (ֆր.՝ La Liseuse), Ժան Օնորե Ֆրագոնարի նկարը, որը նկարվել է մոտավորապես 1769 թվականին։ Պատկանում է «Արտասովոր դիմանկարներ» (figures de fantaisie) շարքին[4]՝ արտասովոր համազգեստներով մոդելներով, որոնք նկարված են ազատ վրձնահարվածների եղանակով։

Նկարում պատկերված է լիմոնի երանգով, դեղին ֆրեզավոր հագուստով անծանոթ աղջիկ, որը նստած է կիսադեմ՝ հենված մեծ, պատին հենած բարձին։ Ձախ ձեռքը հանգիստ դրված է արմնակալի վրա, իսկ աջ ձեռքում փոքրիկ գիրք է։ Մազերը մանուշակագույն ժապավենով հավաքված են շինյոնում։ Դեմքն ու հագուստը լուսավորված են առջևից, պատին աջից երևում է ստվեր։ Դեմքի վարդագույն երանգները նրան տալիս են վայելուչ նրբություն։ Ֆրագոնարը սևեռուն ուշադրություն է դարձրել աղջկա դեմքին, սակայն զգեստն ու բարձը դիտավորյալ նկարված են անփույթ վրձնահարվածներով, իսկ ֆրեզը շտապ ուրվագծված է վրձնի ծայրով։

Հավանաբար երիտասարդ ընթերցողը մարմնավորում է կանացի բնության բնական էությունը։ Ֆոնի մութ պատը հերոսուհու հետ ստեղծում է խորին հակադրություն՝ ընդգծելով նրա կորերը և ուրվագծերը, իսկ շինյոնը և երկարավուն ֆրեզավոր պարանոցը ուժեղացնում են կերպարի կանացիությունը։ Արդյոք աղջիկը կարդում է զվարճանքի կամ կրթական նպատակներով, մնում է անհասկանալի, քանի որ գրքի տեքստը պայմանական է։

Կառուցվածքը և տեսարանի տարածքը ձևավորվում են արմնակալի հորիզոնական և պատին մոտ ուղղաձիգ գծերով։ Զգացմունքներն ու տրամադրությունը փոխանցվում են գունային լուծումներով։ Ֆրագոնարը ռոկոկոյի համար օգտագործել է տիպիկ գունայի գամմա՝ մեղմ, քնքուշ երանգներով և ոսկեգույն նրբերանգներով, որը թույլ է տալիս ստեղծել ջերմության, հանդարտության և զգացմունքային մթնոլորտ։ Կտավի կենտրոնում տիրող դեղինը որպես կապ է ծառայում կոմպոզիցիայի տարրերի և կառուցվածքի միջև․ վրձնի ազատ և վառվռուն պատկերված հարվածները, զգեստի ընդգծված ծալվածքները կենտրոնացնում են դիտորդի ուշադրությունը կերպարի վրա։ Առջևի և հեռավոր պլանի օբյեկտների համար օգտագործված վրձնահարվածների տարբեր տեխնիկաները ուժեղացնում են կտավի խորությունը[5]։

Աշխատանքը պատկանում է ավելի շուտ ժանրային գեղանկարչությանը, քան դիմապատկերին, և անհայտ են մնում ինչպես նրա նկարելու հանգամանքները, այնպես էլ պատկերված կնոջ իրական լինելը[6]։ Պատկերի ռենտգենագրությունը ցույց է տվել, որ աղջկա գլուխը պատկերված է սկզբնական տարբերակի վերևում, որտեղ նա նայում է դիտորդին[7]։

Ավարտուն ակադեմիական աշխատանքի չլինելով հանդերձ՝ պատկերը հավանաբար անցել է մի քանի ֆրանսիացի կոլեկցիոներների և արվեստի ստեղծագործության առևտրականների ձեռքով։ Երբեմնի արժանահավատ սեփականատերերից մեկը՝ Թեոդոր Տյուֆեն, հայտնի ֆրանսիացի վիրաբուժ էր։ Մոտավորապես 1930 թվականին պատկերը գտնվել է ԱՄՆ-ում՝ McCann Erickson գովազդային գործակալության հիմնադիր Ալֆրեդ Էրիքսոնի հավաքածուում։ Նրա մահից հետո՝ 1936 թվականին, պատկերը ժառանգել է նրա կինը՝ Աննա Էդիթ Մաքքան Էրիքսոնը։ Աննայի մահից հետո 1961 թվականին Ալիսա Մելոն Բրյուսի (ամերիկացի միլիարդատեր Էնդրյու Մելոնի բարձրաշխարհիկ դուստրը, որը հայտնի էր մի շարք թանգարանների բազմաթիվ նվիրատվություններով) ֆինանսական աջակցությամբ պատկերը ձեռք է բերել Արվեստի ազգային պատկերասրահը (Վաշինգտոն)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nga.gov/collection/art-object-page.46303.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46303.html
  3. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.46303.html
  4. Southgate, M. Therese The Art of Jama II: Covers and Essays from the Journal of the American Medical Association. — AMA Bookstore, 2001. — С. 70. — ISBN 1-57947-159-5
  5. «Young Girl Reading»։ www.nga.gov։ Վերցված է 2017-12-13 
  6. Art Object Page
  7. Bailey, Colin B. The Age of Watteau, Chardin, and Fragonard: Masterpieces of French Genre Painting. — Yale University Press, 2003. — С. 286—287. — ISBN 0-300-09946-0
  8. Bergman-Carton, Janis The Woman of Ideas in French Art, 1830-1848. — Yale University Press, 1995. — С. xi. — ISBN 0-300-05380-0