Երիտասարդության պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երիտասարդության պաշտամունք (անգլ.՝ cult of youth), սոցիալական վարքի ֆենոմեն, որը ձևավորվել է վերջին տասնամյակում։ Ֆենոմենի էությունն աշխատանքային տարիքի ժամանակավոր շրջանակների նեղացումն ու երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու ցանկությունն է, քանի որ հակառակ դեպքում մարդ կարող է հասարակության կողմից լինել չպահանջված։ Այս երևույթը կոչվում է նաև Դորիան Գրեյի սինդրոմ։

Առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության պաշտամունքը տարածում է գտել դեռևս 1960-ական թվականներին, երբ մեծացել է լրատվամիջոցների ազդեցությունը, որոնք վճռորոշ դեր են խաղում երիտասարդության պաշտամունքի ստեղծման և պահպանման գործում[1]։ Երիտասարդ և հաջողակ մարդկանց կերպարը պարտադրվում է ամբողջ հանրությանը գովազդային վահանակների, ամսագրերի շապիկների, հեռուստացույցի էկրանների միջոցով։

Այս երևույթը գալիս է Ամերիկայից, ավելի հստակ՝ Հոլիվուդից, որտեղ երիտասարդությունը և վայելուչ արտաքինը սոցիալական հաջողության ամենագլխավոր բաղադրիչներից են։

Կա նաև տեսություն, որ երիտասարդության պաշտամունքը պարտադրում է պետությունը։ Նրան ձեռնտու է, որ իր քաղաքացիները մնան երիտասարդ, ակտիվ և առողջ, ավելի երկար աշխատեն, համապատասխանաբար, ավելի երկար վճարեն հարկերը։

Մասնագետների կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձագետները ենթադրում են, որ «երիտասարդության և գեղեցկության պաշտամունքը», որին հաջողությամբ աջակցում են ԶԼՄ-ները, կարող է լուրջ հետևանքներ ունենալ[2]

Aquote1.png Արդեն այսօր կանայք հրաժարվում են երեխաներ ունենալ միայն այն պատճառով, որ հղիությունը կարող է բացասաբար անդրադառնալ կազմվածքի վրա, - ասում են մասնագետները։ - Շատ կանայք, վտանգելով իրենց կյանքը, դիմում են պլաստիկ վիրահատությունների՝ կնճիռներից ազատվելու համար։ Aquote2.png

Համբուրգցի հոգեբան Գեորգ Ֆիդլերը այս երևույթը նկարագրել է հետևյալ կերպ[3]

Aquote1.png Շատ մարդկանց ծերանալը լիակատար շփոթության մեջ է գցում։ Շատ ավելի հեշտ է նրանց համար, ովքեր հասկանում են, որ ծերությունը կարող է լինել անհատի զարգացման շատ հետաքրքիր եւ բովանդակալից փուլ։ Ավելի վատ է նրանց համար, ովքեր ծերությունը դիմավորում են անորոշ վախերով ու երկյուղներով։ Aquote2.png


Ազդեցություն հասարակության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ երևույթն ընդգրկում է հասարակության ավելի լայն շրջանակներ։ Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ փորձում են բոլոր միջոցներով կանգնեցնել կամ դանդաղեցնել ծերացման գործընթացը։

Այսօր վաղաժամ մահը հաճախ դառնում է կյանքի լճացման հետևանք, ինչն էլ իր հերթին հասարակությանը պարտադրված այն կարծիքի արդյունքն է, որ ակտիվ և պահանջված լինել կարելի է միայն երիտասարդության շրջանում։ Գերմանիայում տարեկան 11 000 ինքնասպանություն է տեղի ունենում։ Յուրաքանչյուր երրորդ ինքնասպանը 65 տարեկանից բարձր է[3]։

Մեկ այլ բացասական ազդեցություն, որը կրում է երիտասարդության պաշտամունքը, տարիքային խտրականությունն է։ Այն դրսևորվում է տարբեր ոլորտներում, բայց հաճախ այդ խնդրի հետ մարդիկ բախվում են աշխատանքի ընդունվելիս։ Գործատուները գերադասում են երիտասարդներին, այսինքն՝ նրանց կարծիքով՝ առողջ և հեշտ սովորող մարդկանց։ Էյջիզմն աշխատավայրում ստիպում է դեռևս աշխատելու պատրաստ թոշակառուներին հրաժարվել պաշտոնից կամ բավարարվել ցածր վարձատրվող աշխատանքով, ինչը ոչ միշտ է նպատակահարմար, քանի որ ավագ տարիքային խմբերում կուտակված է ավելի մեծ ներուժ և աշխատանքային փորձ, քան երիտասարդների շրջանում։

Երիտասարդության պաշտամունքը նաև հանգեցնում է որոշակի բարդությունների։ Մեծանալով մարդիկ սկսում են երիտասարդների ֆոնին իրենց անհարմար զգալ։ Օրինակ՝ որոշ տղամարդկանց մոտ դա կարող է դրսևորվել, այսպես կոչված, անհավասար ամուսնություն կնքելու ցանկությամբ։ Նրանք ձգտում են ամուսնանալ երիտասարդ աղջիկների հետ՝ ենթագիտակցորեն մտածելով, որ դա իրենց երիտասարդությունը պահպանելու միջոց է։

Կանայք դիմում են տարբեր վիրաբուժական միջամտությունների, կոսմետիկ ընթացակարգերի։ 35-54 տարեկան կանանց 62%-ն[4] օգտվում է ծերացման դեմ քսուքներից, իսկ մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում անցկացվում է 28 հազար[5] կոսմետիկ պրոցեդուրա (ձգումներ, բոտոքսի ներարկումներ և այլն)։ Բժշկական հետազոտության արդյունքների համաձայն` աշխարհում կանանց կեսից ավելին երիտասարդության պահպանումն ու «գեղեցկության չափանիշների» պահպանումը վեր են դասում առողջության պահպանման և տարբեր հիվանդությունների կանխարգելման խնդիրներից[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Այն տեղի է ունենում լրատվամիջոցների, նորաձևության և գովազդի օգնությամբ։ Հասարակությունը սկսում է հասկանալ, որ գեղեցիկ և ակտիվ լինել կարելի է ոչ միայն երիտասարդության շրջանում։ Համաշխարհային հայտնի դիզայներները ավելի ու ավելի հաճախ են ընտրում հասուն տարիքի կանանց՝ նոր հավաքածուները ներկայացնելու և իրենց արտադրանքն առաջ մղելու համար։ Մարկ Ջեյկոբսը ընտրում է 64-ամյա Ջեսիկա Լենգին։ Nars-ի նոր դեմքը 68-ամյա Շառլոտա Ռեմփլինգն է։

Կենսաթոշակային տարիքի մարդկանց ուշադրություն են դարձնում սոցիոլոգները, մշակութաբանները և ձեռնարկատերերը։ Նրանց համար մշակվում են տարբեր ապրանքներ և ծառայություններ, ստեղծվում են զարգացնող ծրագրեր։ Հասուն տարիքի մարդիկ ավելի ու ավելի են ցանկություն հայտնում կրթություն ստանալ։ Գիտնականների հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ չնայած ավագ տարիքի մարդկանց ուսուցումն ունի իր նրբությունները, տարեցները ոչ միայն վերապատրաստվում են, այլև մոտիվացված են նորը սովորելու համար ոչ պակաս, քան երիտասարդները։

2016 թվականի հունիսին Գուգլի դեմ հայց է ներկայացվել, որը կորպորացիային մեղադրել է 40 տարեկանից բարձր թեկնածուների համակարգված խտրականության մեջ։ Հայցվորները մեջբերել են «Payscale» ծառայության տվյալները, որի համաձայն՝ Գուգլի աշխատակիցների միջին տարիքը 29 տարեկան է։ Իսկ ծրագրավորողի միջին տարիքը Միացյալ Նահանգներում 43 տարեկան է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]