Եղևին կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևին կովկասյան
Եղևին կովկասյան
Եղևին կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Եղևինայիններ (Abietoideae)
Ցեղ Եղևին (Abies)
Տեսակ Եղևին կովկասյան (A. nordmanniana)
Միջազգային անվանում
Abies nordmanniana
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղևին կովկասյան (լատին․՝ Abies nordmanniana), սոճազգների ընտանիքի, եղևին ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառեր են՝ 50—60 մ բարձրությամբ և 1,5—2,0 մ բնի տրամագծով։ Սաղարթը նեղ-բրգաձև և խիտ է։ Երիտասարդ հասակում սաղարթի գագաթը համեմատաբար ավելի սրածայր է, իսկ ծեր հասակում՝ տափակ։ Բավականին արագ է աճում, բացառությամբ առաջին 8 — 10 տարում։ Աճը մինչև խոր ծերություն պահպանվում է։ Կեղևը երիտասարդ ճյուղերի վրա փայլուն է, դեղնականաչավուն կամ բաց դարչնագույնից մինչև գորշակարմրավուն, ծածկված դեղնավուն մազմզուկներով։ Ավելի ուշ հարթ է, մոխրագույն։ Ծեր տարիքում այս ծառը մոխրագորշավուն է, խոր պկոսավոր։ Բողբոջները ձվաձև-կոնաձև են, գորշակարմրավուն, խեժին համարյա բացակայում է։ Ունի մեծ քանակությամբ քնած բողբոջներ։ Փշատերևները ունեն 1,5—2,5 մմ լայնություն, 15—40 մմ երկարություն, վերևի կողմից մուգ կանաչ, ներքևից՝ երկու սպիտակ շերտիկներով, գագաթում կլորավուն կամ երկմասանի, կողմնային ընձյուղների վրա դասավորված են սանրաձև, փշատերևների մեկ շարքով։ Թափվում են 9 -13-րդ տարում։

Ազատության մեջ աճող ծառը սկսում է պտղաբերել 30—40, իսկ տնկարկներում՝ 70 տարեկան հասակում։ Արմատային համակարգը կազմված է ամուր զարգացած մակերեսային արմատներից, որոնք տալիս են ուղղահայաց կերպով դեպի ներքև գնացող ճյուղավորություններ։ Հողմադիմացկուն է։ Ապրում է մինչև 600 տարի։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքը Կովկասն է, որտեղ առաջացնում է ընդարձակ անտառներ, 1200-2200 մ բարձրության վրա։ Սովորաբար աճում է խառը անտառներում հաճարենու հետ միասին։

Գերադասում է ավազակավային խոնավ և խոր հողերը։ Անտարբեր է կրային միացությունների Նկատմամբ։ Խուսափում է չոր հողերից։ Պահանջկոտ է օդի խոնավության նկատմամբ։ Գերադասում է մեղմ ձմեռը, երբ օդի ջերմաստիճանի տատանումները այդքան էլ մեծ չեն։ Ստվերատար է, սակայն լավ է աճում լավ լուսավորված հողամասերում։ Կյանքի առաջին տարիներին ավելի լավ է աճում կիսաստվերում։

Էկոլոգիական խումբը՝ V, մշակության հավանական շրջանները՝ 7,9,10,19,21:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ տեսակետից ավելի արժեքավոր է կովկասյան եղևինի կապտավուն այլատեսակը (f. glauca hort.), որը հաջողությամբ աճում է Բագրատաշենի «Ջեյթուն» սովխոզի պուրակում, իսկ Երևանում այն վատ է աճում՝ օդի խոնավության պակասության պատճառով։ Երևանի բուսաբանական այգու պայմաններում 25 տարեկան բույսերի բարձրությունը հազիվ հասնում է 2,0 մ-ի, իսկ բնի տրամագիծը 5,5 սմ-ի։ Սաղարթի լայնությունը հասնում է 1,8 մ-ի։ Ծառերը խիստ տուժում և վնասվում են ուժեղ սառնամանիքների դեպքում։ Տարեկան միջին աճը կազմում է 8,0 սմ (Տ. Գ. Չուբարյան, 1957)։

Հյուսիսային Հայաստանի անտառապատ շրջաններում համեմատաբար հաջողությամբ է աճում։ Վանաձորում 20 տարեկանում բույսի բարձրությունը կազմում է 3,4 — 8,5 մ, 6 — 13 սմ, բնի հաստությամբ և 3 —4 մ սաղարթի լայնությամբ։ Տարեկան միջին աճը կազմում է 65 սմ։ Բավականին լավ է աճում է նաև Գյուլագարակի «Սոճուտում»։ Արարատյան դաշտի համար հեռանկարային չէ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի է ընկնում իր չափազանց բարձր դեկորատիվ առանձնահատկություններով և գեղեցիկ, յուրատիպ սաղարթով, որը հիմնականում իջնում է մինչև հողի մակերեսը։

Դեկորատիվ տեսակետից ավելի արժեքավոր է կովկասյան եղևինի կապտավուն այլատեսակը (f. glauca hort.), որը հաջողությամբ աճում է Բագրատաշենում , իսկ Երևանում այն վատ է աճում՝ օդի խոնավության պակասության պատճառով։ Երևանի բուսաբանական այգու պայմաններում 25 տարեկան բույսերի բարձրությունը հազիվ հասնում է 2,0 մ-ի, իսկ բնի տրամագիծը 5,5 սմ-ի։ Սաղարթի լայնությունը հասնում է 1,8 մ-ի։ Ծառերը խիստ տուժում և վնասվում են ուժեղ սառնամանիքների դեպքում։ Տարեկան միջին աճը կազմում է 8,0 սմ (Տ. Գ. Չուբարյան, 1957)։

Հրաշալի է խմբերով, ինչպես նաև որպես սոլիտեր տնկելու դեպքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (34։