Եգիպտահայ կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եգիպտահայ գաղութը մշակութային աշխույժ կյանք է ունեցել, անմիջական շփումը Եվրոպայի հետ նպաստել է հայ արվեստագետների գեղարվեստական մակարդակի բարձրացմանը։

Ալեքսանդր Սարուխան (1898-1977)

Եգիպտահայերի արվեստի տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականից Կահիրեում և Ալեքսանդրիայում կազմակերպվել են ցուցահանդեսներ, վարպետությամբ աչքի են ընկել ավագ սերնդի գեղանկարիչներ Երվանդ Դեմիրճյանը, Պարույր Պարտիզպանյանը, Գրիգոր Մկրտչյանը, Հովիվյանը, Տիրան Կարապետյանը։ Ալեքսանդր Սարուխանը երգիծանկարչության հիմնադիրն է Եգիպտոսում։ Մերձավոր Արևելքում լայնորեն տարածված նրա ծաղրանկարներն առանձնանում են ասելիքի սրությամբ և կատարման ուրույն հատկանիշներով։

Հակոբ Հակոբյան (1923—2013)

Հեղինակ է «Այս պատերազմը» (1945), «Մենք մեր ակնոցով» (1962) և այլ երգիծանկարների ժողովածուների։ Նրա 40 հազարից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում։ Սարուխանին աշակերտել է Ֆրանսիայում ճանաչված ծաղրանկարիչ էդմոն Քիրազը (Քիրազյան)։

Տարբերվող արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց արվեստի որոշակի ինքնատիպությամբ առանձնանում են նաև միջին սերնդի նկարիչներ Աշոտ Զորյանը, Բյուզանդ Կոջամանյանը, Սիմոն Սամսոնյանը (վերջին երկուսը հետագայում բնակվել են ԱՄՆ-ում), Համբարձումյանը, Արտե (Արտեմիս) Թոփալյանը, Շուշան Եգոյանը։ Ստեղծագործ, կյանքը Եգիպտոսում է սկսել Հակոբ Հակոբյանը (1962 թվականին հայրենադարձել է), պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ («Կինը խոհանոցում», 1959, «Սխտորներ», 1961, «Վիշտ», 1961, և այլն)։ Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ Օննիկ Ավետիսյանն ազգային թեմաներով ստեղծել է «Եղերամայրեր» (1946), «Հայկական պար», «Անթիլիաս» և այլ գործեր, որոնք առանձնանում են ընդգծված ծավալներով, հնչեղ գույներով, գծանկարի ամուր կառուցվածքով։ Հրատարակել է նաև «Փորձ մը հայ տպագրական տառերու բարեփոխութեան եւ արդիականացման» (1946) գիրքը։ Նրա «Հայ նկարիչներ և քանդակագործներ» (ֆրանսերեն, 1959) գիրքը եզակի ներդրում է հայ կերպարվեստագիտության մեջ։ Եգիպտահայ արվեստագետների նոր սերնդի ներկայացուցիչներից են Ջեկ Փափազյանը, Ավետիսյանը, էլիս Վարթումյանը, Վարդապետյանը, Արմենուհի ժամկոչյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png