Դմիտրի Կեսայանցը ծնվել է 1931 թվականին Երևանում՝ Կարսից արտագաղթած ազնվականների ընտանիքում։ Հորական կողմի նախնիները ստիպված էին իրենց իրական Բագրատունի ազգանունը փոխել Կեսայանցի, որպեսզի խուսափեն բոլշևիկների ճնշումներից։ Այնուամենայնիվ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ) իմացավ ընտանիքի ազնվական արմատների մասին և երբ Դմիտրին 12 տարեկան էր, ընտանիքն աքսորվեց Սիբիր։ 1949 թվականին Կեսայանցը վերադարձավ Հայաստան։ Աքսորի դժվար ժամանակաշրջանին է նվիրված Կեսայանցի վերջին սցենարը՝ «Աստծո պատիժը», որի հիման վրա այդպես էլ ֆիլմ չնկարահանվեց։
Կեսայանցի առաջին իսկ ֆիլմերը բախվեցին խորհրդային սուր գրաքննությանը։ «Ավդոյի մեքենան» կարճամետրաժ ֆիլմը խիստ կրճատվեց և արդյունքում չցուցադրվեց։ Հաջորդ՝ «Մարդն Օլիմպոսից» ֆիլմը, ցուցադրվեց սահմանափակ թվով կինոթատրոններում։ Տարիներ շարունակ գրաքննությունը մերժում էր նրա սցենարները և ֆիլմերը։ Սակայն չնայած պրոֆեսիոնալ բոլոր դժվարություններին՝ Կեսայանցին հաջողվեց նկարահանել մի շարք ֆիլմեր, որոնք դասվեցին հայկական կինեմատոգրաֆի դասական գործերի շարքին։ Նրանց թվում էին՝ «Տերն ու ծառան» (1962), «Զինվորն ու փիղը» (1978), «Տանիքի ավտոմեքենան» (1980), «Հեծյալը, որին սպասում են» (1984), «Անիծվածները» (1991)։ Վերջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի պատմության մեջ դարձավ ամենադիտվածը։
2011 թվականին Դմիտրի Կեսայանցի 80-ամյակը հանդիսավոր նշվեց Երևանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում նրա ֆիլմերի ցուցադրմամբ, ինչպես նաև «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում հոբելյանական երեկոյի կազմակերպմամբ։
Մեկ տարի անց, «Կինոաշուն 2012» փառատոնի ժամանակ ներկայացվեցին գրքեր՝ նվիրված Դ. Կեսայանցին[1]։
2013 թվականին կինոռեժիսոր Ալեն Մենուան, ով ժամանակին սովորել էր Դ. Կեսայանցի մոտ, նկարահանեց «Դմիտրի Կեսայանց. Առաջին ծանոթությունը...» փաստագրական ֆիլմը[2]։