Դեմետեր Չիպարուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեմետեր Չիպարուս
ռում.՝ Dumitru Chipăruș
Ծնվել էսեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[1][2]
ԾննդավայրDorohoi, Բոտոշանի, Ռումինիա
Մահացել էհունվարի 22, 1947(1947-01-22)[1][2] (60 տարեկանում)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
Ֆրանսիա
Մասնագիտությունքանդակագործ
Demetre Chiparus Վիքիպահեստում

Դեմետեր Չիպարուս (ռում.՝ Dumitru Chipăruș, սեպտեմբերի 16, 1886(1886-09-16)[1][2], Dorohoi, Բոտոշանի, Ռումինիա - հունվարի 22, 1947(1947-01-22)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ռումինացի քանդակագործ: Ստեղծագործել է ար-դեկո ոճով, ապրել ու աշխատել է Փարիզում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռումինիայում 1886 թվականի սեպտեմբերի 16-ին: 1909 թվականին մեկնել է Իտալիա, սովորել է քանդակագործ Ռաֆայելո Ռոմանելիի մոտ: 1912 թվականին Չիպարուսը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հաճախել է Փարիզի գեղարվեստի դպրոց, դասեր առել Անտոնին Մերսիեից ու Ժան Բուշեից: Ստեղծագործել սկսել է ռեալիստական ոճի ոչ մեծ քանդակներով, որոնց առաջին ցուցադրությունը կայացել է 1914 թվականին Փարիզյան սալոնում: Վարպետի առաջին քանդակաշարքերը, որոնք արտադրության մեջ են ներառվել, պատկերում են երեխաների:

1920-ական թվականներից ձևավորվել է Չիպարուսի հասուն ոճը, որն առանձնանում է մեծ դեկորատիվությամբ ու ազդեցիկությամբ: Քանդակագործի արվեստը մեծ մասամբ պատկերում է պարուհիների ու իր ժամանակի նշանավոր կանանց: Նրա աշխատանքների իրականացման իրավունքի մեծ մասը ձեռք է բերել Edmond Etling et Cie բրոնզ ձուլող ընկերությունը, որի տնօրենը եղել է Ժյուլիեն Դրեյֆուսը: Les Neveux de J. Lehmann ընկերությունը երկրորդ խոշոր կազմակերպությունն է, որ համագործակցել է քանդակագործի հետ:

Չիպարուսը հազվադեպ է ներկայացրել իր աշխատանքները փարիզյան ամենամյա սալոններում: 1928 թվականին նա ցուցադրել է «Նետաձգորդուհին» քանդակը, իսկ 1928 թվականին` «Տա Կեո պարուհին»:

Նացիստական հալածանքների և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մետաղաձուլական ընկերությունները գրեթե դադարել էին Չիպարուսի աշխատանքները ձեռք բերելուց: Տնտեսական իրավիճակը նպաստավոր չէր կիրառական արվեստի զարգացման համար. շատ քանդակագործների ֆինանսական դրությունը գնալով վատանում էր: 1940-ական թվականների սկզբից Չիպարուսը չէր վաճառել գրեթե ոչ մի մոդել, սակայն շարունակել է աշխատել իր համար` ստեղծելով ար-դեկո ոճի քանդակներ: 1942 թվականին Փարիզյան սալոնում ցուցադրվել են քանդակագործի «Բևեռային արջ» և «Ամերիկյան բիզոն» գիպսե քանդակները, իսկ 1943 թվականին ներկայացրել է բևեռային արջի մարմարե և ձկնկուլի գիպսե քանդակները:

Չիպարուսը մահացել է 1947 թվականին:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմետեր Չիպարուս, «Պարուհի»

Չիպարուսի քանդակները ար-դեկո ոճի դասական օրինակ են կիրառական խրիսոէլեֆանտինային քանդակագործության մեջ: Ավանդաբար վարպետի ստեղծագործության վրա երեք ազդեցություն է առանձնացվել. Դյագիլևի ռուսական բալետը, Եգիպտոսի արվեստը և ավելի քիչ` ավանգարդ արվեստը: Չիպարուսի որոշ քանդակներ ռուս պարուհիներով հիացմունքի ուղղակի դրսևորում են: Այսպես, «Պարսկական պար» քանդակախմբի կերպարներն ունեն Վացլավ Նիժինսկու և Իդա Ռուբինշտեյնի դիմագծերը, իսկ «Ծովային աստղ» քանդակի հագուստը նույնությամբ կրկնում է Ռիմսկի-Կորսակովի «Ստորջրյա թագավորություն» բալետի հագուստի էսքիզը: Քանդակագործը ռուսական թատրոնի ազդեցությունը կարող էր կրել և միջնորդավորված կերպով` ֆրանսիական լայն հասարակության համար հարմարեցված երաժշտական ներկայացումների միջոցով: Չիպարուսը հաճախ է իր քանդակները ստեղծել փարիզյան պարուհիների լուսանկարներով, ինչպես «Օղակով պարուհին» քանդակի դեպքում, որը գրեթե նույնությամբ կրկնում է «Փարիզյան մյուզիք-հոլլ» ալբոմի այդ ժամանակ շատ հայտնի լուսանկարները:

Հին Եգիպտոսի և Հին Արևելքի արվեստը փարիզյան նորաձևության մեջ է մտել 1922 թվականին Թութանհամոնի դամբարանի բացումից հետո: Սա նույնպես իր ազդեցությունն է թողել Չիպարուսի արվեստի վրա: Նա ստեղծել է մի շարք քանդակներ թագուհի Կլեոպատրայի կերպարանքով, ինչպես նաև «Եգիպտական պարուհիներ» շարքը:

Չիպարուսի աշխատանքներն իր ժամանակի արտացոլանքն են, 1920-1930-ական թվականների ոգու արտացոլանքը: Հենվելով կիրառական արվեստի փարիզյան հարուստ ավանդույթների վրա` դրանք միավորել են շքեղությունն ու նրբագեղությունը:

Չիպարուսի աշխատանքների հանդեպ գեղարվեստական հետաքրքրություն է առաջացել 1970-ական թվականներին, իսկ 1990-ական թվականներից այն մշտական աճ է դրսևորում: Ռուսաստանում Չիպարուսի ամենախոշոր հավաքածուն` մոտ 100 աշխատանքով, ներկայացնում է Մոսկվայի Ար-դեկո թանգարանը:

Քանդակագործը իր գրեթե բոլոր աշխատանքները ստորագրել է «DH Chiparus», որ փորագրված է քադակի քարե հիմքին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Victor Arwas. «Art deco» — London: 1992 [1]
  • Victor Arwas. «Art Deco Sculpture: Chryselephantine Statuettes of the Twenties and Thirties» — London: 1975 [2]
  • Bryan Catley. «Art Deco and other Figures» — Woodbridge, Suffolk: 1978 [3]
  • Alberto Shayo. «Chiparus: Master of Art Deco» — New York: 1993 [4]
  • Окроян, М. О.. «Скульптура ар деко: истоки и рассвет» (т.1) — Москва: Russian Art Institute, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]