Գլաձորի բազմամետաղային հանքավայր
Գլաձորի բազմամետաղային հանքավայր, հանքավայր ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր գյուղի մոտ։ Ջրաջերմային, ցինկ-կապարային (պղնձի բարձր պարունակությամբ), երակային հանքայնացմամբ հանքավայր է։ Հայտնի է 19-րդ դարի վերջից։
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է վերին կավճի, էոցենի, օլիգոցենի ու պլիոցենի հրաբխածին, հրաբխածին-նստվածքային, նստվածքային և միջին օլիգոցենի գրանիտոիդային խորքային հրային ապարներից, որոնք Թեժլեռան մոտ առաջացրել են հսկա ապարազանգված։ Վերջինիս որոշ տեղամասերում կողային ապարները ջրաջերմային ներգործության հետևանքով ենթարկվել են կարբոնատացման, քլորիդացման, էպիդոտացման և այլ փոփոխությունների։ Փոխակերպային ապարներում առանձնացվում են բազմամետաղային, երակային և երակիկացանավոր տիպի հանքանյութեր։
Հանքավայրում սահմանազատվում են բազմամետաղային երակների տեղամասեր։ Երակների մեծ մասի երկարությունը 60-70 մ է, երբեմն՝ 500-2000 մ, հաստությունը՝ մի քանի սմ-ից 1, 2-1, 5 մ, առանձին դեպքերում՝ 2-3 մ։ Հանքանյութը կազմված է հիմնականում սֆալերիտ, գալենիտ, խալկոպիրիտ, պիրիտ, քվարց, կալցիտ միներալներից։ Հանքանյութը ցինկի, կապարի ու պղնձի բարձրորակ հումք է և պարունակում է ազնիվ մետաղներ, հազվագյուտ ու ցրված քիմիական տարրեր։ Ներկայումս (2006 թ) վերսկսվել է հանքավայրի ուսումնասիրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |