Գիտություն և բարեգործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտություն և բարեգործություն
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1897
բարձրություն197,5 սանտիմետր
լայնություն250 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊիկասոյի թանգարան
հավաքածուՊիկասոյի թանգարան
սեփականատերՊաբլո Պիկասո
Ծանոթագրություններ

Գիտություն և բարեգործություն (իսպ.՝ Ciencia y caridad), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի աշխատանքներից, որն ստեղծվել է 1897 թվականին՝ 15 տարեկան հասակում՝ ուսումնառության փուլում և իր հոր Խոսե Ռուիս Բլասկոյի ազդեցության տակ։ Արված է յուղաներկով կտավի վրա։ Պատկանում է Բարսելոնի Պիկասոյի թանգարանին։ Նվեր է ստացվել նկարչից 1970 թվականին։ Չափսերը 197 × 249 սմ են[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին տասնհինգամյա Պաբլո Պիկասոն Բարսելոնայում կերպարվեստի և գեղարվեստական արհեստների երրորդ ցուցահանդեսին ներկայացրել է «Առաջին հաղորդություն» նկարը, որն այնտեղ ստացել է քննադատների դրական արձագանքը։ Դա դրդել է Խոսե Ռուիս Բլասկոյին տղայի համար Բարսելոնայում Կալե դե լա Պլատային կից վարձակալել շինություն, որ Պաբլոն կարողանա նկարել իր նոր կտավը՝ «Գիտություն և բարեգործություն»-ը։ Խոսե Ռուիսը հույս էր կապում որդու հետ։ Նա ցանկանում էր, որ երիտասարդ նկարիչը կենտրոնանա ակադեմիական գեղանկարչության վրա և հասնի հաջողության ազգային նկարչական ցուցահանդեսներում, որոնք ամեն տարի անցկացվում էին Մադրիդում։ Այդ իսկ պատճառով նա որդուն լավ ակադեմիական պատրաստվածություն է տվել։

Մոր այցը հիվանդանոց, Էնրիկե Պատերինա Գարսիա Սիդ, 1892։

Գիտության, բժշկության և բարեգթության թեմաները տարածվում էին առավել պահպանողական թերթերի և ամսագրերի կողմից 19-րդ դարի կեսերին և արտացոլումն էին մարդասիրական զգացմունքների և գիտության զարգացման նկատմամբ։ Միևնույն ժամանակ ժողովրդականություն էր հավաքում միջազգային սոցիալական ռեալիզմ շարժումը, որը հասարակության ուշադրությունն էր հրավիրում աղքատների վիճակի վրա։ Գեղանկարչությունը ևս լուսաբանում էր սոցիալական խնդիրները։ Հիվանդասենյակի և գթասրտության թեման առկա է նաև իսպանացի նկարիչ Էնրիկե Պատերինա Գարսիայի («Մոր այցը հիվանդանոց», 1892) աշխատանքում։ Ներկայումս այն գտնվում է Պրադո թանգարանում՝ Մադրիդում[2]։ «Գիտություն և բարեգործություն»-ը կոմպոզիցիոն նմանություն ունի այդ աշխատանքի հետ։ Հնարավոր է, այն երիտասարդ նկաչի համար դարձել է ոգեշնչման աղբյուր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ստեղծմանը Պիկասոն մոտեցել է արդեն տեխնիկապես պատրաստ։ Կտավը տպավորիչ չափսերի է և դասական կոմպոզիցիայով։ Նրանում բոլոր կերպարները դասավորված են այնպես, որ հանդիստեսի ուշադրությունը ամբողջությամբ կենտրոնանում է հիվանդի վրա։ Ոչ մեծ սենյակը, լուսավորությունը և գունային գամման ստեղծում են մտերմության մթնոլորտ։

Իր նկարի համար նկարիչը 10 պեսետայով վարձել է աղքատ կնոջ՝ գրկում երեխա, որը ողորմություն էր խնդրում փողոցում։ Նրանք դարձել են բնորդ հիվանդի և երեխայի համար։ Միանձնուհու դերում, հավանաբար, հանդես է գալիս դեռահաս՝ Պաբլոյի ընկերներից մեկը։ Միանձնուհին երեխային պահում է գրկում։ Նա հավանաբար հիվանդի որդին է։ Բժիշկը չափում է հիվանդի զարկերակը։ Նրա աջ ձեռքը ունի դիտավորյալ սառը երանգ։ Բժշկի դերը տանում է նկարչի հայրը, որը այդ ժամանակ որդու մշտական բնորդն էր[1]։ Նկարին նախորդել են բազմաթիվ ուրվանկարներ և էսքիզներ։ Բարսելոնայում Պիկասոյի թանգարանում պահվում են այս աշխատանքի 6 էսքիզ։

«Գիտություն և բարեգործություն»-ը սինթեզում է 19-րդ դարի վերջի զանգվածային տրամադրությունները։ Չնայած այն բանին, որ բժիշկները համարվում էին հերոսներ հասարակության ծառայության մեջ, կրոնը ավելի մեծ վստահություն էր ներշնչում[1]։

Մրցանակներ և ակադեմիզմից դուրս գալու որոնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը կտավի վրա աշխատել է 1897 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում, իսկ մայիսին ներկայացրել է այն Մադրիդի գեղարվեստի ազգային ցուցահանդեսին և դրա համար ստացել է պատվավոր մրցանակ։ Ավելի ուշ նկարը ցուցադրվել է Մալագայի գավառական ցուցահանդեսում, որտեղ արժանացել է Ոսկե մեդալի[3]։

Չնայած հասած հաջողությանը, «Գիտություն և բարեգործություն»-ը դարձել է նկարչի վերջին մեծ աշխատանքը՝ ստեղծված ակադեմիական ոճով[1]։ Պիկասոն արդեն այն ժամանակ շատ քննադատաբար էր տրամադրված նկարչական պատրաստությանը, որն անցակացվում էր Մադրիդում՝ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Քիչ թվով դասերից մեկը, որը նա գնահատել է իր ակադեմիական կրթությունում, դարձել է նկարչությունը բնությունից։ Բայց այնուամենայնիվ նկարիչը որոշել է ամբողջությամբ հեռանալ ակադեմիական ոճից։ Երիտասարդ Պիկասոն հրաժարվել է կարիերայի հավակնություններից, որը հիմնված է պարգևների և պատվի վրա, և սկսել է փնտրել ակադեմիզմից դուրս գալու ճանապարհ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ciencia y Caridad». Museu Picasso de Barselona. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «La visita de la madre al hospital». Museo del Prado. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «El moll de l'os de 'Ciència i caritat'». Are.cat. Cultura. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.