Երգչուհի Գայա Արզումանյանը ծնվել է ավանդապաշտ ընտանիքում։ Ծնողներն են Շմավոն և Արմինե (Արմենուհի) Արզումանյանները։ Երգչուհին ունի երեք քույր՝ Լիլիան, Ջուլիետտան, Աշխենը, և մեկ եղբայր՝ Աշոտը։
Միջնակարգ կրթությունը ստացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2001-2003 թվականներին եղել է Արցախի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սան։ 2004-2009 թվականներին եղել է «Արցախի Ձայն» նախագծի մեներգչուհի։ Այս նախագծով, համերգային ծրագրերով ելույթ է ունեցել Թեհրանի, Լոս Անջելեսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի տարբեր քաղաքների մեծ բեմերում։ 2005 թվականին մասնակցել է «Ընծա» երգի համահայկական միջազգային փառատոնին։ 2008 թվականին իր մասնակցությունն է ունեցել Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ-փառատոնին։ 2009 թվականին մասնակցել է Եվրատեսիլ մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին և զբաղեցրել առաջին հորիզանականը։ 2012 թվականին մասնակցել է «Հայաստանի Ձայնը» նախագծին և հասել է եզրափակիչ փուլ։ 2005-2009 թվականներին եղել է Երգի պետական թատրոնի մեներգչուհի։ 2006-2013 թվականներին դասավանդել է Արցախի Սայաթ–Նովայի անվան երաժշտական ուսումնարանում։ Համերգային ծրագրերով հանդես է եկել Արտո Թունջբոյաջյանի և Armenian Navy Band–ի, Մարիամ Մերաբովայի, Էռնա Յուզբաշյանի, Արթուր Գրիգորյանի և այլոց հետ[1]։