Բորիս Եգորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Եգորով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1937(1937-11-26)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էսեպտեմբերի 12, 1994(1994-09-12)[2][3] (56 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1961)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, տիեզերագնաց և science astronaut
ԱմուսինՆատալյա Ֆատեևա և Նատալյա Կուստինսկայա
Ծնողներհայր՝ Բորիս Եգորով
Պարգևներ և
մրցանակներ
 Boris Yegorov Վիքիպահեստում

Բորիս Բորիսովիչ Եգորով (ռուս.՝ Борис Борисович Егоров, նոյեմբերի 26, 1937(1937-11-26)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 12, 1994(1994-09-12)[2][3], Մոսկվա, Ռուսաստան), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1964), բուժծառայության գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1984)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատի անդամ 1964 թվականից։ 1964 թվականի հոկտեմբերի 12-13-ին Վլադիմիր Կոմարովի, Կոնստանտին Ֆեոկտիստովի հետ թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավ-արբանյակով։

Եգորովը Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր էր (1965

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Եգորովը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 26-ին հայտնի նյարդավիրաբույժ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ակադեմիկոս Բուդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բորիս Եգորովի ընտանիքում։ Մայրը՝ Աննա Վասիլևնան, ակնաբույժ էր․ մահացել է, երբ Բորիսը 14 տարեկան էր։

Բարձր կուրսում բժշկական ինստիտուտի ուսանողին սկսեց ավելի ու ավելի հետաքրքրել նոր գիտությունը՝ տիեզերական բժշկությունը։ Եվ նա սկսեց որպես լաբորանտ աշխատել ինստիտուտում, որը զբաղվում էր այդ խնդիրների մշակմամբ։

1961 թվականին ավարտելով Ի․ Սեչենյովի անվան Մոսկվայի Լենինի շքանշանակակիր բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ երիտասարդ բժիշկը վերջնականապես սկսեց զբաղվել տիեզերական բժշկությամբ։ Տիեզերք թռչելու համար մարզումների կուրս անցավ և ակտիվորեն ներգրավվեց գիտահետազոտական աշխատանքում։

Տիեզերք թռչելու պահին արդեն հրատարակել էր 10 գիտական աշխատություն և գրեթե վերջացրել էր թեկնածուական ատենախոսությունը՝ «Վեստիբուլյար կորիզների նյարդաբջիջների աֆերենտ կապերի որոշ առանձնահատկություններ» թեմայով։

1964 թվականի հոկտեմբերի 12-ին Վլադիմիր Կոմարովի և Կոնստանտին Ֆեոկտիստովի հետ «Վոսխոդ-1» տիեզերանավով թռավ տիեզերք՝ դառնալով առաջին բժիշկը, ով թռավ տիեզերք։

Թռիչքի ընթացքում Եգորովին հաջողվեց հավաքել գիտական արժեքավոր նյութեր։ Բժիշկ-տիեզերագնացն այսպես է գնահատել թռիչքը․ ««Վոսխոդ-1» տիեզերանավում մենք ուսումնասիրեցինք տիեզերական թռիչքի գործոնների ազդեցությունը վեստիբուլյար ապարատի՝ զգայական օրգանի վրա, որը հակազդում է մարմնի դիրքի փոփոխությանը տարածության մեջ։ Այս ամենը ստիպված էի ինձ վրա փորձարկել։ Արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր փաստացի նյութ, որն օգնեց ընդարձակել և ճշգրտել նախկինում առաջ քաշված վարկածները»։ Թռիչքի ընթացքում՝ անկշռության պայմաններում, Բ․ Եգորովը հատուկ գրքույկում գրի էր առնում սարքերի ցուցմունքները, որոնք բնութագրում էին տիեզերագնացների ֆիզիոլոգիական վիճակը։ Տիեզերքում տեղեկություններ հավաքեց անկշռության՝ տիեզերագնացի օրգանիզմի վրա ունեցած ազդեցության մասին։ Բ․ Եգորովը գրում էր․ ««Վոսխոդ-1» տիեզերանավում բժշկի համար բավականին, արտասովոր հետաքրքիր գործ գտնվեց, որն այժմ օգնում է ավելի մեծ հարմարավետություն ստեղծել մեր հաջորդ տիեզերագնացների համար։ Նրանց թվում կլինեն, իհարկե, և բժիշկներ․․․»։

1964 թվականի հոկտեմբերի 19-ի ԽՍՀՄ գերագույն խորհրդի հրամանով բժիշկ-տիեզերագնաց Բ․ Եգորովին շնորհվեց ԽՍՀՄ հերոսի և ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնացի կոչում, տրվեց Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ (№ 11228)։

Տիեզերք թռչելուց հետո Բ․ Եգորովը շարունակեց գիտահետազոտական աշխատանքը։ Այցելեց շատ երկրներ։ 1965 թվականին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում տրվեց բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1966 թվականին դարձավ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի դափնեկիր։ 1964-1984 թվականներին աշխատեց Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտում։

1967 թվականին Բ․ Եգորովը պաշտպանեց ատենախոսություն բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար։ Այդ աշխատության գիտական նշանակությունն այն է, որ հեղինակն առաջին անգամ հետազոտում է աֆերենտ համակարգերի զուգամետությունը վեստիբուլյար կորիզների նեյրոնների վրա։

1984-1992 թվականներին եղել է Կենսաբժշկական տեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ 16 հայտնագործությունների, ավելի քան 120 գիտական հրատարակությունների հեղինակ է։ Ամուսնացել է 4 անգամ․ նրա կանանցից են եղել դերասանուհիներ Նատալյա Ֆատեևան (1965-1970) և Նատալյա Կուստինսկայան (1970-1989), ունեցել է 3 երեխա։

Մահացել է կաթվածից, թաղվել Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանոցում (7-րդ հողակտոր, 16-րդ շարք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Егоров Борис Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 483