Բոլդինյան աշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլդինյան աշուն (ռուս.՝ Болдинская осень), առավել բեղմնավոր ստեղծագործական շրջանը Ալեքսանդր Պուշկինի կյանքում։ Այդ ընթացքում նա մեկուսացել է Մեծ Բոլդինո կալվածքում խոլերայի կարանտինի պատճառով, ինչը համընկել է Նատալյա Գոնչարովայի հետ երկար սպասված ամուսնությանը նախապատրաստվելու շրջանին։ Այդ ընթացքում նա ավարտել է աշխատանքը «Եվգենի Օնեգին» չափածո վեպի, «Բելկինի վիպակները» և «Փոքր ողբերգություններ» շարքերի վրա, գրել «Տնակ Կոլոմնայում» պոեմն ու շուրջ 32 քնարական բանաստեղծություններ։

1830 թվականի գարուն և ամառ[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականի մայիսի 6-ին պաշտոնապես հայտարարվել է Պուշկինի ու Գոնչարովայի նշանադրության մասին։ Սակայն հարսանիքը մի քանի անգամ հետաձգվել է, որովհետև Նատալյա Գոնչարովայի մայրը չի ցանկացել աղջկան ամուսնացնել առանց օժիտի, իսկ սննկացած ընտանիքը փող չի ունեցել։ Նույն թվականի օգոստոսին մահացել է Պուշկինի հորեղբայրը՝ Վասիլի Պուշկինը։ Հարսանիքը նորից հետաձգվել է սգի պատճառով, և օգոստոսի 31-ին Պուշկինը Մոսկվայից մեկնել է Բոլդինո, որպեսզի ընդունի մոտակա Կիստենյովո գյուղի տնօրինությունը, որը հոր՝ Սերգեյ Պուշկինի կողմից նրան էր հատկացվել ամուսնության առթիվ։ Մեկնելուց առաջ Պուշկինը վիճել է ապագա զոքանչի հետ և նրա հետ բախման ազդեցության տակ գրված նամակում հայտարարել է, որ Նատալյա Նիկոլաևնան «բոլորովին ազատ» է, իսկ ինքը կամուսնանա միայն նրա հետ, կամ չի ամուսնանա երբեք[1]։

Աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինների տունը Մեծ Բոլդինոյում

Բոլդինո Պուշկինը հասել է սեպտեմբերի 3-ին՝ մտադրվելով մեկ ամսվա ընթացքում ավարտել գործերը։ Սկզբում նա զգուշացել է, թե աշխատանքի լավագույն շրջանը (սովորաբար նա շատ է ստեղծագործել աշնանը) ամբողջովին կզբաղեցնեն կալվածքի տնօրինությունն ստանձնելու և Կինտենյովի գրավադրման հոգսերով[Ն 1]։ Այդ ուղևորության ժամանակ Պուշկինն իր հետ վերցրել է ընդամենը երեք գիրք՝ Նիկոլայ Պոլևոյի «Ռուս ժողովրդի պատմության» երկրորդ հատորը, «Իլիականը» Նիկոլայ Գնեդիչի թարգմանությամբ և անգլիացի գրողների, այդ թվում նաև Բարրի Կոռնուոլի ստեղծագործությունները։

Պուշկինի պլանների իրականացմանը խանգարել է Ռուսաստանում բռնկված խոլերայի համաճարակը․ կարանտինի պատճառով նա Բոլդինոյում մնացել է երեք ամիս, որոնք դարձել են ամենաբեղմնավորը նրա ստեղծագործական կյանքում[2]։

Գրողի անհանգստությունների արտացոլումն են դարձել ժամանումից կարճ ժամանակ անց ստեղծված «Դևեր» (ռուս.՝ «Бесы») և «Էլեգիա» («Անցած բերկրանքը անմիտ օրերի», ռուս.՝ «Безумных лет угасшее веселье…») ստեղծագործությունները[3]։ Սակայն շուտով Պուշկինն ստանում է հարսնացուի նամակը[Ն 2], որը վերադարձնում է նրա հոգեկան հավասարակշռությունը։ Իր ընկերոջը՝ հրատարակիչ Պյոտր Պլետնյովին Պուշկինը հայտել է, թե իր նամակում նա «խոստանում է ամուսանալ ինձ հետ թեկուզ առանց օժիտի» և իրեն կանչում է Մոսկվա[4]։ Կիստենյովի գործերը վստահվել էին գրագիր Պյոտր Կիրեևին, և գրողը, որն արդեն համոզվել էր, որ Գոնչարովան հեռացել է Մոսկվայից, որտեղ տիրում էր խոլերայի համաճարակը, հավատացնում է ընկերոջը, որ ինքն այտեղ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ[5]։

Սեպտեմբերի 13-ին Պուշկինը գրել է «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» խրատական ստեղծագործությունը[2]։

1830 թվականի աշունը Պուշկինի համար դարձել է արդյունքների ամփոփման շրջան։ Նշանադրության մասին ծնողներին ուղարկած ուղերձում (1830 թվականի ապրիլի 6-11) նա գրել էր, որ սկսվում է նոր շրջան․ այդ մասին նա գրել է նաև Պլետնյովին արդեն Բոլդինոյից․ «Доселе он я — а тут он будет мы. Шутка!» (XIV, 113, 29 սեպտեմբերի, 1830)։ Անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները համընկել են գրական գործունեության նոր փուլի հետ։ «Եվգենի Օնեգինի» եզրափակիչ գլուխը բանաստեղծն սկսել է իր ստեղծագործության հետադարձ պատկերմամբ՝ նրա զարգացումը խորհրդանշական կերպով ներկայացնելով «Մուսայի կերպարների փոփոխությամբ», իսկ իր գրական ուղղության էվոլյուցիան, ըստ Դմիտրի Բլագոյի խոսքերի, որպես «անցում ռոմանտիզմից ռեալիզմին, պոեզիայից՝ արձակին»[6]։

Հոկտեմբերի առաջին օրերին Պուշկինը փորձել է հեռանալ Բոլդինոյից, սակայն նրան չի հաջողվել հաղթահարել կարանտինային շրջափակումը։ 1830 թվականի դեկտեմբերի 5-ին Պուշկինը երրորդ անգամ փորձելուց հետո կարողացել է վերադառնալ խոլերայի պատճառով դեռևս կարանտինի մեջ գտնվող Մոսկվա։ Դեկտեմբերի 9-ին նա գրել է Պլետնյովին․

Կասեմ քեզ (որպես գաղտնիք), որ ես Բոլդինոյում գրել եմ այնպես, ինչպես վաղուց արդեն չեմ գրել։ Ահա թե ինչ եմ ես բերել այստեղ․ Օնեգինի 2 [գլ<ուխ>] վերջին գլուխները՝ 8-րդը և 9-րդը, ամբողջովին պատրաստ տպագրության։ Օկտավներով գրված վիպակ (400 տող), որը կտամ Anonyme։ Մի քանի դրամատիկական տեսարաններ կամ փոքր ողբերություններ, մասնավորապես՝ Ժլատ ասպետը, Մոցարտ և Սալիերի, Խրախճանք ժանտախտի ժամանակ, և Դ․<ոն> Ժուան։ Դրանից բացի գրել եմ շուրջ 30 փոքր բանաստեղծություններ։ Լա՞վ է։ Դեռ ամենը չէ․ (Խիստ գաղտնի) Գրել եմ ես արձակ հինգ վիպակ․․․․ որոնք կտպագրենք նույնպես Anonyme։

— Ա․ Պուշկին, Նամակ Պ․ Պլետնյովին, 9 դեկտեմբերի, 1830 թվական, Մոսկվա[7]

Բոլդինյան ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելկինի վիպակները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դագաղագործը» վիպակի ձեռագիրը, 1830 թվականի սեպտեմբեր

«Բելկինի վիպակները» պուշկինյան արձակի առաջին պահպանված օրինակներն են։ Արդեն 1821 թվականին Պուշկինը սահմանել է պատումի օրենքը․ «Ճշգրտություն և հակիրճություն․ ահա արձակի առաջին արժանիքները։ Այն պահանջում է մտքեր ու մտքեր․ առանց նրանց փայլուն արտահայտությունները ոչնչի չեն ծառայում» (ռուս.՝ «Точность и краткость — вот первые достоинства прозы. Она требует мыслей и мыслей — без них блестящие выражения ни к чему не служат»)[8]։ Պուշկինի՝ որպես արձակի վարպետի կայացումն սկսվել է «Պետրոս Մեծի արաբը» (ռուս.՝ «Арап Петра Великого», 1827) ստեղծագործությունից։ «Բելկինի վիպակներն» ավարտին են հասցրել այդ փուլն ու կանխորոշել Պուշկինի ստեղծագործության հետագա ուղղությունը․ հաջորդ տարիներին նա ստեղծագործել է հիմնականում արձակ։

Վիպակներից յուրաքանչյուրի ավարտման ամսաթիվը Պուշկինը նշել է ստորագրություններում․ սեպտեմբերի 9-ի ավարտվել է «Դագաղագործը», սեպտեմբերի 14-ին՝ «Կայարանի տեսուչը», սեպտեմբերի 20-ին՝ «Օրիորդ գեղջկուհին» (ռուս.՝ «Барышня-крестьянка»), հոկտեմբերի 14-ին՝ «Կրակոցը», հոկտեմբերի 20-ին՝ «Փոթորիկը» (ռուս.՝ «Метель»)։ Գիրքը լույս է տեսել 1831 թվականի հոկտեմբերին «Հանգուցյալ Իվան Պետրովիչ Բելկինի վիպակները՝ հրատարակված Ա․ Պ․-ի կողմից» (ռուս.՝ «Повести покойного Ивана Петровича Белкина, изданные А. П.») խորագրով և հաջողություն չի ունեցել ո՛չ ընթերցողների, ո՛չ քննադատների շրջանում։ Այսպես, Նիկոլայ Պոլևոյը վիպակները կոչել է «ֆարսեր, որ պրկված են պարզության սեղմիրանի մեջ բոլորովին առանց գթասրտության»։ Իր ծանոթների մեկի հետ զրույցում Պուշկինը, պատասխանելով այն հարցին, թե ով է այդ Բելկինը, ասել է․ «Ով էլ նա լինի, բայց վիպակներ գրել պետք է հենց այսպես՝ պարզ, հակիրճ ու հասկանալի»[9]։

Փոքր ողբերգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինն իր ձեռքով 1830 թվականի նոյեմբերին գրել է Բոլդինոյում ստեղծված դրամատիկական ստեղծագործությունների ցանկը, որին ավելացրել է «Տնակ Կոլոմնայում» («վիպակ՝ գրված օկտավներով», ավարտվել է հոկտեմբերի 9-ին[2]) ստեղծագործությունը․

I.«Окт.» (то есть Октавы — «Домик в Коломне»). II.«Скупой». III.«Сальери». IV. «Д.Г.» (Дон Гуан—"Каменный гость"). V.«Plague» («Пир во время чумы»).
I. «Օկտ.» (այսինքն՝ Օկտավներ — «Տնակ Կոլոմնայում»), II. «Ժլատը», III. «Սալիերի», IV. «Դ․Ժ.» (Դոն Ժուան— «Քարե հյուրը»), V.«Plague» («Խրախճանք ժանտախտի ժամանակ»)։

Քննադատական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական գրական աշխարհում 1830-ական թվականներին ստեղծված իրավիճակը, մեկուսացումը, որում հայտնվել էին «Լիտերատուրնայա գազետա» պարբերականի աշխատակիցները և հատկապես Ֆադեյ Բուլգարինի հետ սրված հարաբերությունները Պուշկինին ստիպել են առաջին անգամ դիմել գրական բանավեճին և վերագնահատմա ենթարկել իր բոլոր նշանակալի սեղծագործությունները («Ռուսլան և Լյուդմիլա», «Եվգենի Օնեգին», «Կոմս Նուլին», «Պոլտավա»)։ Հոկտեմբերի 2-ին՝ Մոսկվա գնալու անհաջող փորձից հետո, նա սկսում է իր նոթերի գրառումը․ «Ներկայում՝ կարանտինային կալանքի անտանելի ժամերին, չունենալով ինչ հետ ո՛չ գրքեր, ո՛չ ընկեր, ժամանակն անցկացնելու համար մտածեցի գրել այն բոլոր քննադատությունների հերքումը, որոնք կարող էի հիշել, և սեփական նկատողություններ իմ սեփական ստեղծագործությունների վերաբերյալ»[10]։ Պուշկինի տրամադրության տալ չեն եղել ո՛չ թերթեր, ո՛չ ամսագրեր, սակայն նա հավանաբար հիշել է իր ստացած բոլոր նշանակալի քննադատական արձագանքները։ Պուշկինը գրել է երկու մեծ գրաքննադատական շարքեր «Լիտերատուրնայա գազետա» պարբերականի համար, բայց ոչ մի հոդված չի հրապարակվել, որովհետև 1830 թվականի նոյեմբերի 15-ին թերթի հրատարակությունը դադարեցվել է։

Այլ ուղևորություններ դեպի Բոլդինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուշկինի կյանքում եղել են ևս երկու «բոլդինյան աշուններ»։ Նա Բոլդինոյում է անցկացրել 1833 թվականի հոկտեմբերը, ընդ որում՝ այդ ընթացքում նույնպես շատ է ստեղծագործել՝ գրելով «Պղնձե հեծյալ» և «Անջելո» պոեմները, «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին», «Քնած դշխուհու և յոթ քաջերի հեքիաթը», «Պիկովայա դամա» ստեղծագործությունները, մի շարք բանաստեղծություններ, ինչպես նաև ավարտել «Պուգաչյովի պատմությունը»։

Հաջորդ տարվա աշնանը Պուշկինի նորից բավական երկար ժամանակ ապրել է Բոլդինոյում, բայց գրել է միայն մեկ ստեղծագործություն՝ «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին»։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանային պոետական տոնի ֆոնին Մեծ Բոլդինոյում են տեղի ունենում խորհրդային «Պահպանիր ինձ, իմ թալիսման» (ռուս.՝ «Храни меня, мой талисман», 1986) ֆիլմի գործողությունները։

Բաշկիր նկարիչ Էնգել Նասիբուլինը պուշկինյան թեմաներով ստեղծել է օֆորտների մեծ շարք, որ կոչվում է «Բոլդինյան աշուն»[11]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չնայած ապագա զոքանչի հետ ունեցած վեճին՝ Պուշկինը պատրաստվել է գրավ դրված կալվածքի դիմաց ստացած փողի մի մասը պարտքով տալ Ն․ Գոնչարովային օժիտի համար։
  2. Սեպտեմբերի 9-ին նամակն ստանալու մասին նշում կա «Դագաղագործը» ստեղծագործության ձեռագրի վերջին էջում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ободовская, И.; Дементьев, М. Наталья Николаевна Пушкина. — 2-е изд. — М.: Советская Россия, 1987.
  2. 2,0 2,1 2,2 Ардов, Михаил.  Болдинская осень // Metro Москва. — 2015. — № 32 за 5 июня. — С. 20.
  3. Лотман Ю. М. Александр Сергеевич Пушкин: Биография писателя // Лотман Ю. М. Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960—1990; «Евгений Онегин»: Комментарий. — СПб.: Искусство-СПБ, 1995. — С. 21—184. с. 141.
  4. Пушкин А. С. Письмо Плетневу П. А., 9 сентября 1830 г. Болдино // Пушкин А. С. Полное собрание сочинений: В 16 т. — М.; Л.: Изд-во АН СССР, 1937—1959. Т. 14. Переписка, 1828—1831. — 1941. — С. 112—113.
  5. Болдинская осень. Стихотворения, поэмы, маленькие трагедии, повести, письма, критические статьи, написанные А. С. Пушкиным в селе Болдине Лукояновского уезда Нижегородской губернии / Составитель Н. В. Колосова. Сопроводительный текст В. И. Порудоминского и Н. Я. Эйдельмана. Предисловие и научная консультация Т. Г. Цявловской. — М.: Молодая гвардия, 1974. — С. 23.
  6. Благой Д. Д. Творческий путь Пушкина (1826—1830). — М.: Советский писатель, 1967. — 723 с. — С. 465—466.
  7. Пушкин А. С. Полное собрание сочинений: В 16 т. — М.; Л.: Изд-во АН СССР, 1937—1959. Т. 14. Переписка, 1828—1831. — 1941. — С. 133.
  8. Пушкин А. С. <О прозе > // Пушкин А. С. Полное собрание сочинений: В 16 т. — М.; Л.: Изд-во АН СССР, 1937—1959. Т. 11. Критика и публицистика, 1819—1834. — 1949. — С. 18—19.
  9. Петров С. Художественная проза Пушкина // Пушкин А. С. Собрание сочинений в десяти томах / Под общей редакцией: Д. Д. Благого, С. М. Бонди, В. В. Виноградова, Ю. Г. Оксмана. — М.: Государственное издательство художественной литературы; 1960. — с. 621
  10. Пушкин А. С. Опровержение на критики // Пушкин А. С. Полное собрание сочинений: В 10 т. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1977—1979. Т. 7. Критика и публицистика. — 1978. — С. 116—137. С. 116
  11. Выставка «Пушкин и Болдино в графике Э. Насибулина» в Ульяновске 2016

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Болдинская осень. Стихотворения, поэмы, маленькие трагедии, повести, письма, критические статьи, написанные А. С. Пушкиным в селе Болдине Лукояновского уезда Нижегородской губернии / Составитель Н. В. Колосова. Сопроводительный текст В. И. Порудоминского и Н. Я. Эйдельмана. Предисловие и научная консультация Т. Г. Цявловской. — М.: Молодая гвардия, 1974.
  • Ахматова А. Болдинская осень (8-я глава «Онегина<»>) // Ахматова А. О Пушкине: Статьи и заметки. — Л., 1977.
  • Беляк Н. В., Виролайнен М. Н. «Маленькие трагедии» как культурный эпос новоевропейской истории: (Судьба личности — судьба культуры) // Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1991. — Т. 14. — С. 73—96.
  • Благой Д. Д. Творческий путь Пушкина (1826—1830). — М.: Советский писатель, 1967. — 723 с.
  • Головин В. В. «Барышня-крестьянка»: почему Баратынский «ржал и бился» // Русская литература. — 2011. — № 2. — C. 119—135.
  • Елифёрова М. Шекспировские сюжеты, пересказанные Белкиным. Почему «ржал» Баратынский? // Вопросы литературы. 2003. № 1.
  • Краснобородько Т. И. Болдинские полемические заметки Пушкина: (Из наблюдений над рукописями) // Пушкин: Исследования и материалы / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкинский Дом). — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1991. — Т. 14. — С. 163—176.
  • Лотман Ю. М. Александр Сергеевич Пушкин: Биография писателя // Пушкин: Биография писателя; Статьи и заметки, 1960—1990; «Евгений Онегин»: Комментарий. — СПб.: Искусство-СПБ, 1995. — С. 21—184.
  • Смольников И. Ф. Болдинская осень. — Л.: Детская литература, 1986. — 142 с.