Բլոնդեսի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլոնդեսի գործ
Երկիր Ռուսական կայսրություն
Վարչական շրջանՎիլնյուս
Դատի սկիզբդեկտեմբերի 21, 1900
Դատի վերջփետրվարի 1, 1902

Բլոնդեսի գործը, Ռուսական կայսրությունում հակահրեական մի դատավարություն, որով Վիլնյուսի հրեա Դավիթ Բլոնդեսը մեղադրվում էր 1900 թվականի մարտի 2-ին կաթոլիկ կնոջ սպանության փորձի մեջ քրիստոնյայի արյուն ստանալու նպատակով, ինչն էլ պիտի օգտագործվեր ծիսական արարողակարգում։ 1900 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած առաջին դատավարության ընթացքում Բլոնդեսը դատապարտվեց, իսկ հետագայում՝ 1902 թվականի փետրվարի 1-ին վճիռը բեկանելու արդյունքում արդարացվեց։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի մարտի 2-ին Վիլնյուսի Թաթարական փողոցից վզին և ձախ ձեռքին ստացած երկու վերքերով ոստիկանական բաժանմունք բերվեց Վինցենտա Գրուձինսկայան։ Այդ դեպքից մի քանի օր առաջ նրան՝ որպես խոհարարուհու, վարձել էր բուժակ Դավիթ Բլոնդեսը[1]։

Կնոջ խոսքերով, երբ նա աշխատում էր խոհանոցում, ճաշասենյակից իր վրա են հարձակվում երկու մարդ, որոնց դեմքը ծածկված էր սպիտակ շորերով՝ միայն աչքերի հատվածում ճեղքեր ունեցող։ Մարդկանցից մեկը բռնում է կնոջ գլուխը, մյուսը դանակով կամ ածելիով հարվածում է կոկորդին և ձախ ձեռքին։ Փողոցի աղմուկը շեղում է հարձակվողներին։ Օգտվելով դրանից՝ Գրուձինսկայան դուրս է պրծնում և փախչում հարևանությամբ ապրող ազգական Ադամ Գրուձինսկու մոտ, որը նախկինում Բլոնդեսի ղեկավարն էր եղել։ Կինը պնդում էր, որ հարձակվողներից մեկը նման էր Բլոնդեսին, իսկ երկրորդին չի ճանաչել[1]։

Գրուձինսկայայի գոռոցից վազում են մարդիկ, որոնք Ադամ Գրուձինսկու գլխավորությամբ ներխուժում են Բլոնդեսի տուն, ծեծում անկողնում պառկած տանտիրոջը, որից հետո նա ձերբակալվում է[1]։

Կրոնական մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրուձինսկայան դատավորին հայտարարում է, որ ինքը չի իմանում՝ ինչ էին ուզում իր հետ անել հրեաները, բայց ինքը լսել է, թե ինչպես էին ուրիշներն ասում, որ հրեաներն ուզում էին իրեն մորթել, որպեսզի արյուն ունենան մացա պատրաստելու համար։ Այդ պահից Թաթարական փողոցում կատարված իրադարձութունները դիտարկվեցին հանցագործություն՝ կրոնական հիմքով։

Մարտի 2-ին հետաքննությանը միացավ Վիլնյուսի նահանգային դատարանի՝ առավել կարևոր գործերով հետաքննիչը։ Պաշտոնատար այս անձի նշանակումը կարող է բացատրվել կա՛մ այն հանգամանքով, որ տեղի իշխանությունը ուզում էր հանգստացնել բորբոքված բնակչությանը, կա՛մ որ իսկապես կատարվածը կրոնական հողի վրա կատարված հանցագործություն էր, որի արդյունքում քրիստոնյայի արյուն պետք է ստանային կրոնական նպատակներով։ Քննիչը գործին կցած մի փաստաթղթում նշում է, որ «տուժածի՝ վստահություն ներշնչող հայտարարությունը, նրա շփոթվածությունը Բլոնդեսի հասցրած վերքերից լիովին չեն բացառում վարսավիրանոցի մոտ հավաքված ամբոխի այն ենթադրությունը, որ հրեաների նպատակն է եղել կնոջը մորթելով քրիստոնյայի արյուն ստանալ մացայի համար»։ Հանցագործության կրոնական բնույթ ունենալը, ինչպես գրավոր հայտարարել էր մեղադրյալի կինը, պնդում էին նաև քննիչը և դատախազը. մեղադրական փաստաթղթում ենթադրվում էր, որ դեռևս մարտի 2-ի դեպքերից առաջ հրեաները ճանապարհին ուզում էին մորթել Գրուձինսկայային, երբ վերջինիս ուղարկել էին հարևան բնակավայր[1]։

Բլոնդեսին ներկայացված մեղադրանքը առիթ դարձավ, որ գլուխ բարձրացնեն հակահրեական տրամադրությունները[2]։ Վիլնյուսում տեղի ունեցած դեպքերից առաջ լեհական որոշ շրջաններում հասունացել էր հրեաների դեմ տնտեսական պայքար սկսելու գաղափարը։ Հրեական համայնքում համոզված էին, որ Բլոնդեսի գործը կապված է այս շարժմանը։ Իսկապես, Վիլնյուսի դեպքերի մասին լուրերը արագ տարածվեցին կաթոլիկ բնակչության շրջանում։ Հայտնի է, որ Վիլնյուսի իշխան Նիկոլայ Գրուձինսկին նախազգուշական խիստ միջոցառումներ ձեռնարկեց։

Գրուձինսկայայի նկատմամբ բռնության կրոնական բնույթի մասին խոսվեց նաև պահպանողական թերթերում։ Հասարակական կարծիքը Բլոնդեսի գործն ընդունում էր որպես կրոնական հանցագործություն. մեղադրական ակտում այն բնորոշվեց սպանության փորձ՝ չբացահայտված անձի համագործակցությամբ[1]։

Առաջին դատավարություն և մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլնյուսում դատավարությունը անցել է փակ դռների հետևում 1900 թվականի դեկտեմբերի 15]]-ից 20-ը։ Բլոնդեսի փաստաբաններից մեկը իրավաբան, հասարակական գործիչ Օսկար Գրուզենբերգն էր, ով պաշտպանել էր մեծ հնչեղություն ստացած համանման մի գործ՝ Մենդել Բեյլիսի գործը[3]։

Դատավարության շուրջ տագնապային մթնոլորտը ավելի խտացավ, երբ Գրուձինսկայայի պաշտպանությունն իր վրա վերցրեց տեղի նշանավոր լեհ փաստաբան Ֆադեյ Վրուբլևսկին. տպավորություն էր ստեղծվել, որ Բլոնդեսը և Գրուձինսկայան ներկայացնում են հրեա և լեհ ժողովուրդները[1]։ Այդ իսկ պատճառով հատուկ նշանակություն էր ստանում այն հանգամանքը, որ ազգությամբ ռուս Պյոտր Միրոնովի և հրեա Օսկար Գրուզենբերգի հետ Բլոնդեսի պաշտպանությամբ հանդես եկավ նշանավոր իրավաբան Վլադիմիր Սպասովիչը, որ մեծ հեղինակություն ուներ թե՛ ռուսական, թե՛ լեհական հասարակություններում[1]։

Դատավորը բարձրացրել է հետևյալ հարցերը. 1. կանխամտածված սպանութան փորձ 2. թեթև վնասվածքների պատճառում։

Դատական պաշտոնյաները առաջին հարցին պատասխանեցին. «Այո՛, մեղավոր է, բայց առանց կյանքից զրկելու դիտավորության»։ Դատարանը որոշեց Բլոնդեսին զրկել բոլոր տեսակի իրավունքներից, բռնագրավել ունեցվածքը և բանտարկել 1 տարի 4 ամիս ժամանակով[1]։

Վճռի բեկանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրանքի առթիվ դատախազը՝ բողոք, իսկ դատապաշտպանը վճիռը բեկանելու հայց է ներկայացնում։

Մեղադրանքը հասարակության քննարկման առարկա էր դարձել։ Բլոնդեսին առաջադրված մեղադրանքով նա սուր կտրող գործիքով վիրավորել է կնոջը՝ առանց կյանքից զրկելու դիտավորության։ Ստացվում էր, որ վիրավորելը ինքնանպատակ է եղել. հրեաներին պետք է եղել Գրուդզինսկայայի ոչ թե կյանքը, այլ վիրավորելը։ Այդ պարագայում ոչ հրեական համայնքը կարծում էր, որ հանցագործությունը կատարվել է արյուն ստանալու կրոնական պահանջով։ Այս դեպքում Բլոնդեսի գործը առաջնակարգ կարևորություն էր ձեռք բերում. մեղադրական եզրակացությունը ուղղված էր ոչ այնքան Բլոնդեսին, որքան հրեական ողջ համայնքին։ Նման հանգամանքում վճռի բեկանումը ուղղված պետք է լիներ ոչ այնքան իրավական որակավորման մեղմացմանը, որքան մեղադրանքի ամբողջական փոփոխմանը, չնայած այդ դեպքում կարող էր խստանալ Բլոնդեսի պատիժը։

Վիլնյուսի՝ դատավարության ընթացքից հոգնած հրեական համայնքում, հնչում էին կարծիքներ, որ ավելի լավ կլինի բավարարվել համեմատաբար մեղմ պատժով, քան թշնամությամբ լցված մթնոլորտում շարունակել գործը՝ համոզված չլինելով դրական փոփոխություններին։ Սպասովիչն էլ իր հերթին կարծում էր, որ պետք է վայր դնել զենքերը, մինչդեռ Գրուզենբերգը որոշեց շարունակել գործի ընթացքը։ Բլոնդեսը համաձայնեց վճիռը բեկելու պահանջով գործ հարուցելուն, քանի որ գիտակցում էր, որ իր գործը հրեական գործ է։ «Մի՞թե ես պիտի տառապեմ ինչ-որ սխալ մեղադրանքից միայն բանի համար, որ ծնվել եմ հրեա»,- գրում էր նա Գրուզենբերգին բանտից՝ հույս հայտնելով, որ գործը կավարտվի հրեաների հաղթանակով[1]։

Դատապաշտպանի բողոքում նշվում էր, որ Բլոնդեսին արգելված էր կանչել վկաների, որոնք կվկայեին՝ եղել է արդյոք աղմուկ այդ չարագուշակ գիշերը, և ինչ հանգամանքներում է նա ձերբակալվել։ Նշվում էր նոր մասնագետներ հրավիրելու անհրաժեշտությունը։

Սենատում պաշտպանելով բողոքը՝ Գրուզենբերգը ուշադրություն էր հրավիրում վկաների ցուցմունքներին, որոնց համաձայն՝ Գրուձինսկայան հանգիստ դուրս է եկել վարսավիրանոցից և ուղղվել Ադամ Գրուձինսկու տուն, ոչ մեկին չի բողոքել հրեաների հարձակումից, չնայած ճանապարհին հանդիպել է մի քանի դռնապանների ու կառապանների։ Առաջին անգամ նա մեղադրել է Բլոնդեսին այն ժամանակ, երբ դուրս է եկել Գրուձինսկու մոտից։ Նույնիսկ կնոջ իրավաբանը այս պահվածքը տարօրինակ է համարել և միջնորդություն է ներկայացրել՝ հոգեկան ստուգում անցկացնելու։ Այնտեղ, ուր իբր «մորթում» էին Գրուձինսկայային, նույնիսկ արյուն չէր հայտնաբերվել. արյուն չէր հայտնաբերվել ո՛չ Բլոնդեսի կոստյումին, ո՛չ սենյակում[1]։

Սենատը, դատապաշտպանի խնդրանքի և դատախազի բողոքի հիմքով 1901 թվականի ապրիլի 13-ին գործի վերաքննության որոշում կայացրեց, որ պիտի կայանար նույն դատարանում դատավորների այլ կազմով։

Արդարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի հունվարի 28-ից փետրվարի 1-ը գործը երկրորդ անգամ քննվեց դատարանում։ Պետերբուրգից եկած մասնագետները՝ պրոֆեսորներ Պավլովը և Իվանովսկին, ընդունեցին, որ վերքերը, ավելի շուտ «մաշկի վնասվածքները», հնարավոր է հասցված լինեն և ամենայն հավանականությամբ հենց հասվել են սեփական ձեռքերով. ի դեպ, դրանք արվել են զգուշաբար։ Պաշտպանությունը կասկածի տակ դրեց հանցագործության կրոնական կողմը. ժխտելով լեհական կողմի կարծիքը՝ դատապաշտպանները նշեցին, որ հանցագործությունը կարող էին կատարած լինել անհայտ անձինք հակահրեական տրամադրություն հրահրելու կամ ահաբեկման նպատակով, ինչը փաստում են մի շարք հանգամանքներ. որպեսզի փարատվի թյուր կարծիքը, որ Բլոնդեսը գործել է՝ վստահ լինելով համակիրների աջակցությանը, Գրուզենբերգը նշել է, թե որքան միայնակ է եղել Բլոնդեսը իր տառապանքներում։

Դատական ատենակալները Բլոնդեսին անմեղ ճանաչեցին, որի արդյունքում էլ նա արդարացվեց։ Արդարացումից հետո «Վոսխոդ» («Восход»)թերթը գրեց. «Դատավարության ամբողջ ընթացքը միջնադարյան կրոնական մեղադրանքի բնույթ ուներ, որ միայն գրգռեց քրիստոնյաներին հրեաների դեմ...»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
  2. Вильнюс՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. Самюэл М. Кровавый навет. Странная история дела Бейлиса / перевод Р. Монас. — Нью-Йорк: Waldon Press, 1975. — С. 175. — 294 с.