Բաստիլի գրավման օր
| Բաստիլի գրավման օր ֆրանսերեն՝ La Fête Nationale | |
|---|---|
Տոնական հրավառություն, 2006 | |
| Այլ կերպ | Ազգային տոն |
| Տեսակ | ազգային տոն |
| Ամսաթիվ | հուլիսի 14 |
| Տոնվում է | |
| Հաստատված | 1880 |
| Ի հիշատակ | Բաստիլի գրավում |
Բաստիլի գրավման օր (պաշտոնական անվանում` Ազգային տոն ֆրանսերեն՝ La Fête Nationale), ազգային տոն Ֆրանսիայում, որը նշվում է հուլիսի 14-ին։
Որպես տոն հռչակվել է 1880 թվականի հուլիսի 6-ին։ Տոնի հռչակման հրամանագրում չի նշվել կապը պատմական որոշակի իրադարձության հետ։ Քննարկումների արդյունքում տոնը կապվել է 1790 թվականին նշված «Դաշնության տոնին» (ֆրանսերեն՝ Fête de la Fédération)` 1789 թվականին Բաստիլի գրավման առաջին տարեդարձին։ Բաստիլի գրավումը, որը բացարձակ միապետության տապալման սկիզբն էր, Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը հանդիսացավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրոհով գրավվել (և հետագայում ավերվել) է Բաստիլի բերդ-բանտը։ Ուղիղ մեկ տարի անց՝ 1790 թվականի հուլիսի 14-ին, Մարսյան դաշտում թագավորական հրամանագրով տեղի է ունեցել տոնակատարություն, որ կոչվել է Ազգային տոն կամ Համադաշնության ազգային տոն։ Հետագայում ամրագրվել է Ֆեդերացիայի և ազգի միասնության տոն տերմինը: Դրանց մասնակցել է մինչև 100 հազար մարդ (այն ժամանակ երկրի ընդհանուր բնակչությունը եղել է 25 միլիոն), որոնք ժամանել էին Ֆրանսիայի բոլոր շրջաններից։ Այդ տոնակատարությունների ընթացքում տեղի է ունեցել զինվորական շքերթ, «քաղաքացիական երդում», խնջույք և հրավառություն[1][2]։
Այնուհետև տասնամյակներ շարունակ Ֆրանսիայում հուլիսի 14-ին հատուկ տոնակատարություններ տեղի չեն ունեցել: Գլխավոր պետական տոնը նշվել է սեպտեմբերի 22-ին (Ֆրանսիայի Հանրապետության հռչակումը[3], 1793-1803), օգոստոսի 15-ին (Սուրբ Նապոլեոնի օր, 1806-1813), հունիսի 30-ին (Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի փակումը, 1878)[4]։ Իրավիճակը փոխվել է 19-րդ դարի վերջին։ 1879 թվականի հունվարի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ոչ պոպուլյար պրոմոնարխիկ նախագահ Մակ-Մահոնը ստիպված է եղել հրաժարական տալ հունվարի 30-ին։ Նրան փոխարինած նախագահ Ժյուլ Գրևին Ազգային ժողովի մեծամասնության հետ միասին սկսել է քայլեր ձեռնարկել երկիրը Հանրապետական արժեքների շուրջ միավորելու համար, մասնավորապես որպես ազգային օրհներգ ընդունվել է «Մարսելյեզը»: Բայց երկրի գլխավոր տոնի ամսաթվի ընտրությունը հետաձգվել է ավելի քան մեկ տարի: Միայն 1880 թվականի մայիսին պատգամավոր Բենժամեն Ռասպայը՝ հայտնի գիտնական և հեղափոխական Ֆրանսուա-Վենսան Ռասպայի որդին, առաջարկել է 1789 թվականի հուլիսի 14-ը։ Բաստիլի գրավման օրն ազգային տոն հռչակելու գաղափարն անմիջապես բուռն աջակցություն է ստացել որոշ պատգամավորների կողմից, ովքեր այն համարում էին պատմության փառահեղ էջ, և նույնքան բուռն մերժում մյուսների կողմից, ովքեր այն համարում էին անիմաստ արյունալի դրվագ։ Ի վերջո, կողմերին հաջողվել է փոխզիջման գալ, որի արդյունքում 1880 թվականի հուլիսի 6-ին ընդունված օրենքում անդրադարձ չի եղել որևէ պատմական իրադարձության: Ըստ այդմ` Ազգային տոնի պատմությունը կարելի է հաշվել Բաստիլի գրավումից կամ Ֆեդերացիայի տոնից[2][5][6]։ Այդպիսով, որոշ օտար լեզուներում ընդունված տոնի անվանումը (ռուս.՝ День взятия Бастилии, անգլ.՝ Bastille Day, դանիերեն՝ Bastilledagen, թուրքերեն՝ Bastille Günü և այլն) այնքան էլ ճիշտ չէ։
Ազգային տոնին նվիրված գլխավոր միջոցառումներից մեկը ռազմական շքերթն է, որն այժմ անցկացվում է Ելիսեյան դաշտերում: Բայց շքերթի անցկացման վայրը պատմության ընթացքում բազմիցս փոխվել է։ Տոնի հաստատումից հետո առաջին տարիներին և մինչև 1914 թվականը շքերթը կոչվել է «ստուգատես» և անցկացվել է «Լոնշան» ձիարշավարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին շքերթը տեղափոխվել է Ելիսեյան դաշտեր՝ երեք հաղթող մարշալների (Ժոֆր, Պետեն և Ֆոշ) գլխավորությամբ զորքի անցումով անցումով Հաղթական կամարի տակով։ Բայց 1921 թվականից ի վեր արարողությունը փոխվել է կամարի կողքին Անհայտ զինվորի գերեզմանի կառուցման պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին, շքերթը տեղի է ունեցել Բաստիլի հրապարակում։ Այնուհետև շքերթի անցկացման վայրը (և ուղղությունը) բազմիցս փոխվել է՝ Բաստիլի հրապարակ, Հանրապետության հրապարակ, Վենսենի պողոտա, Ելիսեյան դաշտեր։ Միայն 1980 թվականին է ընդունել արարողության ժամանակակից ձևը[2][6].
Տոնակատարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնակատարության պաշտոնական ծրագիրը նշանավորվում է մի շարք պարահանդեսներով` հրշեջների պարահանդես, մեծ պարահանդես (անցկացվում է հուլիսի 13-ին Թյուիլրի պալատի այգում)։ Բաստիլի գրավման օրը հանդիսավոր շքերթ է կազմակերպվում Ելիսեյան դաշտերում։ Շքերթը սկսվում է առավոտյան ժամը 10-ին Էտուալ հրապարակից` ուղղվելով Լուվրի կողմը։ Շքերթն ընդունում է Ֆրանսիայի նախագահը։ Կոնկորդի հրապարակում` Հաղթական կամարի դիմաց, առանձնացվում են հատուկ տեղեր հանդիսատեսների համար։ Տոնակատարությունը եզրափակվում է Մարսյան դաշտում և Էյֆելյան աշտարակի մոտ կազմակերպվող հրավառություններով։
Ֆրանսիայի տոնը Դյուսելդորֆում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2000 թվականից` Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ամեն տարի նշվում է Ֆրանսիայի տոնը, որը տևում է 3 օր (հինգշաբթիից կիրակի)։ Սա Գերմանիայում Ֆրանսիային նվիրված ամենահայտնի տոնն է։ Այս օրերին կազմակերպվում է ֆրանսիական հին մեքենաների ավտովազք։ Ֆրանսիայի բոլոր անկյուններից Դյուսելդորֆ են բերվում ֆրանսիական ազգային ավանդական ուտեստներ, որոնց տոնական վաճառքը կազմակերպվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Կազմակերպվում են ֆրանսիական էստրադային և դասական երաժշտության բազմաթիվ համերգներ։ 2009 թվականին Դյուսելդորֆ է այցելել մեծ պատվիրակություն Թուլուզից` քաղաքապետի գլխավորությամբ։
Պատահարներ տոնակատարության ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Détails de la fête Nationale, du 14 Juillet 1790, arrêtes par le Roi. — Imp. Garnéry, 1790. — 8 с.
- 1 2 3 Pierrick Hervé. «La fête nationale du 14 juillet». Présidence de la République française (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-05-27-ին. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ «22 septembre 1792 : Avènement de la République française». Herodote.net (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-18-ին. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ Joséfa Lopez. «Cinq choses que vous ne savez peut être pas sur le 14-Juillet». Le Monde (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-07-14-ին. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ Chloé Thibaud (2014-07-14). «Mais au fait, quel 14 juillet célèbre-t-on?». BibliObs (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-07-02-ին. Վերցված է 2017-07-14-ին.
- 1 2 Jérôme Lachasse (2015-07-14). «Mais au fait, que celèbre-t-on le 14 juillet ?». Le Figaro (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-07-15-ին. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ "French youths burn 300 cars to mark Bastille Day". The Telegraph. 14 July 2009. Retrieved 15 July 2016.
- ↑ "Lorry attacks people on Bastile Day Celebrations". 14 July 2016. Retrieved 14 July 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլի գրավման օր» հոդվածին։ |
| ||||||