Բաբշենի կռիվ (1898)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաբշենի կռիվը տեղի է ունեցել 1898 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Աղբյուր Սերոբն իր խմբով գտնվում էր Բիթլիսի շրջանի Բաբշեն գյուղում: Մատնության շնորհիվ իմանալով Սերոբի խմբի Բաբշենում գտնվելու մասին՝ թուրքական զորքն ու ոստիկանությունը շտապում են դեպի Բաբշեն: Սերոբն իր խմբով բարձրանում է գյուղի հանդիպակաց բարձունքներն ու հարմար դիրք գրավում ժայռերի մեջ: Թուրքական համազարկերը մինչև ժայռերը չեն հասնում, իսկ հայդուկների մոսին հրացաններից արձակված գնդակները թուրքերից նորանոր զոհեր են խլում:

Բաբշենի կռվին Սերոբի հետ մասնակցում են Առյուծ Ավագը, Փալապեխ Կարապետը, Սարսափ Առաքելը, Բիթլիսցի Մուշեղը, Երկար Նատոն, խնձորեսկցի Նատոն, Զուլումաթը, բուլանըղցի Սարգիսը և ուրիշներ (ընդհանուր հաշվով 14 հայդուկ): Կռիվը տևում է մինչև երեկո, որի ընթացքում թուրքական զորքին են միանում նաև շրջակա գյուղերի քրդերը և Բիթլիսի խուժանը: Թշնամին գործի է դնում նաև թնդանոթ:

Երեկոյան, օգտվելով մթությունից, Սերոբի խումբը լեռան հակառակ կողմով հեռանում է և անցնում Գրգուռ լեռը: Բաբշենի կռվում թուրքական կողմից սպանվում է շուրջ 70 ասկյար, իսկ հայդուկներից զոհվում է բուլանըղցի Սարգիսը և վիրավորվում Զուլումաթը:

Բաբշենի կռիվը հայդուկային շարժման պատմության հերոսական էջերից է: Բաբշենի կռվից հետո Սերոբը հեռացել է Խլաթից, որովհետև թուրքական կառավարությունը ամենուրեք հետապնդել է նրան և այդ պատրվակով սրի ու ավերածության ենթարկել հայկական գյուղերը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png