Բաբշենի կռիվ (1898)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաբշենի կռիվը տեղի է ունեցել 1898 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ Աղբյուր Սերոբն իր խմբով գտնվում էր Բիթլիսի շրջանի Բաբշեն գյուղում։ Մատնության շնորհիվ իմանալով Սերոբի խմբի Բաբշենում գտնվելու մասին՝ թուրքական զորքն ու ոստիկանությունը շտապում են դեպի Բաբշեն։ Սերոբն իր խմբով բարձրանում է գյուղի հանդիպակաց բարձունքներն ու հարմար դիրք գրավում ժայռերի մեջ։ Թուրքական համազարկերը մինչև ժայռերը չեն հասնում, իսկ հայդուկների մոսին հրացաններից արձակված գնդակները թուրքերից նորանոր զոհեր են խլում։

Բաբշենի կռվին Սերոբիի հետ մասնակցում են Առյուծ Ավագը, Փալապեխ Կարապետը, Սարսափ Առաքելը, Բիթլիսցի Մուշեղը, Երկար Նատոն, խնձորեսկցի Նատոն, Զուլումաթը, բուլանըղցի Սարգիսը և ուրիշներ (ընդհանուր հաշվով 14 հայդուկ)։ Կռիվը տևում է մինչև երեկո, որի ընթացքում թուրքական զորքին են միանում նաև շրջակա գյուղերի քրդերը և Բիթլիսի խուժանը։ Թշնամին գործի է դնում նաև թնդանոթ։

Երեկոյան, օգտվելով մթությունից, Սերոբի խումբը լեռան հակառակ կողմով հեռանում է և անցնում Գրգուռ լեռը։ Բաբշենի կռվում թուրքական կողմից սպանվում է շուրջ 70 ասկյար, իսկ հայդուկներից զոհվում է բուլանըղցի Սարգիսը և վիրավորվում Զուլումաթը։

Բաբշենի կռիվը հայդուկային շարժման պատմության հերոսական էջերից է։ Բաբշենի կռվից հետո Սերոբը հեռացել է Խլաթից, որովհետև թուրքական կառավարությունը ամենուրեք հետապնդել է նրան և այդ պատրվակով սրի ու ավերածության ենթարկել հայկական գյուղերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։