Ացիս և Գալատեա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ացիս և Գալատեա

Ացիս և Գալատեա (հուն․՝ Άκις και Γαλάτεια), բալետների հիմքում ընկած է Օվիդյուսի «Մետամորֆոզներ» պոեմի դիցաբանական սյուժեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի սյուժեն հիմնված է Գալատեայի և Ացիսի դժբախտ սիրո հին առասպելի վրա (հաճախ լատինականացված անվանումը փոխանցվում է որպես Ատիս, հունական տարբերակով` Ակիդ)։ Սցենարիստները օգտագործել են Օվիդի «Մետմորֆոզներ» պոեմի սյուժեն։ Այս լատինական պոեմը համարվում է դիցաբանական ավանդույթի դարավոր զարգացման արդյունքը անտիկ գրականության մեջ։ Պոեմը առասպելական սիրային պատմությունների հավաքածու է, որն հանգեցնում է հերոսներից որևէ մեկի կերպարանափոխությանը, այսինքն` մետամորֆոզի։ Ծովային նիմփան` ներեուհի Գալատեան և Ացիսը` Ֆավնի որդին և գետի նիմփը, ունեին փոխադարձ զգացմունքը։ Դժբախտաբար Գալատեային սիրահարվում է կիկլոպ Պոլիֆեմը, որը սարսափելի և հզոր էակ էր։ Նա ժայռ է նետում Ացիսի վրա, որն էլ ջախջախում է նրան։ Ծովի Աստված Նեպտունը` Գալատեայի հայրը, Գալատեայի խնդրանքով Ացիսի արյունը դարձնում է հոսող, որը ժայռի տակից հոսում էր դեպի գետը, որի ջրերով նիմփան սփոփվում էր։ Սյուժեն մեծ համբավ ուներ։ Այն ներկայացվել է շատ գեղանկարչական կտավներում, հիմք է դարձել Մարկ Անտուան Շարպանտեի, Ժան Բատիստ Լյուլլիի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերաների համար։

Բեմադրություններ ըստ Հիլֆերդինգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետմաստեր Ֆ. Հիլֆերդինգը բեմադրել է մնջախաղային բալետ` ըստ Ի. Խոլցբաուերի երաժշտության, 1753 թվականին Վիեննայում։

Նա կրկնել է իր բեմադրությունը Պետերբուրգի Ձմեռային պալատում։ Կոմպոզիտոր և դիրիժոր` Ի. Ստարցեր, սցենարը` ըստ Պ. Գրանժի։ Ըստ մեկ աղբյուրի` ներկայացումը բեմադրվել է 1764 թվականի փետրվարի 6-ին։ Բալետը կատարել են պալատականներ մեծ իշխան Պավել Պետրովիչը` Հիմեն, արքայազն Կուռլյանդսկին` Ացիս, կոմսուհի Ե. Սիվերսովան` Գալատեա, իշխան Բորյատինսկին` Պոլիֆեմ։ Ս. Օլսյուֆև` Ամուր[1], իշխանուհու սպասուհի` Մ. Խովանսկայա, կոմսուհի` Ե. Բուտուրլինա, սպասուհիներ Խիտրովան, Դարագանովան, իշխան Ի. Նեսվիցկին, գունդստաբլ Լ. Նարիշկինը, պարոն Ցոլլերը` պարող հովիվներ և հովվուհիներ։ Սպասուհի Դարագանովա` երգող հովվուհի։

Բեմադրությունն ըստ Նովերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Ժորժ Նովերը 1772 թվականին Վիեննայում բեմադրել է երեք գործողությամբ բալետ` ըստ կոմպոզիտոր Ֆ. Ասպելմայրի երաժշտության։

Բեմադրությունն ըստ Դիդլոյի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Դիդլոն առաջին անգամ բեմադրել է հովվերգական բալետ` մեկ գործողությամբ, 1797 թվականի հունիսի 15-ին, Լոնդոնում, ըստ կոմպոզիտոր Բոսսիի երաժշտության։

1816 թվականի օգոստոսի 30-ին Պետերբուրգի Մեծ թատրոնի բեմում նա բեմադրել է անակրեոնյան, երկու գործողությամբ բալետ, ըստ կոմպոզիտոր Կ. Ա. Կավոսի երաժշտության։ Ներկայացումը ձևավորել են Դ. Կորսինին և Կոնդրատևը։ Դերերը կատարել են Եվդոկիա Իստոմինան` Գալատեա, Ա. Ս. Նովիցկայան` Ացիս, Օգյուստ` Պոլիֆեմ, Վ. Ա. Զուբովա` Ամուր, Մ. Ն. Իկոնինա` Վեներա, Յա. Լյուստիխ` Ապոլոն, Ն. Նիկիտինա` Ֆլորա, Ա. Ա. Լիխուտինա` Ասպազիա։

Բեմադրությունն ըստ Իվանովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Իվանովը 1896 թվականի հունվարի 21-ին Մարիինյան թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ բալետ, ըստ թատրոնի դիրիժոր, ազգությամբ չեխ Անդրեյ Կադլեցի երաժշտության, ըստ Վ. Լանգամերայի սցենարի։ Ներկայացումը ձևավորել են նկարիչներ Վ. Պերմինովը, Ե. Պոնոմարյովը, դիրիժոր` Ռ. Ե. Դրիգոն։ Դերերը կատարել են Ն. Ս. Աիստովը` Պոլիֆեմ, Լ. Ա. Ռասլավլեվան` Գալատեա, Ս. Գ. Լեգատը` Ացիս։ Օ. ի. Պրեոբռաժենսկայան` Հիմենեյ, Վ. Ա. Տրեֆիլովը` Ամուր։

Բեմադրությունն ըստ Ֆոկինի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետմաստերի խորեոգրաֆիական դեբյուտը կայացել է 1905 թվականիի ապրիլի 20-ին, Մարիինյան թատրոնի բեմում։ Ներկայացումը բեմադրվել է ըստ Կադլեցի նույն երաժշտության և ըստ նույն Իվանովի բալետի սցենարի, սակայն բեմադրվել է սկզբունքայնորեն նոր խորեոգրաֆիայով։ Դա Պետերբուրգի թատերական ուսումնարանի համար քննական ներկայացում էր, որտեղ Ֆոկինը ղեկավարում է իգական դասարանը։

Առաջին բեմադրության ժամանակ Ֆոկինը որոշում է իրականացնել նոր խորեոգրաֆիական մտահաղացումներ։ Հաճախ նա մտածում էր պարերին և պլաստիկային անտիկ նախատիպին մոտեցնելու մասին։ Այդ կապի վերաբերյալ նա լուրջ աշխատել է հանրային գրադարանում։ Լինելով գրադարանի գեղարվեստական բաժնի վարիչը` հայտնի քննադատ Վլադիմիր Ստասովը հետաքրքրվել է անսովոր հարցեր տվով ընթերցողով և ծանոթացել է Ֆոկինի հետ։ Տեղեկանալով նրա մտահաղացումների մասին` նա խորհուրդ է տվել երիտասարդ բալետմաստերին բազմաթիվ բացառիկ հրատարակություններ։ Սակայն ուսումնարանի վարչությունը, իմանալով բեմադրության յուրահատկության մասին, արգելել են Ֆոկինին ավելորդ նորարարություններ կատարել։ Այս արգելքի մոտիվն ակնհայտ էր` սովորողները քննությանը պետք է ցուցադրեին այն, ինչ իրենց սովորեցրել են, այսինքն` դասական բալետային պար։ Ֆոկինը ստիպված էր ենթարկվել այդ ակնհայտ փաստին։

Սակայն որոշ նրարարություններ ամեն դեպքում իրագործվել են։ Դերասանների կոստյումները մոտեցրել են անտիկ ձևերին։ Ֆոկինը վճռականորեն հրաժարվել է բալետի հատուկ համաչափ կառուցվածքից, նա նաև աշխատել է դերասաններին բաշխել որոշ մակարդակների` օգտագործելով հատակի վրա նստած և պառկած կեցվածքները։ Սահմանափակորեն և զգուշորեն նորարարություններ է մտցրել մնջախաղի, ժեստիկուլիացիայի մեջ։ Սակայն բալետն ամբողջությամբ դիտվում էր որպես միանգամայն դասական ավանդույթների շարունակողը։

Բալետում մասնակցություն են ունեցել Մ. Ֆոկինի դասարանի աշակերտուհիները, տղամարդկանց դերերը կատարել են Միխայիլ Օբուխովի աշակերները. Մ. Գորշոկովա` Գալատեա, Ֆ. Լոպուխով` Ացիս, Ա. Օբլակով` Պոլիֆեմ, Ե. Սմիրնովա` Հիմենեյ, Լ. Լոպուխովա` Ամուր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հնարավոր է` դա եղել է Սերգեյ Ադամովիչը` Ադամ Օլսուֆևի որդին, բեմադրության ժամանակ Սերգեյը 9 տարեկան էր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г.Н. Добровольская Ацис и Галатея в книге Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр. с илл.
  • Ю. А. Бахрушин. История русского балета. — Л.- М.: Советская Россия, 1965. — 249 с.
  • В. М. Красовская. Русский балетный театр начала XX века. — М., 1971-1972.
  • Михаил Фокин «Против течения» = Сценарии и замыслы балетов. Статьи, интервью и письма / Ю.И.Слонимский, Г.Н.Добровольская, П.С.Линде, А.Г.Мовшенсон, Н.П.Ренэ-Рославлева, Г.В.Томсон. — переводы: Л.А.Линькова, Ю.А.Добровольская, В.М.Павлоцкий. — Петербург: "Искусство", 1981. — Т. 2-е издание. — 510 с. — 30 000 экз.