Արևմտյան Ալպեր (ֆր.՝ Alpes occidentales, իտալերեն՝ Alpi Occidentali), Ալպեր լեռնահամակարգի մաս։ Արևելյան Ալպերում է գտնվում Ալպերի և Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր կետը՝ Մոնբլանը՝ 4810 մ բարձրությամբ։
Արևմտյան Ալպերին բնորոշ են ասիմետրիկ լանջերով աղեղնաձև լեռնաշղթաները, առանձնանում են միջօրեականի ուղղությամբ ձգվող Ծովամերձ, Քոթյան, Գրայան, Սավոյան Ալպերները և զուգահեռականի ուղղությամբ տարածվող Շվեյցարական Ալպերը, որոնք Ռոն և Հռենոս գետերի վերնագավառների հովիտներով բաժանվում են հյուսիսում՝ Բեռնյան, Գլառնյան և հարավում՝ Փենինյան, Լեպոնտինյան Ալպերների։ Շվեյցարական Ալպերը ձյունաշատ, սառցադաշտերով հարուստ, տիպիկ ալպյան ռելիեֆ ունեցող, բազմաթիվ սրածայր գագաթներով (Դյուֆուր, Ալեչհոռն, Յունգֆրաու և այլն) լեռնաշղթաներ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։