Արտակարգ դրություն Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտակարգ դրություն Երևանում, 2008թ․ մարտ

Արտակարգ դրություն Հայաստանում, հատուկ իրավական ռեժիմ Հայաստանի Հանրապետությունում, որը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում[1]։ Անկախությունից հետո Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել է երեք անգամ, որից վերջինը հայտարարվել է 2020 թվականի մարտի 16-ին՝ մեկամսյա ժամկետով, COVID-19 համավարակի պատճառով[2]։

Հայտարարում և չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հայաստանի Սահմանադրության Հոդված 120-ի՝

  • Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
  • Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
  • Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:
  • Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ[3]:

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսի 29-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Հայաստանում հայտարվել է արտակարգ դրություն։ Որոշման պատճառը «Հայոց ազգային բանակ» ռազմական կազմակերպության հակաօրինական գործողություններն էին, ինչը բերել էր հանրապետությունում իրադրության սրման[4]։

1991 թվականի դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է երեք ամիս ժամանակով արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը[5]։

1992 թվականի մարտի 14-ին 15-օրյա ժամկետով արտակարգ դրություն է հայտարվել Արթիկ քաղաքում և սահմանվել պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը։ Պատճառը նախկին խորհրդային ՀՕՊ գնդի հրամանատարի մասնացությամբ զինված ընդհարումներն էին, որոնց արդյունքում 4 մարդ էր զոհվել և կային պատանդներ։

1992 թվականի հունիսի 22-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ արտակարգ դրություն է սահմանվել Կապանի և Մեղրու շրջաններում։

1992 թվականի հուլիսի 29-ին ՀՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել Կրասնոսելսկի շրջանում (Ճամբարակ), Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում։

1993 թվականի փետրվարի 8-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն էր սահմանվել Արմավիրի շրջանում հայ-թուրքական սահմանամերձ գոտում հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Արտակարգ դրությունը սահմանվել էր մեկ ամիս ժամկետով, սակայն հինգ օր անց այն չեղյալ է հայտարարվել[5]։

1996 թվականին, երբ ընդդիմությունը վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքները և դուրս էր եկել փողոց, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին «Իրավիճակից թելադրվող անհետաձգելի միջոցառումների մասին» հրամանագիր ստորագրեց, որը նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ դրությունն էր երկրի ողջ տարածքում[6]:

2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգվածային բողոքի գործողությունների հետևանքով Հայաստանի մայրաքաղաքում 20-օրյա արտակարգ դրություն է հայտարարել, որը ենթադրում է հանրահավաքների, ցույցերի և երթերի անցկացման արգելք, իսկ ԶԼՄ-ները կարող են հրապարկել միայն պաշտանական տեղեկատվություն[7][8]։

COVID-19 համավարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 16-ին ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ ամբողջ տարածքում 2020-ի մարտի 16-ից ժամը 18։30-ից մինչև սեպտեմբերի 11-ը հայտարարել էր արտակարգ դրություն[9]։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման ընդունումից հետո, իրավունքի ուժով հայտարարվել էր Ազգային ժողովի նիստ[10]։

Արտակարգ դրության պարետ էր նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը[11]:

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով արտակարգ դրության գործողության ժամկետը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը։

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կարող են սահմանափակվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանվել նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ[1]։

ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու կարգն ու կիրառվելիք հնարավոր սահմանափակումների ցանկը» 
  2. «Հայաստանում մեկ ամսով՝ մինչև ապրիլի 16-ը հայտարարվեց արտակարգ դրություն» 
  3. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Ընդունվել է 06.12.2015» 
  4. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ» 
  5. 5,0 5,1 «Վերջին 30 տարում ՀՀ–ում շուրջ 10–անգամ արտակարգ դրություն է հայտարարվել. քրոնիկա» 
  6. «Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երրորդն է․ 3-ն էլ՝ 12 տարի ընդմիջումով» 
  7. «Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված» 
  8. «Երեւանում հայտարարվել է արտակարգ դրություն» 
  9. «Կառավարությունը որոշեց արտակարգ դրություն հայտարարել մեկ ամսով՝ մինչև ապրիլի16-ը» 
  10. «Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը. վարչապետ» 
  11. «Նախարարը առաջարկեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել»