Արմենակ Հայկազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արմենաք Հայկազյանից)
Արմենակ Հայկազյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1870
ԾննդավայրՀաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 7, 1921
Մահվան վայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուարևմտահայերեն
Կրոնհայ ավետարանական եկեղեցի
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունաստվածաբան
Աշխատանքմանկավարժ, հովիվ
ԱշխատավայրՔոնյայի քոլեջ
ԱմուսինՄաթիլտա Սրբուհի
ԾնողներՀարություն Հայկազյան
Մերի Թավոնքյան
Զբաղեցրած պաշտոններդոկտոր
Ստորագրություն
Изображение автографа

Արմենակ Հայկազյան (արևմտ․հայ․՝ Արմենակ Հայկազեան, սեպտեմբերի 22, 1870, Հաճն, Օսմանյան կայսրություն - հուլիսի 7, 1921, Խարբերդ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ։ Արմենակ Հայկազյանը ըստ Նյու Յորք Թայմսի համարվում է «Մերձավոր Արևելքի ամենաականավոր հայ մանկավարժ»[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է սեպտեմբերի 22-ին, 1870-ին, Հաճնում՝ Կիլիկիա, Հարություն Հայկազյանի և Մերի Թավոնքյանի ընտանիքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթութիւնը ստացել է Հաճնում, որն 1885 թվականին ավարտելուն պես, տեղափոխվեց Այնթապ։ Ուսումը շարունակում է Այնթապի «Կենտրոնական թուրքական քոլեջ»-ում, որտեղ ուսանողության վերջին երկու տարիներոին կաշխատի նաև որպես թվաբանության ուսուցիչ։ 1889-ին՝ 19 տարեկան հասակում, ստացել է իր գիտական կոչումը։

Ապա ընդունվել է Մարաշի աստվածաբանական ճեմարան, որը և ավարտել է 1892-ին, ստանալով Հայ ավետարանական եկեղեցու արտոնյալ քարոզիչի իրավունքը։ Հաջորդ երկու տարիներոի ընթացքում՝ 1892-1894, թվաբանության, ֆիզիկայի և աշխարհագրության դասախոս է Տարսոնի Սուրբ Պողոս կրթական հաստատությունում։

Ուսումը շարունակելու համար 1894-ին փոխադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չիկագոյի համալսարանում մէկ տարի հաճախել է սեմական լեզուների և բաղդատական կրոնների դասընթացներ՝  կենտրոնանալով ասորական հնագիտության վրա։ Հարթֆորդի աստվածաբանական ճեմարանի մասնակցել է Մերձավոր արևելքի հին լեզուների դասընթացներին։ 1896-ին S.T.B. աստիճանը նրան շնորհվեց իր գնահատանքի ևիր  ցուցաբերած կրթական բարձր մակարդակի համար։

Դոկտորական աստիճան ստանալու համար, կրթանպաստ է ստանում, որպեսզի Եյլի համալասրանի աստվածաբանական բաժնում շարունակի  իր ուսումը։ Երկու տարի Եյլի համալսարանում մէջ հետևել է սեմական լեզուների և աստվածաշնչյան գրականության։ 1898-ին՝ 28 տարեկան հասակում, ստանում է դոկտորի աստիճան՝ ներկայացնելով «Սոփոնեայի Բնագիրը» ավարտաճառը։

Քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսրանն ավարտելուն պես կարճ ժամանակ հաճախել է երաժշտության և ներդաշնակության դասընթացքների Տորոնտոյի համալսարանում։ 1899-ին վերադառնում է Չիկագո, որտեղ «University Congregational» եկեղեցու հովիվ է նշանակվել։ Նույն տարի կը վերադառնում է Օսմանյան կայսրություն և միանում է 1892-ին հիմնված Քոնիայի ավետարանական ինստիտուտի (հայտնի նաև որպես Ճենանյան քոլեջ) դասախոսական կազմին, իբրև կրթական տեսուչ ։ Նշանակվել է հաստատության վարիչ, ապա, նախագահ, և այս պաշտոնի տակ նա կկառավարի մինչ մահը։ Իր ջանքերի շնորհիվ հաստատությունը քոլեջի մակարդակի կհասնի, որն և կվերածվի Ավետարանական քոլեջի (Ճենանյան քոլեջ)։  Արևելքում կրթական և միսիոնարական աշխատանք կատարելու համար 1907-ին,  քոլեջի հոգաբարձների խորհուրդը իրավասություն ձեռք բերեց Նյու Յորք Նահանգի օրենսդրության հիման վրա հատուկ գրանցումի։ Հիմնվելով միսիոնարական արխիւների վրա՝ հաստատությունը ամբողջությամբ ղեկավարվել է հայերի կողմից։

13 ամիս աշխատել է ԱՄՆ-ում (1913-1914), որպեսզի քոլեջի համար նոր մասնաշենքերի ձեռքբերման և նյութապես ապահովելու հնարավորություն ունենա։ Գտնվելով ԱՄՆ-ում՝ 1913 թվականի հունիսի 29-ից հուլիսի 6 մասնակցել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի մեջ տեղի ունեցող Համաշխարհային քրիստոնեական քաղաքացիության համաժողովին։ Համաժողովը՝ Բարեփոխումների ազգային ընկերակցության հովանավորմամբ, հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից եկած բանախոսներին։ Քաղաքական կյանքի և իրավագիտութեան մեջ նշանավոր անձինք, բարեկարգության գործընթացի փորձագոտներ, բարձրաստիճան եկեղեցականներ, հեղինակներ և մանկավարժներ իրենց ներդրումը ունեին այս համաժողովի հաջողության մեջ։ Համաժողովին մսնակցել էր օսմանների պատվիրակը՝ դոկտոր Հայկազյանը, ով  հուլիսի 3-ին կայացած նիստին ներկայացրել է «Արևելքի քրիստոնյա ուժերը» դասախոսությունը։

Ցեղասպանության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1914-ին Առաջին Համաշխարհային Պատերազմի հայտարարումից երկու օր առաջ, վերադառնում է Քոնյա[2]։ 1915-ին, հայ բնակչության Քոնիայի բռնագաղթի պատճառով քոլեջը փակվում է։ Նույն տարվա մայիսի 9-ին, դոկտոր Հայկազյանը և իր ընտանիքը աքսորվում են Քոնյայից, ապրելով Օսմանյան կայսրության կողմից գործադրված ոճրագործությունների արհավիրքը։ 1919-ի սեպտեմբերին, տեղացի ծնողների պահանջով, քոլեջը նորից բացում է իր դռները երեք հարյուր ուսանողների համար։

1902 թվականի հուլիսի 14-ին,  դոկտ. Հայկազյանյանը ամուսնանում է հայ ավետարանական ականավոր հովիվ Վեր. Տիգրան Ղազարոս Կարապետյանի և Աննա Գաբրիելյանի դստեր՝  Մաթիլտա Սրբուհիի հետ (1879-1968)։ Իրար հետ կունենան վեց դուստր ՝ Մերի (1903-2002), Դեյզի (1905-1987), Լիլի (1907-1970), Նելլի (1909-2006), Բենսի (1911-2010) և Արմինե (1917-2002)։ 1920-ի փետրվարի 18-ին քեմալականների իշխանության առաջանալու պատճառով դոկտոր Հայկազյանը իր կնոջն ու երեք աղջիկներին՝ Նելլին, Բենսին ու Արմինեին ուղարում է Կոստանդնուպոլիս։ Ապահովական  և ուսման նկատառումներով՝  կինը և հինգ աղջիկները մենել են Նյու Յորք, ուր հասնում են 1921-ի փետրվարի 28-ին։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի մայիսի 22-ին՝ կիրակնօրյա դպրոցի ժամանակ, դոկտոր Հայկազյանին  ձերբակալում են քեմալական ուժերը և մայիսի 31-ին ուղարկում են Խարբերդ։ Հունիսի 20-ին Խարբերդ է հասնում ֆիզիքապես քայքայված։ Իր հետ աքսորված հայ և մի քանի ականավոր  մարդկանց հետ վարակվել էր բծավոր տենդով (թայֆըս)։  Հունիս 23-ին իրեն ուղարկում են առողջապահական մեկուսացման կենտրոն և հունիսի 29-ին մտնում է հիվանդանոց, Մեզիրե։ Հիվանդանոց ընդունման ուշացումի պատճառով իր առողջական վիճակը օրեցօր սաստկանում էր և 1921 թվականի հուլիս 7-ին մահանում է Մեզիրեի Ամերիկյան միսիոնարական հիվանդանոցում։ Հուղարկաւորությունը տեղի էր ունեցել Խարբերդի հայ ավետարանական եկեղեցու մէջ,  և թաղվել է եկեղեցու գերեզմանատանը[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ անց, իր աղջիկ Մէյրին և փեսա՝՝ Ավագ (Սթիվըն) Մեհակյանի կողմից կատարած 25 000 դոլար նվիրատվության ևՍ տեփան Փիլիպպոսյանի գործոն օժանդակության շնորհիվ, 1955-ի հոկտեմբերի 17-ին Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիներոի միության (ՄԱՀԱԵՄ) եւ Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության (AMAA)  կողմից Բեյրութում Ամերիկեան կրթական ծրագրի  հիման վրա հիմք է դրվում ազատ արվեստների քոլեջը։ Քոլեջի նպատակն էր ուսուցիչների և հովիվների պատրաստելը։ Քոլեջը անվանվել է իր անունով, ի երախտագիտություն հայ կրթության մէջ իր ունեցած ներդրումի։

1992-ին քոլեջը բարձրացավ Հայկազյան Համալսարանական քոլեջի մակարդակի, իսկ 1996-ին՝ Հայկազեան Համալսարանի, որն, իր հերթին, դարձել սփյուռքի գլխավոր կրթօջախներից մեկը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայկազեան համալսարանը կը յիշատակէ իր համանուն անուանակիրին` Արմենակ Հայկազեանի նահատակութեան 100-ամեակը» (ֆրանսերեն). 2021 թ․ հուլիսի 3. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
  2. «Հայկազյան համալսարան». ԱՀԱԸ Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Մերձավոր Արևելքի մեծանուն հայ մանկավարժը. Արմենակ Հայկազյանի մահվան 100-րդ տարելիցն է». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]