Արարատյան տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արարատյան տարազ կամ Այրարատի ազգային տարազ, հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերից մեկը, որը աշխարհագրական առումով ընդգրկում է պատմական Այրարատ նահանգի շատ գավառներ։ Այրարատյան տարազի ընդգրկման շրջանակներն են Արարատյան դաշտը, Երևանը, Կոտայքը, Թիֆլիսը, Պարսկահայքն ու Իրանի հայ գաղութները[1]։ Սա հայկական ազգային տարազի ինքնատիպ, զուտ տեղական յուրահատկություններով մի ներդաշնակ ամբողջություն է, որը նաև համահայկական շատ ընդհանրություններ ունի։ Այրարատի տարազախումբն առանձնանում է գույների, կտորատեսակների հիանալի համադրությամբ և տպավորիչ ձևավորմամբ։ Այն ունի քաղաքային և գյուղական տարբերակներ։

Երևանի և Թիֆլիսի հայկական տարազների վրա մասնակի ազդեցություն են ունեցել կովկասյան տարազները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսահայ կնոջ նկար

Այրարատյան տարազախմբի ձևավորման և զարգացման գործում մեծ ազդեցություն է թողել նահանգի պատմական անցյալը։ Այրարատ աշխարհը համարվել է հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Այն բազմիցս ենթարկվել է օտարերկրյա զավթիչների արշավանքներին ու ասպատակություններին։ Այրարատը գտնվելով տարանցիկ առևտրական ճանապարհների հանգուցակետում 11-13-րդ դարերում թուրք-սելջուկյան, մոնղո-թաթարական հարձակումների հետևանքով լուրջ ավերածություններ և կորուստներ է կրում[2]։ Ավելի ուշ` 17-րդ դարում այն կռվախնձոր է դառնում Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Պարսից շահ Աբասը Այրարատի բնակչության հոծ զանգվածներ է տեղահան անում և գաղթեցնում Պարսկաստան։ Պարսկաստան գաղթած հայերից շատերը, որոնք իրենց հետ տարել և սրբորեն պահպանել էին կենցաղի և մշակույթի շատ տարրեր, այդ թվում և տարազը, հետագայում վերաբնակություն են հաստատում իրենց բնօրրանում։

Միևնույն ժամանակ պարսիկները Արևմտյան Հայաստանի Վան, Մանազկերտ, Ալաշկերտ, Կարին, Բասեն, Խնուս քաղաքներից և գավառներից մեծ թվով բնակիչներ են բերում և բնակեցնում Այրարատում, որով և բազմաբնույթ է դառնում տեղի հայերի տարազային համալիրը. կողք-կողքի սկսում են գոյատևել տարբեր տարազաձևեր։ Բացի այդ, 18-րդ դարի 70-ական թվականներին վրաց Հերակլ 2-րդ թագավորի կողմից մեծ թվով հայեր Երևանից և շրջակա գյուղերից գաղթեցվում են Թիֆլիս և այլ շրջաններ։ 1804 թվականին Երևանից և Էջմիածնից հայերի մի նոր ալիք է գաղթում Վրաստան[3]։ Անկասկած, պատմական այս բոլոր անցքերը իրենց կնիքն են ունեցել տարազի առանձին համալիրների ձևավորման և հետագա զարգացման վրա։

Քանի որ հագուստների որակը մեծապես կախված է հագնողի սոցիալական դրությունից, ուստի ունևոր խավերի տարազն իր հարստությամբ ու շքեղությամբ բավական զանազանվում էր աշխատավոր մարդկանց տարազից։ Մեծ էր նաև տարբերությունն իշխանավորների, պաշտոնյաների, զինվորականների և հոգևորականների տարազների միջև։ Չպետք է մոռանալ նաև տարիքային գործոնը. անչափահաս տղաների ու աղջիկների համար կարվում էին այլ տիպի զգեստներ։ Բնորոշ էր նաև տոնական և առօրյա հագուստների տարբերությունը։ Աշխարհագրական պայմանները, եղանակն ու բնությունն ևս իրենց կնիքն են դրել տարազի վրա։

Կանացի զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Չահարմահալի հայ կնոջ տարազ

Այրարատյան կանացի զգեստի համալիրը բաղկացած էր սպիտակեղենից, վերնազգեստից, վերարկուից, գոտուց և գլխի հարդարանքից։

Սպիտակեղենը բամբակյա կտորից էր կամ քաթանից։ Վերնազգեստը մետաքսյա էր՝ միագույն կամ ծաղկանաղշերով, վզի բացվածքի եզրերին կարվում էր նեղ կանգնած օձիք։ Վերնազգեստի թևքերը երկար էր և ծածկում էր դաստակը։ Կապվում էր մետաքսյա գոտի՝ ծայրերին կցված ասեղնագործ ժապավեններով։ Տոնական հագուստների հետ կապում էին նաև արծաթյա կամ ոսկյա գոտիներ։ Բնորոշ էր նաև մուգ կապույտ, կարմիր կամ կանաչ թավշյա կտորից վերարկուն, որի եզրերը, թևքերն ասեղնագործված էր ոսկեթել ժապավեններով և եզերված աղվեսի մորթով։

Գլխի հարդարանքը բաղկացած էր ոսկյա կամ արծաթյա ճակատնոցից, նուրբ ասեղնագործ շղարշե քողից, գյուղերում նաև քիթն ու բերանը ծածկող թաշկինակներից։ Մազերը մեջտեղից բացված էր, երկու հյուսով՝ ծայրերին ժաապավեններ կապված, ականջների մոտ ոլորած մազափնջով։

Երևանում մինչ ամուսնանալը աղջիկները գլխաբաց էիր, գյուղերում կապում էին չթե կտորից գլխաշոր։ Այլ էր գլխի հարդարանքը ամուսնանալուց հետո[4]։

20-րդ դարի սկզբին Երևանի բնակչության որոշ մասը հագնում էր եվրոպական հագուստ։ Քաղաքի մտավորականությունը, պետական ծառայողները, հարուստները, դպրոցների աշակերտները հագնում էր ռուսական հագուստ[5]։

Արարատյան տարազի գեղջկական և քաղաքային կանացի ամենօրյա և տոնական շրջազգեստը մեծ մասամբ միակտոր էր։ Արարատյան հովտում, Երևանում և Պարսկահայքում դրա կրծքի մասը փակ էր, Թիֆլիսում` կիսաբաց։ Պարսկահայքի և իրանի հայ կնոջ տարազի վրա առավել զգալի է պարսկական մշակույթի ազդեցությունը։

Տղամարդկանց զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրարատյան տղամարդկանց տարազին բնորոշ է շապիկը, արխալուղը, կաշվե գոտին և կապան։

Շապիկը ճերմակ քաթանից էր, երկարությունը ազդրերի կեսից ցած, երկար և լայն թևերով։ Օձիքը մեկ մատ լայնությամբ և մի քանի կոճակով ամրացված։ Վարտիքը ճերմակ կտավից կամ ամիրկայից էր։ Շալվարը սև կամ կապույտ մահուդից էր, լայն, ծայրերը կտորի գույնի ղայթանով երիզված կամ պարզ։ Ներքևը՝ ավելի նեղ և առանց զարդի։

Վրայից հագել են սև, կապույտ մահուդից, աստառած արխալուղ։ Հարուստ տղամարդիկ հագել են թանկարժեք կտորներից՝ հաճախ մետաքսից արխալուղ, լայնափողք շալվարը, կապել են արծաթե գոտի, գլխին կրել են բարձրադիր բուխարի փափախ։

Արխալուղի վրայից կապա են հագել, ծնկներից քիչ ներքև իջնող, առաջամասը բաց, իրանը մինչև գոտի գրկած՝ հետևում 4 դուրս ցցված ծալքով, թևերը շատ երկար՝ միայն ուսագլուխներին ամրացված, քիչ ծալված ուսերի վրայից դեպի ետև նետված։ Թևերի շուրջը արվել են սև ղայթանե օղակներ և կոճակներ, որոնք չեն կոճկվել։ Թևերն ու զգեստն ամբողջովին աստառապատվել են բաց և մուգ կապույտ մետաքսով։ Հագել են նաև չուխա՝ սև, սրճագույն բրդից։ Սա կապայի նման էր, միայն թևերն ավելի երկար և կարված, թևերի երկարությունը մինչև մատների ծայրերը։ Աստառապատվել է մետաքսե կտորով և վրան ծալվել։Հագել են ճերմակ գուլպա և յամանի կամ սապոգ։

Հարսանեկան զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսի տարազ

Կնոջ հարսանեկան տարազը բաղկացած էր վերնազգեստից, գոտի-գոգնոցից, զգեստի բացվածքը ծածկող կրծկալից, ճակատակալից և սպիտակ շղարշից։ Զգեստը սպիտակավուն մետաքսից էր, որի թևքերը բացվածքով էր և եզրազարդված։ Գոտի-գոգնոցը ոսկեթել ասեղնագործությամբ էր, որի վրա հիմնականում պատկերված էր կենաց ծառը։ Նման զարդանախշերով է հարդարված նաև զգեստի բացվածքը ծածկող կրծկալը։ Ճակատակալը ևս զարդարված է ոսկեթել բանվածքով։ 20-րդ դարասկզբի հարսանցուի հագուստը կազմված է ձևավոր ևքերով, երկարափեշ, իրենից ծաղկանախշերով մետաքսյա զգեստից և ծաղկանախշերով ասեղնագործված կրծկալից և գոգնոցից։ Կրում է զգեստի ասեղնագործ ճակատակալ և սպիտակ շղարշ, որի մի անկյունով ծածկված է պարանոցը։ Քողի տակից երևում են դեմքը շրջանակող ոլորուն մազափնջերը։

Տղամարդկանց հարսանեկան զգեստը հիմնականում կովկասյան էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կնոջ տարազ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին.
  2. Հակոբյան,, Թադևոս (1969). Երևանի Պատմությունը. Երևան. էջ 277.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Պատրիկ, Առաքել (1967). Հայկական տարազ. Երևան. էջ 15.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Ավագյան, Նազիկ (1983). Հայկական ժողովրդական տարազը. Երևան. էջ 74.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Այրարատի տարազախումբը հայոց տարազի համատեքստում».