Արամ Խաչատրյանի դիմանկար (Սարյան)
Արամ Խաչատրյանի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1963 |
բարձրություն | 49 սանտիմետր |
լայնություն | 43,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Դիլիջան |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Արամ Խաչատրյանի տուն-թանգարան |
հավաքածու | Արամ Խաչատրյանի տուն-թանգարան |
Ծանոթագրություններ |
«Արամ Խաչատրյանի դիմանկարը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1963 թվականին ստեղծած կտավն է (կտավ, յուղաներկ, 49 х 43.5 սմ), որը ցուցադրվում է Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում։ Սարյանի հեղինակած Արամ Խաչատրյանի թվով երրորդ դիմանկարն է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարը (կտավ, յուղաներկ, 49 х 43.5 սմ) Մարտիրոս Սարյանը ստեղծել է 1963 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը։ Սա Սարյանի հեղինակած Արամ Խաչատրյանի թվով երկրորդ դիմանկարն է։ Կոմպոզիտորը իր ծննդյան 60–ամյակին նվիրված հոբելյանական համերգներով գտնվում էր Երևանում։ Դիմանկարում արդեն հասուն, ճանաչված և աշխարհահռչակ կոմպոզիտորն է։
Կտավի բնօրինակը Մարտիրոս Սարյանի ընտանիքը ի պահ է հանձնել Արամ Խաչատրյանի տուն–թանգարանին։ Դիմանկարը իր արժանի տեղն է գտել Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի մշտական ցուցադրությունում։ Այն ներկայացված է Կոմպոզիտորի տանը՝ թանգարանի հուշային հատվածում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի առաջին, խորհրդանշական հանդիպումը տեղի է ունեցել 1921 թվականին, Բալաջարի կիսակայարանում, երբ արդեն ճանաչված նկարիչն իր ընտանիքով գալիս էր Հայաստան ապրելու և ստեղծագործելու, իսկ 19-ամյա Արամ Խաչատրյանը Մոսկվա էր մեկնում նոր կյանքի որոնումներով։ Հետագայում, իր ողջ կյանքի ընթացքում, առաջին հանդիպումից սկսած, Արամ Խաչատրյանը որդիական առանձնակի հիացումով, հարգանքով և խոնարհումով էր վերաբերվում Մարտիրոս Սարյանին։
«Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ», - իր հոդվածներից մեկում գրել է Արամ Խաչատրյանը։
Այդ նպատակների շարքում էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն:
«Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը։
Մարտիրոս Սարյանը հոգևոր հոր նման հետևում էր կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն։ Խաչատրյանի արվեստի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը արտացոլված է Վարպետի երեք դիմանկարներում․ 1944 թվականին՝ առաջին երկու դիմանկարը, 1963 թվականին՝ երրորդ դիմանկարը։
Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվադեպ է նույն բնորդի մեկից ավել պատկերումը:
Սարյանը ստեղծագործելիս ամենից առաջ փորձել է հնարավորին չափ խոր թափանցել պատկերվողի էության մեջ։ (…) «Ես միշտ աշխատում եմ դիմանկարում հաղորդել իմ հերոսի ներքին կյանքը, դիմանկարը ստեղծել այնպես, որ այն հագենա շարժմամբ։ (․․․) Որոշակի մարդու բնավորության էությունը գտնելը, զգալն ու հստակորեն արտահայտելը թերևս ամենադժվարն է մեր գործում»,– նշում էր Մարտիրոս Սարյանը[1]։
«Նկարիչը մարդուն տեսնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Վարպետությունն էլ հենց այն է, որ կարողանաս իմանալ, որոշել, թե այդ դեմքն ինչ է արտահայտում և ինչ թաքցնում։ Դժվարը սա է։ Իսկ ֆիզիկապես նման նկարելը հեշտ է, նույնիսկ շատ հեշտ։ (…) Այնինչ դիմանկարում ամենակարևորը ներքին նմանությունն է», – ընդգծում է Վարպետը[2]։
Հոգու և գույների նկարիչը վարպետորեն պատկերել է Արամ Խաչատրյանի բուռն խառնվածքը՝ կոմպոզիտորի ներքին նմանության, ներդաշնակության, հայկականության, երաժշտականության բոլոր երանգներով։
1944 թվականին Մարտիրոս Սարյանի կողմից ստեղծվել են Արամ Խաչատրյանի երկու դիմանկարները։ Առաջին դիմանկարը (թուղթ, մատիտ, 43,4 х 34 սմ) գտնվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, իսկ երկրորդ դիմանկարը (կտավ, յուղաներկ, 100 х 81 սմ)՝ Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա)։
Դիմանկարի բովանդակությունը ամբողջացնում է նկարի ֆոնը՝ գորգի (կարպետի) հայկական գույների հագեցվածությամբ։ «Սա ջութակի և դաշնամուրի կոնցերտների, «Գայանե» բալետի, առաջին, և մանավանդ Երկրորդ սիմֆոնիաների հեղինակն է»,– նշում է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մարտիրոս Սարյանի որդու՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի կինը՝ երաժշտագետ Արաքսի Սարյանը։
1963 թվականին ստեղծված դիմանկարում հասուն, ստեղծագործական լուրջ ձեռքբերումներ ունեցող, հռչակ և սեր վայելող կոմպոզիտորն է հայական վառ արտահայտված դիմագծերով, որոնք ավելի են ընդգծվում Սարյանական ներկապնակի գույներով։
Արամ Խաչատրյանի արվեստի նկատմամբ ունեցած Մարտիրոս Սարյանի վերաբերմունքը իր վառ արտացոլումն է գտել իր դիմանկարներում:
Մարտիրոս Սարյան–Արամ Խաչատրյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ գույների Վարպետի ներկայությամբ Արամ Խաչատրյանի անունը տալիս էին հանճար որակումով, նա, գրեթե բոլոր դեպքերում ու շատ կտրուկ միջամտում էր. «Կրկնակի՜ հանճարեղ․․․ Սովորել և ստեղծագործել սոցռեալիզմի բուն կենտրոնում, ճեղքել արյունարբու պետական հարկադրանքով պարտադրվող այդ ահռելի պատնեշը և հասնել այդպիսի՜ արդյունքի` անպայման կրկնակի հանճարեղ պետք է լինել»[3]։
Գրիգից և Սիբելիուսից հետո ես չգիտեմ մի այլ կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը այդքա՜ն ազգային և, դրա հետ մեկտեղ, այդքա՛ն համամարդկային լինի, որքան Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն է, - մի բան, որը, իմ կարծիքով, մեծ արվեստի հատկանիշ և նրա հավերժության գրավականն է։ Վիթխարի երևակայությամբ օժտված, բնատուր և կրկնակի հանճար է Խաչատրյանը, որ այդքան «հեշտությամբ» ու նորարարի այդքա՛ն մեծ խիզախությամբ ներդաշնակեց Արևելքի և Եվրոպայի գեղարվեստական ավանդներն ու մտածելակերպը։ Ինչի՞ նման կլիներ մեր ազգային մշակույթի XX դարն առանց Արամ Խաչատրյանի արվեստի ..․ Ներքին կրակով այրվող, գունագեղ ու վառվռուն, քնարական ու էպիկական, էմոցիոնալ ու ինտելոկտուալ է նրա երաժշտությունը։ Խորապես արդիական, բառի լայն իմաստով գեղեցիկ, հումանիստական վեհ իդեալներով ներծծված այդ երաժշտությունը հայ ժողովրդի ոգու լուսավոր արտահայտություններից է ու պատկանում է հանուր մարդկությանը, ապրելու է գալիք բոլո՛ր ժամանակներում[4]։ - Մարտիրոս Սարյան
|
Այս խոսքերը գրվել են 1970 թվականին, իննսունամյա նկարչի կողմից[5]։
Մարտիրոս Սարյանի մահվան մասին ցավակցական առաջին հեռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր։ Հաջորդ օրվա երկրորդ կեսին Արամ Իլյիչն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին։ Ժողովուրդը մեծ արժանապատվությամբ վերջին ճանապարհն էր ուղեկցում Վարպետին, ձեռքերի վրա, օպերայից մինչև պանթեոն։
Ահա այդ օրը, հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում,1972 թվականի մայիսի 11-ին Արամ Իլյիչը դիմում է կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին․ «Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար...»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Радость познания - «Литературная газета», 11 сентябра, 1965, № 108․
- ↑ Ռուբեն Զարյան, Մարտիրոս Սարյան կամ դիմանկարի պատմություն։ - «Հուշապատում», գիրք 2-րդ, Երևան, «Սովետական գրող», 1977, Էջ 113-114։
- ↑ Վիլհելմ Մաթևոսյան, «Զրույցներ Սարյանի հետ»,– Սարգիս Խաչենց, 2002։
- ↑ Վիլհելմ Մաթևոսյան, Մարտիրոս Սարյանի էսթետիկական հայացքները:- ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980, էջ 227-228։
- ↑ 5,0 5,1 Արաքսի Սարյան, «Մարտիրոս Սարյան - Արամ Խաչատրյան», գիտական հոդված․ հրապարակվել է 2014 թվականին Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ժողովածուում։ «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» / Ն.Ավետիսյան՝ կազմող, խմբագիր.-Եր.: Ամրոց գրուպ, 2014.-240 էջ, էջեր 15-20։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք՝ http://akhachaturianmuseum.am/
- Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի պաշտոնական կայք՝ https://www.sarian.am/