Կասիդա
Կասիդա (արաբ․՝ قصيدة - (եզ. թիվ), արաբ․՝ قصائدُ - կասաիդ (հոգն. թիվ), ինչպես նաև՝ պարս.՝ قصيده կամ պարս.՝ چكامه - chakameh), բանաստեղծական կայուն ձև Մերձավոր և Միջին Արևելքում և Արևմտյան Ասիայում՝ լայնորեն տարածված հատկապես արաբական և պարսկական պոեզիայում։ Անվանումն առաջացել է արաբական բայարմատից, որը նշանակում է «ուղղել, ձոնել»։
Ստեղծվել է Նախաիսլամական Արաբիայում։ Առաջին կասիդաների մասին գրված է միջնադարյան բանահավաքների մոտ։ Ունի մեծ մասամբ հանդիսավոր, ներբողական բովանդակություն։ Կասիդան բաղկացած է երկու տողանի տներից (բեյթ), որոնք կապվում են հանգավորման որոշակի եղանակով. առաջին տան տողերն ունեն նույն հանգը, որը հետո կրկնվում է բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում, իսկ առաջին տողերն անհանգ են մնում։ Իր այդ ձևով կասիդան նման է գազելին, բայց անհամեմատ ավելի երկար բանաստեղծություն է կամ պոեմ։
Պոեզիայի աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի դարերի ընթացքում վաղ արաբական պոեզիայի լավագույն նմուշները պահվում էին ասացողների(արաբ․՝ راوِ՝ ռաուի) մտքում և միայն 8-րդ դարի կեսերից բանաստեղծներն ու ռաուիները սկսեցին դուրս հանել դրանք ժամանակակիցների հիշողությունից և հավաքել հատուկ հավաքածուների մեջ։ Արաբական արշավանքների ժամանակ իսլամի տարածման համար անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրելու լեզուն և մշակույթը։ Դա կարոևոր էր առաջին հերթին Ղուրանի տեքստերը հասկանալու համար։ Վաղ շրջանի բանասերները շրջում էին անապատներով և հավաքում զանազան տեղեկություններ հին պոետների կյանքի մասին, գրի առնում նրանց բանաստեղծությունները։ Ամենավաղ շրջանից մեղ հասած հին պոեզիայի լավագույն ժողովածուները համարվում են Ալ-Մուֆադդալ ադ-Դաբիի և Համադիի ժողովածուները։ Ալ-Մուֆադդալի անթալոգիան («ալ-մուֆադդալիաթ») ստեղծվել է ալ-Մանսուր խալիֆայի նախաձեռնությամբ՝ 756 թվականին, իր որդու և ժառանգորդի դաստիարակության համար։ Ժողովածուում զետեղված է 126 պոեմ, որոնք պատկանում են 66 հեղինակների։ Նրանցից 46-ը ստեղծագործել են նախաիսլամական շրջանում։ Ի տարբերություն այլ ժողովածուների «ալ-մուֆադդալիաթ»-ը իր մեջ պարունակում է հեղինակների գործերը ամբողջությամբ և ոչ պատառիկներով, որի համար այն յուրահատուկ արժեք ունի։ Այլ է եղել մեկ ուրիշ վաղ շրջանի հավաքողի՝ Համադիի ժողովածուն։ Նա բնիկ քուֆացի էր, բայց ապրում էր Իրանում և նրան զինդիկ (հերետիկոս) էին համարում։ Նա ծագումնաբանության և պատմության մեծ գիտակ էր, լավ գիտեր արաբների սովորույթները և հատկապես պոեզիան, որի համար մեծ հռչակ էր վայելում։ Համադիին է վերագրվում նախաիսլամական պոեզիայի լավագույն գլուխգործոցների՝ մուալլակաների հավաքումը, որոնք պատկանում են յոթ ամենահայտնի հին պոետներին։
Տարբեր չափերի հավաքածուների գրառումը լայն թափ ստացավ հատկապես 9-րդ դարում։ Երևան եկան ինչպես առանձին հեղինակների բանաստեղծությունների հավաքածուները՝ դիվանները, այնպես էլ տարբեր բանաստեղծների կյանքի ու գործունեության մասին պատմող բազմազան անթալոգիաներ։ Ստեղծվում է «Պոետների կենսագրությունը» (արաբերեն՝ «كتاب الشعر والشعراء» ), որում տեղեկություններ կային արաբ պոետների կյանքի և նրանց գործերի մասին։ Մեծ արժեք է ներկայացնում Ալ-Մուֆադդալի աշակերտ Ալ-Սամաի ժողովածուն է՝ «ալ-սամաիյաթը», որն իր մեջ պարունակում է 77 ամբողջական պոեմ և առանձին հատվածներ, որոնք պատկանել են իսլամի վաղ շրջանի պոետներին։ Տարբեր կազմություն ունեն 2 հեղինակների միևնույն անվամբ հավաքածուները «Քաջությունների գիրքը»՝(արաբ․՝ كتاب الحماسة)։ Աբու Թամմամը իր «Համասայում» հավաքել է ավելի հետաքրքիր բանաստեղծական հատվածներ, փորձել է դասավորել դրանք ըստ ժանրերի, իսկ նրա աշակերտ ալ-Բուհթուրին դրանք համակարգել է ոչ թե ժանրերի տարբերությամբ, այլ բանաստեղծական թեմաներից և կառուցվածքներից ելնելով։ Ի հակադրություն սրանց շատ խառը կառուցվածք ունի «Արաբ բանաստեղծների ստեղծագործությունների հավաքածու» անթալոգիան։
Կարևոր տեղ ունի նաև «Բանաստեղծների դասակարգում» ժողովածուն (արաբ․՝ طبقة الشعراء)։ Այստեղ զետեղված է 127 պոետների կենսագրական տվյալներ։ Այս կենսագրական անթալոգիայի շարքում կարևոր տեղ է զբաղեցնում Աբու Ֆարաջ ալ-Իսֆահանի «Երգերի գիրքը» ժողովածուն (արաբ․՝ كتاب الأغاني)։ Այն ստեղծվել է հեղինակի կողմից որպես 100 երգերի մեկնաբանություն, որոնք հավաքվել են Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի նախաձեռնությամբ։ Միջնադարյան բանասերները բարձր են գնահատել Աբու Ֆարաջի գործը։ Արաբական պոեզիայի աղբյուրների մեջ մեծ տեղ է զբաղեցնում «ադաբի» գրականությունը, որը միջնաադարոում պետք է տիրապետեր յուրաքանչյուր կիրթ և զարգացած մարդ։ Սա ծաղկում է ապրել ալ-Ջահիզի, իբն Կութեյբայի ստեղծագործությունների մեջ 9-10-րդ դարերում։ Կարևոր նաև իբն ալ-Ռաբինի «Ալ-իկդ ալ Ֆաբիդը», որի նպատակն էր մուսուլմանական Իսպանիային պատմել Արևելքի գրականության մասին։
Ժանրերն ու ձևերը։ կասիդա և կիտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբերենի տաղաչափական ձևերն արդեն ստեղծվել էին վաղ իսլամական շրջանում։ Հավանական է, որ սկզբում ստեղծվել է հանգավոր արձակը (արաբ․՝ «سَجْعٌ »՝ սաջ)։ Նրանում միտքը արտահայտվում է մի քանի կարճ նախադասությամբ։ Հանգավոր արձակից առաջացել են արաբերեն բանաստեղծության ամենապարզ տաղաչափական ձևը՝ ռաջազը (արաբ․՝ «رَجَزٌ»)։
Դեռևս 8-րդ դարում հիմնվում է գիտություն տաղաչափության մասին (արաբ․՝ «علم العروض»՝ իլմ-ալ-Արուդ)։ Արուդը ուներ ավելի լայն իմաստ և այն միայն գիտություն չէր տաղաչափության մասն, այլ այն զբաղվում էր հանգի ուսումնասիրությամբ։ «Արուդ» տերմինի ծագման մասին ստույգ տեղեկություններ չկան։ Որոշ արաբագետներ նրա ծագումը կապում են տաղաչափական կանոններով բանաստեղծական տողի կազմավորման փաստի հետ, իսկ որոշ արաբագետներ ասում են, որ տերմինը առաջացել է այն պատճառով, որ բանասեր Խալիլը տաղաչափության տեսությունը մշակել է Մեքքաայում, որը կոչվել է ալ-Արուդ։ Դրա համաձայն՝ բանաստեղծական տողը ստեղծվում է վանկերի միատեսակ տևողականության որոշակի հերթագայությամբ։ Կարճատև և երկարատև վանկերը միասին կազմում են բանաստեղծական ոտք։ Երկու կամ երեք ոտքերից կազմվում է կիսատող, իսկ երկու կիսատողից էլ արդեն կազմվում է բանաստեղծական տողը՝ բեյթը։ Հանգավորվում են բեյթի վերջին հարֆերը։ Հաճախ արաբերեն բանաստեղծությունները անվանվում են ըստ իրենց հանգի, օրինակ «լամիյյա» այն բանաստեղծությունն է, որի բոլոր տողերը ավարտվում են «լամ»՝ ل տառով, «կաֆիյյա»՝ «կաֆ»՝ ق տառով, «նունիյյա»՝ ن «նուն» տառով, և այսպես շարունակ։
Միջին դարերում արաբների կողմից 16 չափերից ամենից շատ օգտագործվողները եղել են՝
- երկար - տաուիլ արաբ․՝ طويل
- ընդլայնված - բասիտ արաբ․՝ سشيط
- ամբողջական - քամիլ արաբ․՝ كامل
- վազող - ռամալ արաբ․՝ رمل
- թեթև - խաֆիֆ արաբ․՝ خفيف
- խոշոր, առատ - ռաֆիր արաբ․՝ رافر
Արդեն նախաիսլամական շրջանում ստեղծվեցին 2 հիմնական բանաստեղծության ձևերը՝ ոչ մեծ, 10-12 բեյթանոց կիտան (արաբ․՝ قطعة՝ հատված, պատառիկ) և ոչ մեծ պոեմը՝ 50-100 բեյթանոց կասիդան։ Կիտան սովորաբար փոքրիկ բանաստողծություն էր մի թեմայի շուրջ, պարզ կառուցվածք ուներ, որը կարող էր և ինքնուրույն հանդես գալ և դառնալ մի մեծ պոեմի հատված։ Կիտա ձևը ամենից առաջ օգտագործվել է հին արաբական ժանրերից մեկում՝ հիջայում (պարսավանք, ծաղրանք)։ Այս ժանրը իրենից անեծք ու կախարդանք էր ներկայացնում և ուներ կախարդանքի և անեծքի ուժ, որը տաղանդավոր բանաստեղծը իր սուր խոսքով, լեզվով ուղարկում էր իր թշնամիների և թշնքմի ցեղախմբերի վրա»։ Հիջան արտասաելով ավելի ռիթմիկ և հանգավոր ոճով՝ պոետը հույս ուներ, որ անեծքը կթողնի իր սարսափելի հետևանքը։ Ասում են, որ Մուհամմադ մարգարեն նույնպես շատ վախեցել հիջայի կախարդական ուժից և որպեսզի խուսափի դրանից իրեն է մերձեցրել 2 այնպիսի հիջա գրողների, ինչպիսիք են Քաաբ իբն Զուհեյրը և Հասսան իբն Սաբիթը։ Հաճախ նրան, ում ուղղված էր հիջան դուրս էին անում ցեղից և ուղարկում դեպի վայրի անապատները։ Այն դարձավ արաբների ամենասիրելի ժանրերից մեկը, իսկ խալիֆայության կազմավորումից և հատկապես Օմայանների իշխանության գալուց հետո հատուկ տիտղոս էին շնորհում հիջա գրողներին։ Նրանցից էր ալ-Ախտալը, ով հայտնի է որպես «Օմայանների պոետ»։
Ռիսան հուղարկավորության էլէգիան էր։ Այն իրենից ներկայացնում է պարզ շարադրանքով, ինքնուրույն և ոչ մեծ կիտա, որը երգվում էր հուղարկավորության ժամանակ։ Ըստ ավանդության այն պետք է երգեին պատերազմում մահացած տղամարդկանց կանայք և ցեղախմբի աղջիկները։ Սակայն թաղման այդ լացն ուներ իր սուրբ նշանակությունը։ Մահացածի վրա լացելով նրան փառաբանում էին, իսկ նրա ցեղը փառք ու պատիվ էր վայելում։ Լավագույն ռիսա երգողներից է եղել Ումայման՝ Քուրեյշ ցեղից, որը ողբացել է իր ցեղակիցների, ինչպես նաև եղբոր Աբու Սուֆյանի կորուստը։
Նախաիսլամական պոեզիայի ժանրերի թվին են դասվել նաև խամրիյաթները՝ գինուն և «սեղանի խնջույքին» նվիրված տողերը կասիդայում, և հիքման, որը իրենից ներկայացնում էր աֆորիզմներ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասիդան իր կառուցվածքով ավելի բարդ ստեղծագործական ձև է հանդիսանում։ Այն կազմված է թույլ կապերով կապված մասերից, որոնք տարբերվում են միմյանցից և սյուժեով, և ոճով։ Հին արաբական կասիդան սովորաբար սկսվում է այն պատմությունից, թե ինչպես է անապատով ընթացող ուղտի կամ ձիու վրա նստած պոետը առաջարկում մյուսներին կանգ առնել այն վայրում, որտեղ պահպանվել են բեդվինական բնակատեղիներ։ Այն տխուր հիշողություն է արթնացնում պոետի մեջ անցած ժամանակների մասին, երբ նա առաջին անգամ հանդիպեց իր սիրուն։ Այնուհետև պոետն իր ուշադրությունն է սևեռում այն ուղտի կամ ձիու վրա, որով նա ճանապարհ է ընկել և սկսում է գովերգել նրան, նրա արագությունը, ոտքերի ամրությունը, տեսքը։ Այնուհետև պոետը սկսում է անցնել կասիդայի բուն թեմային, գովերգում է իր ցեղին, ցեղի առաջնորդին, ծաղրում է թշնամուն և այս ամենը ընդհատվում է երբեմն-երբեմն տեսարանակին նկարագրություններով՝ հողմ, սելավ, որսի տեսարաններ և այլն։ կասիդայի լիրիկական մուտքը արաբների մոտ ստացել է նասիբ անվանումը, իսկ հետագա նկարագրությունները կոչվում են վասֆ։ Կասիդայի առանձին հատվածները իրենցից ներկայացնում են ժանրային ձևեր, որոնց առանձնացումը որպես առանձին ժանրեր տեղի կունենա միջնադարում։
Կասիդան կառուցված է հիմնականում հետևյալ հաջորդականությամբ.
- քնարական նախերգանք (արաբ․՝ نسب՝ նասիբ)
- ինչ-որ բանի նկարագրություն (արաբ․՝ وصف՝ ուասֆ)
- բանաստեղծի ճանապարհորդություն (արաբ․՝ رحيل՝ ռահիլ)
- ձոն (արաբ․՝ مدح՝ մադհ)
- ինքնագովեստ (արաբ․՝ فخر՝ ֆախր)
Հերթականությունը կարող է նաև խախտվել։ «Աբու-Լալա Մահարի» պոեմի առաջին հրատարակությունների մեջ Ավետիք Իսահակյանն իր երկը կասիդա է անվանել[1]։
Քանի որ արաբներն իրենց զգացմունքներն են զետեղել կասիդայում, այն համարում են իդեալական ստեղծագործություն։ Պատահական չէ, որ 9-րդ դարում տեսաբան իբն Կութեյբան իր գրքում փորձում է մեկնաբանել կասիդայի զանազան էլեմենտներ և ապացուցել, որ կասիդան իդեալական գրվածք է և դրա շնորհիվ է, որ այն պահպանվել է երկար տարիներ։ Հին արաբները գնահատում էին այս կամ այն կասիդան ոչ այնքան նրա գեղարվեստական արժանիքների, որքան «ցեղային հերոսների» իրենց պոետի հեղինակությունը բարձրացնելու համար։
Նախաիսլամական շրջանում կասիդայի կենտրոնական մասն էր ֆախրը (ինքնագովերգում) և մադհը (գովերգ)։ Ֆախր ժանրում բանաստեղծը գովերգում էր իր հերոսական արարքները, սխրանքները, գովերգում էր իր ցեղին, նրա բազմամարդ լինելը և այլ արժանիքներ։ Հին արաբական կասիդայում, ինչպես ցանկացած լիրիկական ստեղծագործությունում սյուժեն կապված չէ։ Ֆախրի հետ շատ ամուր կապված է մադհը։ Ինչպես ֆախրը, մադհը նույնպես առանձին հանդես չի գալիս, այլ կազմում է կասիդայի մի մասը։ մադհում պոետը գովերգում է իր ցեղի առաջնորդին կամ մի իշխանի, սակայն եթե ավելի ուշ պալատական երգիչները գովերգում էին խալիֆին բարձր տիտղոսի կամ պաշտոնի հասնելու համար, ապա վաղիսլամական մադհի վարպետները այն գրում էին իրենց ցեղի պատիվը բարձր պահելու համար։ Այս ժանրը իր զարգացման գագաթնակետին է հասնում Օմայանների օրոք։
Մուալլականեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուալլակաները (արաբ․՝ معلقة՝ կախված), բանաստեղծություններ, որոնք գրվել են Նախաիսլամական Արաբիայում՝ 7 նշանավոր հեղինակների կողմից։ Դրանք այնքան սիրված են եղել ժողովրդի կողմից, որ դրանք կախվում էին տաճարների մուտքի մոտ, այստեղից էլ անվանումը՝ «կախված»։ Ավելի ուշ ուսումնասիրողների կողմից այս վարկածը հերքվեց. բառը բացատրվում էր մեկ այլ նշանակությամբ՝ «կապել», ասելով, որ արաբները մուալլակաների ստեղծումը համեմատում էին ուլունքահատիկը թելի վրա շարելու պրոցեսի հետ վզնոց պատրաստելու համար։
Արաբական միջնադարյան աղբյուրներից շատերը նշում են մուալլակաների 7 նշանավոր նախաիսլամական պոետներին՝ Իմրուլկայս, Տարաֆա, Զուհեյր, Անտարա, Ալ-Հարիս իբն Հիլիզա, Ամր իբն Քուլսում և Լաբիդ։
Նախաիսլամական շրջանում ստեղծվեցին 10-12 բեյթանոց կիտան (արաբ․՝ «قطعة»՝ հատված, պատառիկ) և 50-100 բեյթանոց կասիդան (արաբ․՝ «قصيدة»)։ Կիտան սովորաբար փոքրիկ բանաստեղծություն էր մի թեմայի շուրջ, պարզ կառուցվածք ուներ, որը կարող էր և ինքնուրույն հանդես գալ և դառնալ կասիդայի հատված։ Կասիդան իր կառուցվածքով ավելի բարդ ստեղծագործական ձև է. այն կազմված է թույլ կապերով կապված մասերից, որոնք տարբերվում են միմյանցից սյուժեով և ոճով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 325.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ալ-Հարիս իբն Հիլիզայի մուալլական
- Ամր իբն Քուլսումի մուալլական
- Մուալլականեր, արաբերեն Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Ամր իբն Քուլսումի բանաստեղծությունների ցանկ, արաբերեն Արխիվացված 2017-07-05 Wayback Machine
- Անտարայի մուալլական
- Անտարայի պոեմի անգլեերն թարգմանությունը
- Անտարայի կասիդան, արաբերեն
- Անտարայի կասիդան, արաբերեն Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Զուհեյրի մուալլական
- Իմրու ալ-Կայսի պոեմը, «Դառաթ Ջուլջուլ»
- Արաբական բանաստեղծություն, Փրինսթոնի համալսարան
- Լաբիդի մուալլական
- Թարաֆայի մուալլական