Աշտիշատի եկեղեցական ժողով (435)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ
435 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 435 թվականին։
Երրորդ ժողովը գումարվել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431 թ.) որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայոց մարզպանությունում տարածվող նեստորականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժողովին։ Ժողովը նախ ընդունել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովի դավանական որոշումներն ու վեց կանոնները, ապա զբաղվել նեստորականության խնդրով։ Եփեսոսի ժողովում բանադրված նեստորականները, Բյուզանդական կայսրությունում հալածվելով, ամրապնդվել էին Սասանյան Պարսկաստանում, որտեղ շուտով նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոնական դավանանք։ Նեստորի կողմնակիցները եռանդուն գործունեություն են ծավալել նաև Հայոց մարզպանությունում նեստորականության հիմնադիր հայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացու և Թեոդորոս Մոպսուեստացու գրվածքները թարգմանել են հայերեն, ասորերեն, պարսկերեն և տարածել։ Մալաթիայի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսները գրով զգուշացրել են Հայոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու նախարարներին չընդունել հերձվածող և նեստորական վարդապետության ուսուցիչ Մոպսուեստացու գրքերը։ Մինչդեռ Կիլիկիայի եպիսկոպոսներն ամբաստանել են Ակակիոսին և Ռաբուլասին՝ նրանց այդ վարվելակերպը համարելով ոչ ճշմարիտ և անձնական վրեժխնդրությունից մղվող արարք։ 435 թ.-ի ժողովը որոշել է դիմել Կ․ Պոլսի Պրոկղ պատրիարքին և կաթողիկոսի թղթով ու Մոպսուեստացու գրվածքներով նրա մոտ ուղարկել երեցներ Ղևոնդին ու Աբելին՝ կամենալով պարզել ճշմարտությունը։ Պրոկղը նույն թվին Անտիոքի Հովհաննես պատրիարքի նամակի հետ ուղարկել է նեստորական վարդապետությունը դատապարտող և եփեսոսյան դավանությունը պաշտպանող իր պատասխան թուղթը, որն էլ ընդունել են հայերը։ Աշտիշատի 435 թ.-ի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում նեստորականությունը պաշտոնապես մերժելու և կյուրեղ-եփեսոսյան դավանության դիրքերի վրա կանգնելու գործում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
- Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1987։
- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1997։
- Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե․, 1994։
- Ադոնց Ն․, Մաշտոց և նրա աշակերտները․ ըստ օտար աղբյուրների, Վնն․, 1925։
- Տեր-Մինասյան Ե․, Պատմա-բանասիրական հետազոտություններ, Ե․, 1971, էջ 331–345։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |