Անհատական դիմում
Անհատական դիմումը հիմնական իրավունքների պաշտպանության արտակարգ (ոչ սովորական) միջոց է։ Այն Հայաստանում երաշխավորվել է 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով։ Սա նորույթ է հայկական սահմանադրության պատմության մեջ։ Անհատական դիմումը միակ ճանապարհն է, որով անհատը կարող է Սահմանադրական դատարանում (ՍԴ) վարույթ հարուցել և պաշտպանել իր հիմնական իրավունքները։ Այն լրացնում է իրավունքների՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված անհատական պաշտպանության հնարավորությունը[1]։
Անհատական դիմումի թույլատրելիության նախապայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմ. 101-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է ՍԴ-ի իրավասությունը և ամրագրում անհատական դիմումի թույլատրելիության էական նախապայմանները։ Վարույթի և թույլատրելիության մանրամասները կարգավորում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի (ՍԴՕ) 69-րդ հոդվածը։ Ստորև շարադրվող նախապայմաններն իրավական առումով բոլորն էլ կարևոր են, և դրանցից յուրաքանչյուրի բացակայությունն անթույլատրելի է դարձնում անհատական դիմումը։
Դիմում ներկայացնելու իրավունքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմում ներկայացնելու իրավունքն անհատական դիմում տալու ունակությունն է։ Դիմում ներկայացնելու իրավունքի հասկացությունը ներառում է անհատական դիմումի թույլատրելիության այն նախապայմանները, որոնք կապված են դիմումատուի անձի հետ։ Դրանք են իրավասու դիմումատու լինելը, դատավարական գործունակությունը և հիմնական իրավունքի խախտման պնդումը
Իրավասու դիմումատուները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետի՝ ՍԴ կարող է դիմել «յուրաքանչյուր ոք»։ Քանի որ անհատական դիմումը ծառայում է հիմնական (սահմանադրական) իրավունքների պաշտպանությանը (17.03.2009թ. ՍԴԱՈ-21, ՍԴՈ-839), ուստի իրավասու դիմումատու լինելը ենթադրում է ընդհանրապես դիմումատուի հիմնական իրավունքների խախտման հնարավորություն։ Հետևաբար, իրավասու դիմումատու է միայն նա, ով կարող է լինել հիմնական իրավունքի կրող։ Այստեղից հետևում է, որ անհատական դիմումից օգտվել կարող է հիմնական իրավունքի ցանկացած սուբյեկտ։ իրավասու դիմումատու լինելու տեսանկյունից ոչ մի դեր չի խաղում այն հարցը, թե դիմումատուն կարող է արդյոք կոնկրետ դեպքում Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ հիմնական իրավունքի կրող լինել (այս հարցը կքննարկվի ստորև՝ «Հիմնական իրավունքի խախտման պնդումը» բաժնում)։ Իրավասու դիմումատու լինելու համար բավարար է, որ դիմումատուն ընդհանրապես (վերացական առումով) իրավունակ , այսինքն՝ ինչ-որ մի դեպքում ինչ-որ մի հիմնական իրավունքի կրող լինի։ Ուստի իրավասու դիմումատու են ֆիզիկական և իրավաբանական անձինք (ՍԴՕ 25-րդ հոդ. և 69-րդ հոդ. առաջին մաս)։
Ֆիզիկական անձինք։ Կենդանի (ապրող) ֆիզիկական անձինք սկզբունքորեն իրավասու դիմումատու են։ Մարդու մահով ավարտվում է հիմնական իրավունքներ կրելու նրա ունակությունը, սակայն բացառության կարգով թույլատրելի է անհատական դիմումի միջոցով մահացածի՝ Սահմ. 14-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի պաշտպանությունը[2]։ Օտարերկրացիները կամ ապաքաղաքացիները իրավասու դիմումատու են այնքանով, որքանով նրանք կարող են հենվել որևէ հիմնական իրավունքի վրա, որը ՀՀ քաղաքացիության հետ չի կապվում[3]։ Անչափահասները նույնպես իրավասու դիմումատու են այնքանով, որքանով նրանք կարող են լինել վկայակոչվող հիմնական իրավունքի կրող[4]։ Սրանից պետք է տարբերել անչափահասների դատավարական գործունակության հարցը։ Արդի իրավաբանական գրականության մեջ դեռ չծնված երեխան (nasciturus) ևս համարվում է իրավասու դիմումատու (nasciturus pro jam nato habetur)[5], եթե վիճարկում է մարդու արժանապատվության, կյանքի, անձնական անձեռնմխելիության և ժառանգման իր հիմնական իրավունքների խախտումը (Սահմ. 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածներ և 31-րդ հոդվածի առաջին մաս)։
Իրավաբանական անձինք։ ՀՀ Սահմ. 42.1-րդ հոդվածը հիմնական իրավունքներ կրելու ունակությունը տարածում «իրավաբանական անձանց» վրա։ Ըստ հոդվածի բառացի տեքստի՝ նրա գործողության տակ են ընկնում բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ հանրային կամ մասնավոր իրավունքին իրենց պատկանելությունից։ 42.1-րդ հոդվածի գործողության ոլորտի ճշգրտումը կարևոր է երկու տեսանկյունից։ Նյութական տեսանկյունից հիմնական իրավունքներ կրելու ունակությունը թույլ է տալիս հենվել հիմնական իրավունքների վրա։ Դատավարական տեսանկյունից 42.1-րդ հոդվածը ճանապարհ է բացում անհատական դիմում ներկայացնելու համար։
42.1-րդ հոդվածն առանց որևէ խնդրի նախ և առաջ տարածվում է մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց վրա (ՀՀ քաղ. օր. 5-րդ գլուխ), որոնք գտնվում են մասնավոր անձանց ձեռքում։ Սա համապատասխանում է 42.1-րդ հոդվածում ամրագրված իրավանորմի նպատակին. իրավաբանական անձը, որն իր հետևում կանգնած անհատների անձի զարգացման արտահայտությունն է («անհատական սուբստրատ»), պետք է օգտվի հիմնական իրավունքների ինքնուրույն պաշտպանության հնարավորությունից[6]։ Իրավաբանական անձանց իրավունակության և դրանով իսկ իրավասու դիմումատու լինելու միակ նախապայմանն այն է, որ հիմնական իրավունքն իր էությամբ կիրառելի լինի նրանց նկատմամբ։ Դա այդպես է, եթե հիմնական իրավունքով պաշտպանվող գործունեությունը կարող է իրականացվել նաև իրավաբանական անձանց կողմից (այն է՝ կոլեկտիվ ձևով), այսինքն՝ չի կապվում մարդու բնական հատկանիշների (որակների) հետ։ Օրինակ՝ իրավաբանական անձը կարող է ֆիզիկական անձանց նման ունենալ սեփականություն (Սահմ. 31-րդ հոդ. առաջին մաս), նա կարող է խտրականության ենթարկվել (Սահմ. 14.1-րդ հոդ.) և կարծիք հայտնել (Սահմ. 27-րդ հոդ. առաջին մաս), սակայն նա ո´չ արժանապատվություն ունի (Սահմ. 14-րդ հոդ.), ո´չ կյանք կամ առողջություն (Սահմ. 15-րդ և 33.2-րդ հոդ.հոդ.), ո´չ ամուսնանում է (Սահմ. 35-րդ հոդ.), ո´չ էլ երեխաներ է ունենում (Սահմ. 36-րդ հոդ.)։
Քաղաքական կուսակցություններն իրավունակ են, ուստի կարող են անհատական դիմում ներկայացնել, եթե պաշտպանում են ոչ թե իրենց սահմանադրաիրավական կարգավիճակը (Սահմ. 7-րդ հոդ.)՝ կապված ընտրությունների հետ, այլ որևէ հիմնական իրավունք[7] :
Հանրային իրավունքի իրավաբանական անձինք իրավունակ չեն և սկզբունքորեն չեն կարող անհատական դիմում ներկայացնել, որովհետև անհատական դիմումը հանրային իշխանության դեմ ուղղված իրավունքի պաշտպանության միջոց է, իսկ հանրային իրավունքի իրավաբանական անձինք հենց այդ նույն հանրային իշխանության մի մասն են (այսպես կոչված կոնֆուզիոն փաստարկ)[8]։ Հանրային իրավունքի իրավաբանական անձանց հետևում կանգնած են ոչ թե ֆիզիկական անձինք, այլ միշտ պետությունը, որը չի կարող լինել միաժամանակ հիմնական իրավունքի ե´ւ սուբյեկտ, ե´ւ հասցեատեր։ Նրանք գործում են օրենքով սահմանված իրենց իրավասությունների հիման վրա, այլ ոչ թե իրացնում են հիմնական իրավունքներ։ Եթե այլ պետական մարմինների կողմից խախտվում են նրանց իրավասությունները, ապա առկա է ոչ թե ոտնձգություն սուբյեկտիվ հիմնական իրավունքների դեմ, այլ սոսկ իրավասությունների բախում[9]։ Նույնիսկ համայնքները չունեն անհատական դիմում ներկայացնելու իրավունք սեփականության հիմնական իրավունքի (Սահմ. 31-րդ հոդ.) խախտման հիմնավորմամբ, որովհետև նրանք այդ հիմնական իրավունքի սուբյեկտ չեն, քանի որ սեփականությունը համայնքի ձեռքում մասնավոր նախաձեռնողության հիմք չէ և չի կատարում սեփականատիրոջն օգուտ բերելու գործառույթ (մասնավոր շահի իմաստով)[10]։ Կարճ ասած՝ Սահմ. 31-րդ հոդվածը, եթե հետևենք սեփականության հիմնական իրավունքի նման ըմբռնմանը, պաշտպանում է ոչ թե մասնավոր սեփականությունը, այլ 'մասնավոր անձանց սեփականությունը։ Այդ պատճառով համայնքին չի օգնի նաև այն պնդումը, թե ինքը կոնկրետ դեպքում գործել է օրենքով սահմանված իր հանրային խնդիրների բնագավառից դուրս։
Այլ է հարցը, երբ հանրային իրավունքի իրավաբանական անձինք հենվում են դատավարական հիմնական իրավունքների վրա (օրինակ՝ Սահմ. 18-րդ, 19-րդ հոդ.հոդ.), քանի որ սահմանադրական այդ դրույթները ձևական առումով պատկանում են ոչ թե հիմնական իրավունքներին, այլ բովանդակում են դատավարական օբյեկտիվ սկզբունքներ, որոնք գործում են ցանկացած դատավարության համար, ուստի պետք է ծառայեն յուրաքանչյուրին, ով դատավարական նորմերին համապատասխան եղել է դատավարության մասնակից[11]։ Այս տեսանկյունից խնդրահարույց է անշուշտ ՍԴ ՍԴՈ-691 որոշումը, որով կարճվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի դիմումի մասով գործի վարույթն այն պատճառաբանությամբ, թե նա պետական կառավարչական հիմնարկ է և չունի իրավաբանական անձի կարգավիճակ։ ՍԴ որոշման մեջ տեղ գտած այս սխալը հիմնված է հանրային իրավունքի և մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց անբավարար տարբերակման վրա։ Անվիճելի է, որ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, հետևաբար նա ոչ թե «չունի իրավաբանական անձի կարգավիճակ», ինչպես նշում է ՍԴ-ն, այլ չունի ընդամենը մասնավոր իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ, որպիսի հանգամանքն անշուշտ նրան արդարադատությունը մերժելու հիմք չէ, քանի որ նա վիճարկում էր դատավարական հիմնական իրավունքների խախտումը։
Անընդունելի է ՍԴ հիշյալ դիրքորոշման այնպիսի ըմբռնումը, ըստ որի՝ ՀՀ-ում անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեն բացառապես մասնավոր իրավունքի իրավաբանական անձինք (սահմանադրական նորմը (42.1-րդ հոդվածը) չի կարելի մեկնաբանել հասարակ օրենքի (տվյալ դեպքում՝ ՀՀ քաղ. օր.-ի) միջոցով), որովհետև նման մեկնաբանության դեպքում կստացվի, որ մասնավոր իրավունքի իրավաբանական անձն անհատական դիմում ներկայացնելու իրավունք կունենա նաև այսպես կոչված վարչական մասնավոր իրավունքի դեպքում, երբ պետությունն իր հանրային-իրավական խնդիրներն իրականացնում է մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց միջոցով (օրինակ, երբ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100%-ը գտնվում է պետության ձեռքում)։ Նման դեպքերում, չնայած մասնավոր իրավունքին հատուկ կազմակերպաիրավական ձևին, բաժնետիրական ընկերությունը հիմնական իրավունքների հասցեատեր է և անհատական դիմում ներկայացնելու իրավունք չունի (դատավարական հիմնական իրավունքների վերաբերյալ բացառությունը գործում է համապատասխանաբար)[12]։
Այն դեպքում ևս, երբ հանրային իրավունքի իրավաբանական անձը հիմնական իրավունքներ է պաշտպանում այնպիսի բնագավառում, որտեղ նա պետությունից անկախ է, պետք է ելնել հիմնական իրավունքներ կրելու նրա ունակությունից[9]։ Այս իմաստով անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև հանրային հեռուստատեսությունը և հանրային ռադիոն, եթե վկայակոչում են Սահմ. 27-րդ հոդվածի չորրորդ մասի խախտումը և համալսարանները՝ Սահմ. 40-րդ հոդվածի խախտման դեպքում։
Դատավարական գործունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՍԴՕ-ն չի բովանդակում դատավարական գործունակության վերաբերյալ որևէ կարգավորում, այլ 46-րդ հոդվածում ընդամենը խոսվում է ներկայացուցչության մասին։ Այլ դատավարություններում դատավարական գործունակությունը դիմումատուի կողմից անձամբ կամ անձամբ իր կողմից լիազորված անձանց միջոցով դատավարական գործողություններ կատարելու ունակությունն է։ Քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերը (քաղ. դատ. օր. 2-րդ հոդ., վարչ. դատ. օր. 4-րդ հոդ.) դատավարական գործունակությունը կապում են նյութաիրավական գործունակության հետ (քաղ. օր. 24-րդ հոդ.)։
Սահմանադրական դատավարությունում դատավարական գործունակության նախապայմանը իրավասու դիմումատու լինելն է, հետևաբար, չնայած ՍԴՕ-ում համապատասխան իրավակարգավորումների բացակայությանը, այլ դատավարական օրենսգրքերի կարգավորումները սահմանադրական դատավարությունում համապատասխանաբար կիրառվել չեն կարող։ Ֆիզիկական անձինք, ովքեր լրիվ գործունակ են, միշտ ունեն դատավարական գործունակություն։ Այլ է հարցը անչափահասների կամ խնամակալության տակ գտնվողների դեպքում։ Անչափահասն սկզբունքորեն չունի դատավարական գործունակություն, սակայն բացառիկ դեպքերում կարող է նրան թույլատրվել դիմել ՍԴ, եթե նա օժտված է իր հիմնական իրավունքն իրականացնելու բավարար ողջախոհությամբ։ Դա պետք է որոշվի յուրաքանչյուր հիմնական իրավունքի համար առանձին և կոնկրետ դեպքի առանձնահատկությունների հաշվառմամբ։ Փաստորեն, անհատական դիմումի քննության վարույթում վճռական նշանակություն պիտի ունենա անչափահաս դիմումատուի ողջախոհությունը և դրանով իսկ՝ հիմնական իրավունքի իրականացման փաստացի նախադրյալները, և ոչ թե իրավական գործունակությունը։ Եթե ողջախոհությունն առկա է, ապա կարող է, օրինակ, դպրոցական թերթի անչափահաս խմբագիրն անհատական դիմումի միջոցով պաշտպանել Սահմ. 27-րդ հոդվածում ամրագրված իր հիմնական իրավունքները՝ առանց իր ծնողների կողմից ներկայացվելու։
Անսահմանափակ դատավարական գործունակությամբ է օժտված խնամակալության տակ գտնվող անձը (անգործունակը) անհատական դիմումի քննության վարույթում, եթե հարցը վերաբերում է հենց իր նկատմամբ սահմանված խնամակալությանը։
Իրավաբանական անձինք, ընդհակառակը, անհատական դիմումի քննության վարույթում ի սկզբանե դատավարական գործունակություն չունեն։ Նրանք ստիպված են իրենց հիմնական իրավունքները պաշտպանել իրենց ներկայացուցիչների միջոցով։
Անհատական դիմումի քննության վարույթը չի ճանաչում փաստաբանի պարտադիր մասնակցություն։ Քաղաքացիները կարող են նաև անձամբ դիմում ներկայացնել։
Հիմնական իրավունքի խախտման պնդումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե իրավասու դիմումատու լինելը ցույց է տալիս, թե արդյոք անձը կարող է դիմումատու լինել անհատական դիմումի քննության վարույթում, իսկ դատավարական գործունակությունը՝ արդյոք նա իրավունք ունի ինքնուրույն մասնակցելու վարույթին, ապա հիմնական իրավունքի խախտման պնդումն առկա է, եթե դիմումատուն կարող է պնդել, որ ներկա պահին, անմիջականորեն խախտվել են անձամբ իր հիմնական իրավունքները։ Այստեղից բխում են անհատական դիմումի թույլատրելիության հետևյալ նախապայմանները։
Հիմնական իրավունքի խախտման հնարավորությունը։ ՍԴ դիրքորոշման համաձայն՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր որ հիմնական իրավունքն է խախտվել (17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշման 8-րդ կետի առաջին պարբերություն, ՍԴՈ-839 որոշման 5-րդ կետի առաջին պարբերություն։)։ Հիմնական իրավունքի խախտումը պնդելու համար բավարար չէ դիմումատուի սուբյեկտիվ ընկալումը։ Դրա համար բողոքարկման լիազորության դեպքում հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ դիմումատուի պնդումը պիտի ՍԴ-ին գոնե հնարավոր թվա (այսպես կոչված հնարավորության տեսություն)։ Խախտումը միշտ հնարավոր է, եթե այն ի սկզբանե բացառված չէ։ Հիմնական իրավունքի խախտման հնարավորությունը բացառվում է, եթե, օրինակ, վկայակոչվող հիմնական իրավունքի պաշտպանության ոլորտն ի սկզբանե վտանգված չէ, միջամտությունը տվյալ իրավունքի նկատմամբ բացառված է, կամ իրավունքի սահմանափակման սահմանադրաիրավական արդարացումն ակնհայտ է։ Բողոքարկման լիազորություն չունի, օրինակ, այն օտարերկրացին, որը պնդում է միայն ՀՀ քաղաքացուն պատկանող հիմնական իրավունքի խախտումը, կամ այն դիմումատուն, որը պնդում է Սահմ. 29-րդ հոդ. առաջին մասով ամրագրված իր հիմնական իրավունքի խախտումը, որովհետև ինքն իրավունք չունի անցկացնելու զինված հավաքներ։
Սեփական իրավունքի խախտումը։ Պետք է խախտված լինեն անձամբ դիմումատուի հիմնական իրավունքները։ Դրանով իսկ բացառվում է ուրիշների շահերը դատական կարգով պաշտպանելու հնարավորությունը։ Օրինակ, կազմակերպությունն իրավունք չունի անհատական դիմումի միջոցով պաշտպանելու իր անդամների հիմնական իրավունքները։ Անձամբ դիմումատուի հիմնական իրավունքների խախտումը ենթադրելու համար պարտադիր չէ, որ նա իր նկատմամբ կիրառված օրենքի հասցեատերը լինի։ Եթե օրենքն ուղղված է երրորդ անձանց, ապա դիմումատուի հիմնական իրավունքները կարող են խախտվել, եթե նրա հիմնական իրավունքների և օրենքի միջև առկա են բավականաչափ նեղ հարաբերություններ։ Օրինակ՝ անչափահասին քրեորեն դատապարտելը միաժամանակ շոշափում է նրա ծնողների՝ Սահմ. 36-րդ հոդ. առաջին մասով երաշխավորված հիմնական իրավունքը։
Իրավունքի խախտման այժմեականությունը։ Դիմումատուի իրավունքները պետք է արդեն կամ դեռ խախտված լինեն, այսինքն իրավունքի խախտումը պետք է այժմեական (առկա) լինի։ Դա այդպես չէ, եթե դիմումատուի իրավունքները կարող են խախտվել ինչ-որ մի ժամանակ ապագայում (վիրտուալ կերպով)։ Այժմեականության հատկանիշը պահանջում է ներկա խախտումները սահմանազատել նաև անցյալի խախտումներից։ Սակայն անցյալում կատարված բոլոր խախտումները չէ, որ բացառում են իրավունքի խախտման այժմեականությունը։ Անհրաժեշտ է միայն, որ դիմումատուի իրավունքը խախտող ներգործությունը դեռ շարունակվի, կամ դիմումատուն բավարար հիմքեր ունենա վախենալու իրավունքի խախտման կրկնությունից[13]։
Իրավունքի խախտման անմիջականությունը։ Անհատական դիմումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե դիմումատուն պնդում է, որ իր հիմնական իրավունքները խախտվել են անմիջականորեն օրենքի միջոցով, այսինքն՝ «պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև» (17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշման 8-րդ կետի առաջին պարբերություն, ՍԴՈ-839 որոշման 5-րդ կետի առաջին պարբերություն)։ Սակայն իրավունքների խախտման առկայությունն ու անմիջականությունը «բավարար կերպով իրավաբանորեն» հիմնավորելու ՍԴ-ի պահանջը մտավախություն է առաջացնում, որ փաստաբանի ծառայություններից չօգտվող դիմումատուն հազիվ թե հաղթահարի անհատական դիմումի թույլատրելիության պատնեշը։ Բայց չէ որ անհատական դիմումը հիմնական իրավունքների անհատական պաշտպանության միջոց է, և յուրաքանչյուր ոք պիտի կարողանա օգտվել դրանից։ Անմիջական խախտումն առկա է այն դեպքում, երբ վիճարկվող օրինադրույթն առանց այլ իրավակիրառ ակտի ոտնձգում է դիմումատուի հիմնական իրավունքների դեմ։ Հետևաբար, իրավունքների անմիջական խախտումն առկա չէ, որպես կանոն, այն օրինադրույթների դեպքում, որոնք պարզապես պետական մարմիններին լիազորում են ընդունել այս կամ այն իրավական ակտը։ Եթե օրինադրույթի կիրառման համար անհրաժեշտ է, օրինակ, վարչական ակտի ընդունում, ապա անձի իրավունքները կարող են խախտվել միայն այդ ակտի ընդունման պարագայում։ Տվյալ դեպքում անձն իր իրավունքները պետք է պաշտպանի ոչ թե ՍԴ-ում, այլ վարչական դատարանում։ Եթե դիմումատուն այնուամենայնիվ ուզում է պայքարել հենց օրինադրույթի դեմ, ապա պետք է իր անհատական դիմումում հիմնավորի, որ հիմնական իրավունքները խախտվում են այդ օրինադրույթի, այլ ոչ թե վարչական ակտի միջոցով։ Դա նրան, որպես կանոն, հազիվ թե հաջողվի։
Դիմումի առարկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմումատուն պարտավոր է հիմնավորել, որ իր հիմնական իրավունքները խախտվել են հենց օրենքի միջոցով (Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետ)։ Սակայն հարց է, թե ինչ պետք է հասկանալ «օրենքի» ներքո՝ միայն ձևական, թե նաև նյութական օրենքները։ Օրենսդիրը Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետում ամրարված «օրենք» հասկացության ներքո հասկանում է միայն ձևական օրենքները (ՍԴՕ 69-րդ հոդ. երկրորդ մաս)։ ՍԴ-ի պրակտիկան ցույց է տալիս, որ մինչ այժմ անհատական դիմումի միջոցով ՍԴ-ում քննության առարկա են եղել միայն ձևական օրենքները, սակայն հանրահայտ ճշմարտություն է, որ չի կարելի Սահմանադրության մեջ գործածվող հասկացությունները մեկնաբանել հասարակ օրենքի միջոցով։ Բացի այդ, ՍԴՕ հիշյալ դրույթն ինքը կարող է դառնալ ՍԴ-ում քննության առարկա, ուստի Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետում գործածվող «օրենք» հասկացության՝ օրենսդրի մեկնաբանությունը ՍԴ-ի համար պարտադիր բնույթ ունենալ չի կարող։ ՍԴ-ն բավական լայն հայեցողություն ունի Սահմանադրության մեկնաբանման հարցում, և Սահմանադրության տառին ու ոգուն չէր հակասի, եթե նա անհատական դիմումի միջոցով թույլատրելի համարեր նաև առանձին նյութական օրենքների սահմանադրականության ստուգումը[14]։
Քանի որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները կաշկանդում են միայն հայկական պետությանը (Սահմ. 3-րդ հոդ. երրորդ մաս՝ 1-ին հոդ. համակցությամբ), ուստի անհատական դիմումի առարկա կարող են լինել միմիայն ՀՀ օրենքները։ Թեև գործնականում հնարավոր են դեպքեր, որ անձի նկատմամբ կիրառվեն այլ պետության օրենքներ (ՀՀ քաղ. օր. 81-րդ գլուխ), սակայն դրանք չեն կարող լինել անհատական դիմումի առարկա այն պարզ պատճառով, որ չեն կարող խախտել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները։
Դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետի (ՍԴՕ 69-րդ հոդ. առաջին մասի) համաձայն՝ անհատական դիմում կարող է ներկայացվել միայն դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառումից հետո։ Դատական պաշտպանության միջոցների սպառման պահանջը լիովին համապատասխանում է անհատական դիմումի (լրացուցիչ) բնույթին, որ նա չպետք է իր վրա վերցնի իրավունքների առաջնային պաշտպանության գործառույթը[15]։
Դատական պաշտպանության միջոցը ներպետական որևէ դատարան դիմելու՝ օրենսդրորեն կարգավորված հնարավորությունն է։ ՀՀ-ում այն սկսվում է սովորաբար առաջին ատյանի դատարանից և ավարտվում այն որոշմամբ, որն այլևս ոչ մի դատարանում վիճարկել հնարավոր չէ։
Դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառումը նշանակում է, որ դիմումատուն պետք է օգտագործած լինի իր հիմնական իրավունքների խախտումները վերացնելու համար թույլատրելի և պիտանի բոլոր դատավարական հնարավորությունները։ Թեև ՀՀ-ում օրենքների դեմ դատական պաշտպանության հնարավորություն ըստ էության գոյություն չունի, այնուամենայնիվ դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման սկզբունքը ենթադրում է, որ անձը պետք է դիմի ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններ նաև այն դեպքում, երբ պայքարում է ձևական օրենքի դեմ։ Դատավարության ընթացքում դատավորը գործի քննությանը զուգահեռ ստուգում է օրինադրույթի սահմանադրականությունը և անհրաժեշտության դեպքում դիմում է ՍԴ (Սահմ. 101-րդ հոդ. 7-րդ կետ)։ Եթե դատավորը վիճելի իրավանորմի սահմանադրականության հարցով ՍԴ չի դիմում, ապա անձն ինքը կարող է անհատական դիմում ներկայացնել և պնդել, որ դատավորն իրավանորմի հակասահմանադրականությունը չի գիտակցել և իր նկատմամբ կիրառել է հակասահմանադրական օրենք։
Դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման սկզբունքը ելնում է այն գաղափարից, որ հիմնական իրավունքների պաշտպանությունն ամենից առաջ և առավելապես ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների խնդիրն է[16]։ Բացի այդ, այս սկզբունքի միջոցով երաշխավորվում է, որ մյուս դատարաններում գործի համակողմանի քննության միջոցով ՍԴ ներկայացվի բազմաթիվ ատյաններում ինչպես փաստական, այնպես էլ իրավական տեսանկյունից ստուգված նյութ՝ այդ դատարանների իրավական դիրքորոշումներով հանդերձ։ Դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման սկզբունքն այս իմաստով կոչվում է նաև «մասնագիտացված դատարանների գերակայության սկզբունք»[17]։
Սակայն պիտանիության չափանիշի տեսանկյունից հնարավոր են դեպքեր, երբ օբյեկտիվորեն հնարավոր չէ վերացնել անձի հիմնական իրավունքների խախտումները դատական ակտը վերադաս ատյանում բողոքարկելու միջոցով, որովհետև, ասենք, ակնհայտ անհնար է վերադաս դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ այլ օրենքի կիրառումը, քան այն օրենքը, որը հենց խախտում է անձի հիմնական իրավունքները, իսկ դատավորը օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ չի դիմում։ Նման դեպքերում, մեր կարծիքով, ՍԴ-ն կարող է դիմումատուից չպահանջել, որպեսզի նա ձևականորեն սպառի իր նկատմամբ կայացված դատական ակտի վիճարկման հնարավորությունները։
Անհատական դիմումի ձևը և ժամկետները
[խմբագրել | խմբագրել կոդը]ՍԴՕ 27-րդ հոդ. առաջին մասի համաձայն՝ անհատական դիմումը ՍԴ պետք է ներկայացվի գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Արդյոք հեռագրի կամ հեռաֆաքսի միջոցով անհատական դիմում ներկայացնելը բավարարում է օրենքի վերոհիշյալ պահանջը, հարցական է, որովհետև ՍԴ-ն իր որոշումներում երբևէ այդ հարցին չի անդրադարձել։
Անհատական դիմումը պետք է նաև հիմնավորել (ՍԴՕ 27-րդ հոդ. երկրորդ մաս 5-րդ կետ)։ ՍԴՕ 69-րդ հոդ. չորրորդ մասը պահանջում է անհատական դիմումում նշել օրենքի այն դրույթները, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթները, որոնց, դիմողի կարծիքով, հակասում են տվյալ օրենքի դրույթները, ինչպես նաև հակասահմանադրականության հիմնավորումները։ Ընդ որում պարտադիր չէ ենթադրաբար խախտված հիմնական իրավունքը կամ Սահմանադրության այլ դրույթները դիմումում վկայակոչել հոդվածի համարի կամ մասի մատնանշմամբ։ Բավական է, որ այն հասկանալի լինի դիմողի շարադրանքից։
Անհատական դիմումը կարող է ՍԴ ներկայացվել վեցամսյա ժամկետում։ Ժամկետն սկսում է հոսել դիմումատուի նկատմամբ կայացված դատական ակտի վիճարկման հնարավորությունների սպառման պահից (ՍԴՕ 69-րդ հոդ. հինգերորդ մաս)։ Ժամկետները հաշվարկվում են ՍԴ կանոնակարգով սահմանված կանոններով (գլուխ 2-րդ)։ Անհատական դիմումի վերաբերյալ ՍԴ-ն որոշում է ընդունում դիմումի մուտքագրման պահից վեցամսյա ժամկետում, որը պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք ամսով (ՍԴՕ 68-րդ հոդ. հինգերորդ մաս, 69-րդ հոդ. իններորդ մաս)։
Դատարան ներկայացված անհատական դիմումը կարող է հետ վերցվել մինչև գործի դատաքննությունն սկսվելը (ՍԴՕ 33-րդ հոդ. առաջին մաս)։ Սակայն առանձին դեպքերում դիմումատուի կողմից դիմումը հետ վերցնելը կարող է մերժվել ՍԴ-ի կողմից, այնպես որ դիմումի վերաբերյալ միևնույն է որոշում կկայացվի։ ՍԴ-ն այդպես է վարվում անհատական դիմումի օբյեկտիվ գործառույթի ուժով, երբ դիմումի քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից (ՍԴՕ 33-րդ հոդ. երկրորդ մաս)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոռ Հովհաննիսյան, «Անհատական (սահմանադրական) դիմումի թույլատրելիության նախապայմանների համառոտ վերլուծություն» Արխիվացված 2022-07-17 Wayback Machine
- ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի կայքում
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՀ ՍԴ-ն, ընդհակառակը, Սահմանադրական դատարանում հիմնական իրավունքների դատական պաշտպանությունը դիտում է Սահմանադրության 18-րդ հոդ. շրջանակներում (տես ՍԴ 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը), ինչն անընդունելի է թվում։ Սահմ. 18-րդ հոդվածը նախ երաշխավորում է իրավունքների պաշտպանություն դատավորների միջոցով և ոչ թե ընդդեմ դատավորների։ Հակառակը կհակասեր իրավական անվտանգության սկզբունքին։ Այնուհետև այն ենթադրում է իրավունքների պաշտպանություն միմիայն ընդդեմ գործադիրի և ոչ երբեք ընդդեմ օրենսդիր իշխանության (ընդդեմ ձևական օրենքների)։ Ձևական օրենքներից անձը կարող է պաշտպանվել միայն ՍԴ-ում անհատական դիմումի միջոցով (Սահմ. 101-րդ հոդ. 6-րդ կետ), որը չի կարող հասկացվել իբրև իրավունքների դատական պաշտպանություն Սահմ. 18-րդ հոդ. իմաստով։
- ↑ Այսպես կոչված անձի հետմահու պաշտպանություն։ Մարդու արժանապատվության հիմնական իրավունքի բացառիկ կարևորության մասին մանրամասն տես Գոռ Հովհաննիսյան, Մարդու արժանապատվության իրավունքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում, ՀՀ ՍԴ տեղեկագիր 4(53)/2009, էջ 4-15։
- ↑ ՀՀ քաղաքացիության հետ կապված են, օրինակ, Սահմ. 28-րդ հոդ. երկրորդ մասով, 30-րդ, 30.1-րդ, 30.2-րդ հոդվածներով, 39-րդ հոդ. վեցերորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները։
- ↑ Օրինակ երեխան, որը դեռ խոսել չի սովորել, չի կարող լինել Սահմ. 27-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքների սուբյեկտ։
- ↑ Այս հարցը, սակայն, ոչ մի երկրի սահմանադրական դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մինչ այժմ վերջնական լուծում չի ստացել։
- ↑ Epping: Grundrechte, Berlin-Heidelberg 2010, S. 68.
- ↑ Ipsen: Staatsrecht II, Grundrechte, Köln 2007, S. 19. Տես, օրինակ, ՍԴ թիվ 1 դատական կազմի 20.04.10 թ. ՍԴԴԿՈ/1-11 որոշումը։
- ↑ Ipsen: Staatsrecht I, Staatsorganisationsrecht, München 2005, S. 271.
- ↑ 9,0 9,1 Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, Grasberg bei Bremen 2008, S. 407.
- ↑ Սեփականության հիմնական իրավունքի այդպիսի հասկացության մասին մանրամասն տես Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, Heidelberg 2007, S. 225.
- ↑ Lechner/Zuck: Bundesverfassungsgerichtsgesetz, Kommentar, München 2006, S. 516.
- ↑ Գոռ Հովհաննիսյան, «Անհատական դիմումի թույլատրելիության նախապայմանները», Դատական իշխանություն 8-9 (157-158)/2012, էջ 15։
- ↑ Epping: Grundrechte, Berlin-Heidelberg 2010, S. 79.
- ↑ Այս հարցի առնչությամբ հիրավի տեղին է հիշեցնել ՌԴ ՍԴ փորձը։ ՌԴ Սահմ. 125-րդ հոդ. չորրորդ մասի համաձայն՝ ՍԴ-ն դաշնային օրենքով սահմանված կարգով ստուգում է կոնկրետ գործով կիրառված կամ կիրառման ենթակա 'օրենքի սահմանադրականությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումների կամ դատարանների հարցումների հիման վրա։ ՍԴ-ն բավական լայն է մեկնաբանում «օրենք» հասկացությունը և թույլատրելի է համարում նաև համաներման ակտերի (Պետական դումայի որոշումների) (տես ՌԴ ՍԴ 05.07.2001 թ. 11-П որոշումը) և կառավարության նորմատիվ ակտերի (տես ՌԴ ՍԴ 27.01.2004 թ. 1-П որոշումը) սահմանադրականության ստուգումն անհատական դիմումի միջոցով։ Տես Комментарий к Конституции Российской Федерации, под ред. Зорькина, Лазарева, Москва 2009, с. 959.
- ↑ Maunz/Schmidt-Bleibtreu/Klein/Bethge (Hrsg.): Bundesverfassungsgerichtgesetz, Kommentar, Loseblatt, Stand: April 2008, München, § 90 Rdn. 377.
- ↑ Chung: Bedeutung des § 90 BVerfGG für die Zulässigkeit der Verfassungsbeschwerde gegen Gesetze, Versuch des normorientierten Aufbaus der Systematik der Zulässigkeitskontrolle der Rechtssatzverfassungsbeschwerde, Regensburg 1993, S. 147; Warmke, Die Subsidiarität der Verfassungsbeschwerde, Berlin 1993, S. 63 f.
- ↑ Brückner: Vergleich zwischen den Verfahren des spanischen recurso de amparo und der deutschen Verfassungsbeschwerde unter besonderer Berücksichtigung von Verfahrensfunktionen und Entscheidungswirkungen, Hamburg 1997, S. 36.