Ամառային և աշնանային ծաղիկներ և թռչուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային և աշնանային ծաղիկներ և թռչուններ
2
տեսակգեղանկար և կախովի թղթագլան
նկարիչՍիկիբու Տերուտադա
տարի16-րդ դար
ստեղծման վայրՃապոնիա[1]
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1] և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ

«Ամառային և աշնանային ծաղիկներ և թռչուններ» (ճապ.՝ 夏秋花鳥図, կասյու:կատյո:ձու), ճապոնացի նկարիչ Սիկիբու Տերուտադայի կողմից 16-րդ դարի կեսերին ստեղծված ուղղահայաց թղթագլանի երկթև կակեմոնո։ Ստեղծագործությունը նվիրաբերվել է Մերի և Ջեկսոն Բյորկ հիմնադրամի կողմից և գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[3]։

Երկթև կակեմոնոն իրենից ներկայացնում է ծաղիկների և թռչունների մասին չինական ավանդական գեղանկարչության սյուժեի ճապոնական մեկնաբանության օրինակ։ Ստեղծագործության աջ կողմում պատկերված են ամառվա կեսերին ծաղկող մոլոշավարդեր և շուշաններ, իսկ մյուս կողմում` դրանց դիմաց, պատկերված են ուշ ամռանը և աշնան սկզբին ծաղկող բաղրջուկներ, քրիզանթեմներ և էուլալիա խոտաբույսեր[3]։ Երկթև կակեմոնոում, թռչուններից «ամառային» մասում պատկերված են մի զույգ խաղատուտեր, իսկ «աշնանային» մասում քարադր[3]։ Հորիզոնի գիծը գտնվում է ցածր մակարդակի վրա, որը նրա սահմաններից դուրս ստեղծում է բաց տարածության տպավորություն, մինչդեռ բույսի ամենաբարձր ցողունը համահարթեցնում է տարածության զգացողությունը, քանի որ այն գտնվում է բլուրների ռիթմիկ կրկնվող ուրվագծերի ֆոնի վրա[4]։ Տարածքի լցված լինելու հանգամանքն ավելի ուժեղ է երկթև սրբանկարի ձախ մասում, քանի որ կոմպոզիցիայի տարրերի մեծ մասը գտնվում են ստորին ձախ անկյունում[4]։

Սիկիբու Տերուտադայի ստեղծագործության համար բնութագրական է տարրերի առատությունը։ Իր վաղ շրջանի գործերում նա փորձում էր ընդօրինակել Կենկո Սյոկեյուին (շուրջ 1478-1523 թթ.): «Ամառային և աշնանային ծաղիկներ և թռչուններ» ստեղծագործությունը կարող է լինել Սյոկեյայի համանման աշխատանքի վերաիմաստավորումը (թռչունների պատկերումը գրեթե կրկնում է Սյոկեյայի Կիոտոյի ազգային թանգարանում գտնվող աշխատանքներից մեկը)[4]։ Նրանից նա ընդօրինակել է ինչպես մանրամասների մեծ քանակը, այնպես էլ տարածության բացակայությունը[4]։ Միաժամանակ Սիկիբու Տերուտադայի ներկայումս պահպանված աշխատանքները վկայում են Կանոյի գեղանկարչության դպրոցի ոճի հետ նկարչի ծանոթության մասին։ Այս աշխատանքում դրսևորված են նաև Կանոի դպրոցի ներկայացուցիչներին բնորոշ ոճի տարրերը, դրանք վառ գույներն են, որոնք հստակ ուրվագծվում են տերևների և ցողունների վրա[3]։

Երկար ժամանակ այս նկարը սխալմամբ վերագրվում էր մեկ այլ նկարչի` Կենկո Սյոկեյուին, որի կեղծանունն էր Սիկիբու Ռյուկյո[4]։ Իսկական հեղինակին կարողացան բացահայտել միայն 1905 թվականին։ Երկթև սրբանկարի յուրաքանչյուր մասում դրված է մեկական կնիք «Սիկիբու» ստորագրությամբ, սակայն դրանք գործնականում չեն երևում ստեղծագործության ստորին մասում մանրուքների առատության պատճառով (հենց կնիքները կարող էին պատճառ հանդիսանալ հեղինակի սխալ որոշման համար)։ Նկարչի ավելի ուշ շրջանի ստեղծագործություններում արդեն դրվել են երկու կնիքներ, «Սիկիբու» և «Տերուտադա»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.metmuseum.org/art/collection/search/53221
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «式部輝忠 (竜杏) 筆 夏秋花鳥図 Birds and Flowers of Summer and Autumn» (անգլերեն). The Metropolitain Museum of Art.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Miyeko Murase, Mary Griggs Burke (2000). Bridge of dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. Metropolitan Museum of Art. էջ 154.