Աղիքների անանցանելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղիքների անանցանելիություն
Աղիքների անանցանելիության ռենտգենային լուսանկար
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9537.2, 560.1, 560.31, 777.1 և 777.4
ՀՄԴ-10K31.5, K56.0, K56.3, K56.7, P75 և P76.1
 Ileus Վիքիպահեստում

Աղիքների անանցանելիություն, առաջանում է աղիքների ոլորման, հանգույցների գոյացման, ներագուցման, աղիքների գերձգման կամ ճնշվածության (կպումներ, երբեմն՝ ճողվածքի ճմլում), ինչպես նաև աղիքները որդերի (ասկարիդներ) կծիկով, օտար մարմնով, փորկապության ընթացքում կղանքային քարերով խցանման հետևանքով։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է աղիքների ոլորման, հանգույցների գոյացման, ներագուցման, աղիքների գերձգման կամ ճնշվածության (կպումներ, երբեմն՝ ճողվածքի ճմլում), ինչպես նաև աղիքները որդերի (ասկարիդներ) կծիկով, օտար մարմնով, փորկապության ընթացքում կղանքային քարերով խցանման հետևանքով։

Աղիքների անանցանելիության պատճառ կարող են դառնալ նաև աղիքների շարժող, գործունեության (գալարակծկանք) ծանր խանգարումները։ Աղիքների անանցանելիության հատուկ ձև է, այսպես կոչված, սննդային անանցանելիությունը, որը կարող է առաջանալ երկարատև քաղցից հյուծված մարդկանց աղիքներում՝ մեծ քանակությամբ կոշտ, դժվարամարս սննդի ընդունումից հետո։ Դա հաճախ հանդիպում է պատերազմների ժամանակ՝ երկարատև պաշարված վայրերից դուրս բերված մարդկանց մոտ։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիքների անանցանելիությունն սկսվում է հանկարծակի, որովայնի ուժեղ սուր ցավերով (մշտական կամ կծկումային), որոնք ուղեկցվում են որովայնի փքվածությամբ, գազերը և կղանքը դուրս չեն գալիս, առաջանում է փսխում։ Փսխման զանգվածն սկզբում պարունակում է սննդանյութեր, այնուհետև՝ մուգ գարշահոտ հեղուկ (այսպես կոչված՝ կղանքային փսխում)։ Երեխաների աղիքների ներագուցման ժամանակ հաճախ լինում է արյունային լուծ։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգրենայի ենթարկված աղիներ

Աղիքների անանցանելիությունն ուղեկցվում է աղիքների ծանր փոփոխություններով և օրգանիզմի ընդհանուր վիճակի վտանգավոր խանգարումներով (ախտահարված օջախի տոքսիններով օրգանիզմի թունավորում, ջրազրկում)։ Աղիքների անանցանելիության ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել կամ հիվանդին հասցնել վիրաբուժական բաժանմունք։ Հապաղումը կարող է հանգեցնել հիվանդի մահվան։ Ինքնաբուժման փորձերը (ջեռակ, հոգնա, լուծողականներ) անթույլատրելի են։ Շատ վտանգավոր է երեխաների հիվանդության ծանրությունը թերագնահատելը, երբ արյունային լուծի առաջացումն ընկալվում է որպես ստամոքսի խանգարման կամ դիզենտերիայի հետևանք։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիքների անանցանելիության կանխարգելման համար կարևոր են որովայնի խոռոչում կպումներ առաջացնող հիվանդությունների, օրինակ՝ որդանման ելունի քրոնիկ, բորբոքման ժամանակին բուժումը և ռացիոնալ սնունդը։ Երկարատև քաղցած, հյուծված մարդիկ պետք է սկսեն սնվել փոքր բաժիններով՝ հեղուկ կամ կիսահեղուկ դյուրամարս սննդով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղիքների անանցանելիություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 257
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։