Jump to content

Աղթամարի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին

Աղթամարի գրչության կենտրոն, հայ դպրոց, հայտնի է դեռևս 10-րդ դարից, աշխուժացել է Աղթամարի կաթողիկոսության հիմնադրման ժամանակներից (1113

Առաջին ձեռագիրը 1277 թվականից է. այդ թվականին գրիչ Սիմեոնն ընդօրինակել է մի մատյան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. No. 207)։ Դպրոցը հովանավորել է Ստեփանոս Գ Սեֆեդինյան կաթողիկոսը (1272-96)։ Վերելք է ապրել Զաքարիա Ա Սեֆեդինյան կաթողիկոսի (1296-1336) օրոք։ Սիմեոնի աշակերտ գրիչ Դանիել Աղթամարցին Ստեփանոս Օրբելյանի խորհրդով և Զաքարիա կաթողիկոսի հոգածությամբ ընդօրինակել է Թովմա Արծրունու պատմությունը (1303), իսկ 1330-ական թթ. գրել է այդ Պատմության հավելվածը (Սեֆեդինյանների պատմությունը)։ Դանիելի ժառանգները, որոնց գրչության շնորհիվ մեզ է հասել մոտ 100 ձեռագիր, շուրջ 200 տարի գրչության արվեստն իրենց տոհմի ձեռքին են պահել՝ միաժամանակ սովորեցնելով ուրիշներին։ Դանիելից հետո հայտնի են Զաքարիա փիլիսոփա ծաղկողը (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի սկիզբ), որը նաև Աղթամարի մանրանկարչության նշանավոր ներկայացուցիչ է, երկրորդ Դանիելը, հայտնի ժամանակագիր Թովմա Մինասենցը, Ներսես և Ստեփանոս (կաթողիկոս) եղբայրները (15-րդ դար), Գրիգորիս Ա կաթողիկոսը և ուրիշներ։

Դպրոցը մեծ հռչակ ուներ, և այնտեղ ձեռագրեր ընդօրինակելու էին գալիս տարբեր վայրերից, նույնիսկ Գլաձորի և Հերմոնի դպրոցներից։ Աղթամարի գրչության կենտրոնից մեզ են հասել պատմական և գեղարվեստական երկեր, բազմաթիվ նկարազարդ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և այլ ձեռագեր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, Վեն., 1940, էջ 110-32
  • Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ.1, Երևան, 1965, էջ 102-03
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 255