Աղավնիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղավնիճ
Verbena bonariensis1.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Աղավնիճազգիներ (Verbenaceae)
Ցեղ Աղավնիճ (Verbena)
L., 1753

Աղավնիճ (լատիներեն՝ Verbéna), աղավնիճազգիների (Verbenáceae) ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները միամյա, բազմամյա խոտաբույսեր և կիսաթփեր են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքը Հարավային Ամերիկան է (Բրազիլիա, Պերու)[2]։ Առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՀՀ-ում աճում է Դեղատու աղավնիճը (Verbéna officinalis), որը 30-100 սմ բարձրությամբ, խոր կտրտված և հակադիր տերևներով բազմամյա մոլախոտ է, ծաղկաբույլը՝ հասկ, ծաղիկները՝ մանր և մանուշակագույն։[1]

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում օգտագործվում է ծաղկային ձևավորումներում (ղևանդներ, միքսբորդերներ, ծաղկաթմբեր) և առանձին խմբավորումներում[2]։ Եթերային յուղ ստանալու համար մշակվում է Կիտրոնային աղավնիճ[1]։ Ն. Պ. Կրասինսկու կարծիքով, աղավնիճը կարելի է մշակել քիմիական արտադրություն ունեցող գործարանների բակերում։

Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնկումը կատարվում է արևոտ տեղերում, սննդանյութերով հարուստ հողերում։ Ոռոգումը պետք է կատարել չափավոր։ Verbéna hybrida Hort տեսակի և Verbéna hybrida Mammouth-ի բույսերը տնկում են մեկը մյուսից 25-30 սմ հեռավորության վրա, քանի որ ունեն գետնի վրա տարածված երկար ցողուններ։ Այս տեսակներից ցածր գորգ ստանալու նպատակով անհրաժեշտ է ցողունները փայտե կարթերով ամրացնել գետնին, որի շնորհիվ դրանք անդալիսի նման արմատակալում են։ Աղավնիճ կնճռոտը (Verbéna venosa Gill et Hook), որի ծաղիկները միայն կապույտ, մանուշակագույն են, միջբուսային տարածությունը տրվում է 20-25 սմ։ Խոնավության նկատմամբ պահանջը մեծ չէ, սակայն ջրի պակասի դեպքում ծաղկումը սկսում է դադարել։ Ծաղկումը սկսում է հունիսից և տևում մինչև ուշ աշուն։ Կնճռոտ աղավնիճը նախորդների հետ համեմատած ավելի կարճատև է ծաղկում։

Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար-մարտ ամիսներին։ 18-20° ջերմության դեպքում սերմերը ծլում են 10-14 օրվա ընթացքում։ Ցանքը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Երևանի պայմաններում աշնանը թափված սերմերը հաջորդ տարի գարնանը ծլում են։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնիճը բազմանում է սերմերով և կտրոններով։ Սերմնահավաքը կատարելիս չպետք է թողնել, որ ծաղկակոթի վրա սերմնապատիճները ամբողջովին բացվեն, քանի որ մինչև վերին պատիճների մեջ եղած սերմերը հասունանան և պատիճները բացվեն, ապա ներքևիններից սերմերը կթափվեն։ Բույսը կտրոններով բազմացնելիս, որը երբեմն արվում է տարբեր գույնի ծաղիկներ ստանալու նպատակով, պահվում է ջերմատան լուսավոր մասերում, 12-15° ջերմության պայմաններում։

Սերմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը նման են փոքրիկ փայտիկների, մոտավորապես 3 մմ երկարությամբ։ Սերմը հասուն վիճակում դեղին, բաց շականակագույն է, մեկ ծայրի հաստ մասում ունի փոքրիկ բաց գույնի ակոսիկ։ Մեկ գրամում պարունակում է մոտավորապես 350 հատիկ։ Ծլունակությունը պահպանում է 3-4 տարի։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՀՍՀ, հատոր 1։
  2. 2,0 2,1 2,2 Ծ. Նարինջյան, Ծաղկաբուծություն, Ե., 1964, էջ 66-67