Աղահեճքի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղահեճքի ամրոց
Աղահեճքի ամրոց
ՏեղագրությունՔաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի արևմտյան եզրի բարձրադիր բլրի գագաթին
Կառուցված8-րդ դար
Բաց է հանրության համարայո

Աղահեճ կամ Միրիկ-1 ամրոց, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի արևմտյան եզրի բարձրադիր բլրի գագաթին։ Ամրոցը տեղակայված է Աղավնո գետի աջ ափին բարձրացող, արևմուտք-արևելք առանցքով ձգվող բազալտի լավայի հոսքով կազմավորված լեռնաբազուկի արևելյան վերջավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին հուշարձանը հայտնաբերել է հնագետ Գ.Մ. Սարգսյանը՝ դաշտային հետախուզական աշխատանքների ընթացքում[1][2]։ Հուշարձանի վերաբերյալ պատմական տեղեկություններ շատ քիչ են պահպանվել։ Ամրոցը կառուցվել է Ք.ա. 9-8-րդ դարերից ոչ վաղ, և որպես ամրոց գոյատևել է մոտ 300 տարի։

Այդ պետական կազմավորման հնագույն անվանումը հնարավոր է վերականգնել հիմք ընդունելով Ծովինար գյուղի ուրարտական արձանագրության մեջ՝ Ռուսա Ա թագավորի (Ք.ա. 735-713 թվականներ) նվաճած երկրների շարքում, որտեղ <<Ելաինե>> ձևով հիշատակված է Աղահեճքը[3][4]։ Երկիր ասելով Ուրարտացիները հասկանում էին Էթիունի համադաշնության մեջ մտնող որոշակի ցեղային միության թագավորություն։

Աղահեճք երկիր հետ հավանաբար կապ ունի նաև Միրիկ-2 և Միրիկ-4 երկաթեդարյան ամրացված բնակատեղիների միջև հայտնաբերված ժայռապատկեր-քարտեզը։ Այն գտնվում է ալպյան մարգագետինների ընթարձակ սարահարթի եզրին, Աղահեճ ամրոցից 4 կմ հարավ-արևմուտք (կոորդինատներն են՝ N. 39 39 56,9 E. 46 17 49,7 Alt. 2003 մ) և, ամենայն հավանականությամբ պատկերում է Աղահեճքի ամառային արոտավայրերի անասնակայանների, ճանապարհների ու ջրագրության քարտեզ-սխեման։

Աղահեճ ամրոցը եզակի հուշարձան է, ուր պահանված բոլոր ճարտարապետական համալիրները նմանը չունեն Հայաստանի, Հարավային Կովկասի և ամբողջ հետխորհրդային տարածքի հնագույն քաղաքակրթություններում։ Կառուցված լինելով երկաթի լայն տարածման ժամանակաշրջանում, այն կրում է Առաջավոր Ասիայի տարբեր ժամականաշրջաններին ու քաղաքակրթություններին բնորոշ տարրեր, որոնք երբևիցե միասին չեն հանդիպել։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը բաղկացած է.

  1. Լեռնաբազուկի գագաթնագծին տեղադրված միջնաբերդից։
  2. Լանջերին նստած բնակատեղի։
  3. Բլրի ստորոտում և արևմտյան կողմում սփռվող դամբարանադաշտից։

Ամրոցի բնակատեղին նստած է ամրոցակալ բլրի հյուսիսային ու հարավային լանջերին՝ մինչև 7.0 մ բարձրությամբ պահպանված պարիսպ-հենապատերով կազմակերպված արհեստական դարավանդներին։ Բնակատեղիի հետքեր նկատվում են նաև արհեստական դարավանդներից դուրս, բարձունքի ստորոտում։ Միջնաբերդի և բնակատեղիի բոլոր պարիսպները կառուցված են մեծածավալ անմշակ քարերից՝ չոր կիկլոպյան շարվածքով։

Միջնաբերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնաբերդն զբաղեցնում է սրածայր լեռնաբազուկի 350 մ X 30 մ չափերով նեղ ու երկար, ակնհայտորեն մարդու կողմից հարթեցված մակերեսով գագաթնագիծը։ Այն ամբողջ պարագծով ամրացված է եղել պարիսպներով, որոնցից պահպանվել են հիմնաքարերը։ Ամենամատչելի՝ արևմտյան կողմից միջնաբերդը պաշտպանված է մոտ 50 մ երկարությամբ ու 2,0 մ լայնությամբ հզոր պարսպով, որի հյուսիսային եզրին նկատվում է միջնաբերդի գլխավոր մուտքը։

Ամրոցի միջնաբերդի բոլոր շինությունները միաշերտ են և կառուցվել են միանգամից՝ երկաթի լայն տարածման ժամանակաշրջանում։ Մինչև Ք. ա. 9-րդ դարը այստեղ բնակավայր չի եղել, իսկ Ք. ա. 6-րդ դարում ամրոցը լքվել է, և դրանից հետո՝ վաղ հայակական, անտիկ, վաղ ու զարգացած միջնադարում դրա շրջակայքում բնակվել են մարդիկ, բայց ամրոցը, որպես այդպիսին, չի օգտագործվել և միջնաբերդում մշտական բնակություն չի եղել։

Միջնաբերդի կառուցապատումը դիտարկում է որպես երկու հիմնական՝ ծավալա-տարածային և գործառութային համալիրների միասնություն.

  1. Պալատական՝ վարչա-կառավարչական համալիր՝ <<դղյակ>> (պալատ և <<ագորա>>):
  2. Հոգևոր կրոնա-պաշտամունքային համալիր (ժայռակերտ դարպասներ, Կուռքերի հարթակ, և տաճար-զիկուրատ)։

Պալատական, վարչա-կառավարչական համալիր՝դղյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դղյակը (կոորդինատներն են՝ N. 39 41 24,1 E. 46 19 40,7 Alt. 1596) տեղակայված է միջնաբերդի ծայր արևելյան եզրին և բաղկացած է երկու մասից՝ այսպես կոչված պալատից, բաց հրապարակից։ Հատակագծում եռանկյունաձև 90 մ x 40 մ չափերով դղյակը առանձնանում է միջնաբերդի հիմնական հատվածից 3 մ լայնությամբ, 30 մ երկարությամբ ու մինչև 4 մ բարձրությամբ պահպանված կորագծով ընթացող հզոր կիկլոպյան պարսպով։ Պալատը բազմասենյականոց կառույց է, որի հյուսիսային հատվածը զբաղեցնում է պալատի ներքին բակը։ Հարավային հատվածի սենյակները, կից լինելով ծայռագծին, մասամբ ժայռափոր են։ Պալատի արևելյան՝ հրապարակին նայող 3 սենյակների ճակատները կառուցված են կողքի վրա ցից կանգնած մեծ, տափակ սալերից՝ այսպես կոչված օրտոստատ տեխնիկայով։ Այս շինարարական տեխնիկան հազվադեպ է կիրառվել երկաթեդարյան ժամանակաշրջանում և օգտագործվել է հիմնականում հասարակական մոնումենտալ կառույցներում։ Պալատի արևելյան ճակատի դիմաց տարածվում է արտաքին պարագծով կիկլոպյան պատերով եզերված բաց հրապարակ։ Միջնաբերդի հարավային պարսպագծի տակով դեպի դղյակ է գալիս միջնաբերդի գլխավոր ճանապարհը և լայն բացված դարպասով մտնում բաց բակ։

Դղյակը, իր կառուցապատման առանձնահատկություններով հանդերձ, միջնաբերդի գլխավոր ճանապարհի վերջնակետում գտնվող հասարակական նշանակալի (մոնումենտալ) կառույց է, որի դիմաց տարածվում է բաց հրապարակ։ Կառուցապատման նման ծավալա-տարածային լուծումը հիշեցնում է հին աշխարհի համայնավարական հասարակություններում գործող հասարակական հավաքատեղիի, ժողովատեղիի՝ ագորայի կազմակերպման սկզբունքը, ինչի տարրերը այս համալիրում ակնհայտ են։ Ընդարձակ ագորա հրապարակի առկայությունը խոսում է ստվար բնակչություն ունեցող ամրոց-բնակատեղիի մասին։

Հոգևոր, կրոնա-պաշտամունքային համալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգևոր՝ կրոնա-պաշտամունքային նշանակության կառույցներն զբաղեցնում են միջնաբերդի տարածքի մոտ ¾-ը ներկայացված են երեք ճարտարապետական համալիրներով.

Ժայռակերտ դարպասների խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է զիկուրատի ու պալատական համալիրի ճիշտ մեջտեղում (կոորդինատներն են՝ N. 39 41 22,5 E. 46 19 35,8 Alt. 1611): Բաղկացած է ժայռակերտ դարպասներից, նրանց թիկունքում գտնվող երկու սենյակներից (որորնցից մեկը՝ գետնափոր) և միջնաբերդի գլխավոր ճանապարհից համալիր մտնող ժայռափոր մուտքից։ Ժայռակերտ դարպասները պատաշարով կառուցված շինություն չեն, այլ միջնաբերդի մակերեսի բնական ժայռային մերկացումները մարդու կողմից կտրելու, արհեստականորեն հարթեցնելու ընթացքում ակնհայտորեն միտումնավոր թողնված ուղղահայաց պատ հիշեցնող նեղ ու երկար բնական ժայռազանգված, որի մեջ բացված է մուտք-անցում՝ դարպաս։ Դարպասի ներսում բնահողի բազալտե զանգվածի մեջ 2.2 մ ժրությամբ փորված, բացված է 7x3 մ չափերով ժայռափոր սենյակ։ Վերջինս եղել է երկհարկանի շինության կիսանկուղային առաջին հարկը։

Ժայռակերտ դարպասների ճակատային գիծը մեզ է հասել խարխլված վիճակում։ Նրա երկու ահռելի զանգվածները ժամանակի ընթացքում տեղից պոկվել, սահել են գետնափոր սենյակի մեջ։ Այպես որ, երբեմնի ժայռային պատի ճակատից տեղում կանգուն են մնացել հյուսիսային ժայռազանգվածը և դարպասի հարավային՝ աջակողմյան շրջանակը կազմող 2.5 մ բարձրությամբ մի ցից կանգնած ժայռաբեկոր։ Համալիրը, բացի զիկուրատին նայող ժայռակերտ դարպասներից, ունեցել է նաև միջնաբերդի հիմնական ճանապարհից առանձնացված մուտք։

Զիկուրատ-տաճարի հայրենիքը Միջագետքն է։ Այդպիսի աշտարակատիպ կառույցներ Հայաստանում եղել են վաղ բրոնզի դարաշրջանում, բայց ակնհայտ է, որ Միջագետքի և Հայաստանի աշտարակները համեմատելի չեն։ Ըստ մասնագետների ուսումնասիրության՝ հայաստանում զիկուրատ-աշտարակի օրինակ է Էրեբունիի ուրարտական Խալդի աստծո տաճարի հարավային կողմի քառանկյուն աշտարակը։

Կուռքերի հարթակ-սրբատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռակերտ դարպասների համլիրի և զիկուրատի միջև բաց տարածքի կենտրոնի բլրակին պահպանվել են քարաշեն պատի մեջ վերցրած 8-10 շարքով կանգնեցված 0.5-0.7 մ բարձրության ցից քարեր։ Քարերի ծայրերը շատ դեպքում կոտրված են, բայց մեկի վրա հստակ երևում է նախաքրիստոնեական պաշտամունքային կուռքի արձանիկին բնորոշ գլուխ ընդգծող ակոսավոր փորվածքը։ Կուռքի կողքի ցից ժայռակտորի մեջ փորված է սանդի մշակված կլոր փոս։

Տաճար – զիկուրատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է միջնաբերդի կենտրոնում (կոորդինատներն են՝ N. 39 41 21,4 E. 46 19 32,8 Alt. 1619): Բաղկացած է միջնաբերդի ամենաբարձր կետի բլրակին կանգնած բազմաստիճան բուրգ- աշտարակից, դրան արևմուտքից հարող ժայռափոր ծավալից և ամրոցանիստ լեռնաբազուկի հյուսիսային լանջից դեպի բուրգ-աշտարակ բարձրացող, երկարաձիգ, թեքադիր աստիճանավանդակից ու ժապավենաձև հարթակներից։ Ամբողջ համալիրը կառուցված է անմշակ ճեղքած քարերից՝ չոր կիկլոպյան շարվածքով։

Մինչև 4.0 մ բարձրության բուրգ-աշտարակը ավարտվում է 9.6 մ x 14.5 մ չափերի հարթ, անհավասար ուղղանկյուն հարթակով։ Աշտարակին հարավից կից են մեկ, իսկ արևմուտքից՝ երկու ավեի փոքր, աստիճանաձև հարթակ-որմնահեծեր։ Աշտարակի հարթակի կենտրոնում թեթև ուրվագծվում են ուղղանկյուն ենթադրաբար սեղան-ատրուշանի հիմք հանդիսացող կառույցի հիմաքարերը։ Աշտարակը տեղակայված է միջնաբերդի գագաթի ամենանեղ կետում և իր ու հարավային հարթակ-որմնահեծի երկարությամբ ամբողջովին փակում է միջնաբերդի մուտքից դեպի ժայռակերտ դարպասներ ու պալատական համալիր տանող անցումը։ Արևմուտքից զիկուրատի աշտարակը սահմանազատվում է 2.5 մ - 3 մ խորությամբ փորված մոտ 12 մ x 6 մ չափերի մի կառույցով։ Վերջինս հարավային ճակատը կազմող ժայռային պատի մեջ բացված 1.5 մ լայնությամբ փորված մուտքը տանում է դեպի միջնաբերդի գլխավոր ճանապարհը։

Զիկուրատի թեքադիր հարթակ-աստիճանավանդակը սկիզբ է առնում ամրոցանիստ լեռնաբազուկի հյուսիսային ստորոտի արևելյան կողմից դեպի տաճար տանող հնագույն ճանապարհից,որի մոտ 200 մ պահպանված հատվածն ունի 2 մ - 2.5 մ լայնություն, մասամբ սալապատ մակերես և ներսից ամրացված է լանջի թեքությունը պահող քարաշեն ցածր հենապատով։ Ճանապարհի վերջնակետից մոտ 6 մ վերև պահպանվել է զիկուրատի աստիճանավանդակի կանոնավոր կառուցված շքամուտքը։ Այն երկու կողմերից զանգվածեղ ժայռաբեկորներով ուղղորդվող 2.0 մ լայնությամբ, 5 շարք աստրճաններով վեր բարձրացող անցնում է։ Շքամուտքից վերև աստիճանավանադակը լայնանում է մինչև 8 մ և այս չափերով, ամբողջովին քարաշեն, ուղիղ բարձրանում է մինչև զիկուրատի գագաթը։

Թեքադիր աստիճանավանդակի ընդհանուր երկարությունը 70 մ է, թեքությունը՝ 450, ներքին ու վերին կետերի բարձրության նիշերի տարբերությունը՝ 46 մ, ամենամեծ լայնությունը՝ 8 մ։ Զիկուրատի աստիճանավանդակը կազմված է երկու հատվածներից՝ ժապավենաձև եզրապատերով հարթակներից և նրան ներքևից հարող ու աջ կողմից շրջանցող հիմնական աստիճանավանդակից։ Վերջինս սկիզբ է առնում ներքևի շքամուտքից և 8 մ լայնությամբ բարձրանում մինչև ժապավենաձև հարթակների 3 մետրանոց ճակատը։ Շրջանցում է հարթակները աջից և արդեն 2.5 մ լայնությամբ բարձրանում մինչև զիկուրատի աշտարակ։ Հիմանկան աստիճանավանդակը եզրագծերում պատաշար չունի և նրա թեքադիր մակերեսը, ամբողջ լայնությամբ կազմված է միջին չափի, ճեղքած, անմշակ քարերից չոր շարվածքով դրված առնվազն 25-30 աստիճաններից։ Վերջիններիս պահպանվածությունը տարբեր է, բայց կարելի է ընդունել, որ աստիճանի միջին բարձրությունը 0,5 մ - 0,8 մ է, լայնությունը՝ 0,8 մ - 1,5 մ։ Կանոնավոր քարաշեն եզրապատերով ներփակվող ժապավենաձև հարթակները հիմնական աստիճանավանդակից բարձր կանգնած երկարաձիգ թեքադիր տարածություն է։ Այն սկիզբ է առնում վերևից՝ զիկորատի աշտարակից և, իջնելով մինչև աստիճանավանդակի բարձրության կեսը, փակվում է 3 մ բարձրության ճակատով։

Ժապավենաձև հարթակի մակերեսի տարբեր նիշերում պահպանվել են 4 մ - 5 մ մինչև 1 մ - 1,6 մ բարձրության, ճակատներով փակվող փոքր հարթակ-հրապարակներ։ Վերջիններս միմյանց հետ կապվում էին արևելյան եզրում ուրվագծվող նեղ աստիճաններով։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ ժապավենաձև թեքադիր տարածքում ժամանակին դրանք կազմված են եղել իրար հաջորդող մի քանի փոքր, հորիզոնական մակերեսով հրապարակ-հարթակներից։ Ստացվում է, որ ժապավենաձև հարթակները զիկուրատի բուրգ-աշտարակի գործառույթի շարունակությունը կրող տարր են՝ մի այլ ճարտարապետական ձևի մեջ, որի իմաստն ու խնդիրը հենց այդ փոքր հարթակ-հրապարակներն էին։

Զիկուրատ-տաճարի հայրենիքը Միջագետքն է։ Այդպիսի աշտարակատիպ կառույցներ Հայաստանում եղել են վաղ բրոնզի դարաշրջանում, բայց ակնհայտ է, որ Միջագետքի և Հայաստանի աշտարակները համեմատելի չեն։ Ըստ մասնագետների ուսումնասիրության՝ հայաստանում զիկուրատ-աշտարակի օրինակ է Էրեբունիի ուրարտական Խալդի աստծո տաճարի հարավային կողմի քառանկյուն աշտարակը[5]։

Արցախի այս տաճարը թվագրվում է շատ ավելի վաղ շրջան, բայց միջավայրի ազդեցությունը մեծ նշանակություն է ունցել։ Ճարտարապետական տեսանկյունից այն լրիվ համապատասխանում է զիկուրատ-տաճարի նկարագրությանը, քանի որ բաբելերենից թարգմանաբար այն նշանակում է «սարի գլուխ», այսինքն՝ տաճար սարի գլխին։ Զիկուրատի պարտադիր հատկանիշներից են արհեստական բուրգի կամ սարի վրա գլխավոև աստծո տաճարը և ստորոտից գագաթ տանող աստիճանավանդակները։ Զիկուրատի ստորոտին հիմնականում գտնվում են պանթեոնի մյուս աստվածներին նվիրված տաճարները։ Արցախյան Աղահեճքի ամրոցը կառուցված է բնական բլրի վրա, ունի հստակ ընդգծված աստիճանավանդակ և դեպի գագաթ տանող ճանապարհ[6]։

Աղահեճ ամրոցը իր բնույթով եզակի է, քանի որ նրա պես պահպանված հուշարձաններ քիչ կան Հայաստանում ու Կովկասում։ Կառուցվելմէ երկաթի այնպիսի լայն տարածաշրջանում, որ կրում է Առաջավոր Ասիայի տարբեր քաղաքակրթություններին ու ժամանակաշրջաններին բնորոշ տարրեր։

Եթե Աղահեճի ամրոցն ամբողջությամբ ուսումնասիրվի, ապա կդառնա Արցախի Հանրապետության կարևոր զբոսաշրջության կենտրոններից մեկը[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Գնունի, Գ. Սարգսյան, Ա. Հակոբյան, Սյունիքի արևելյան սահմանների պաշտպանական համակարգի ձևավորումը մ.թ.ա. 2-1 հազարամյակներում, Վէմ, Երևան, 2015 թվական, 1 (45), էջ 160-162
  2. Ա. Գնունի, Գ. Սարգսյան, Հ. Ավետիսյան,Ա. Բոբոխանյան, Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը. Երևան, 2015 թվական, էջ 10, 20
  3. Հ. Կարագյոզյան, Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբյուրներում, հ. Է, գ. 1Երևան, 1988 թվական. էջ 189
  4. Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1980 թվական, էջ 398
  5. Արցախի նորահայտ Աղահեճ ամրոցը և Տաճար-Զիկուրատը. Բանբեր Հայագիտություն. 2018. էջ 156. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Արցախի նորահայտ Աղահեճ ամրոցը և Տաճար-Զիկուրատը. Բանբեր Հայագիտություն. 2018. էջ 156. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Արցախի նորահայտ Աղահեճ ամրոցը և Տաճար-Զիկուրատը. Բանբեր Հայագիտություն. 2018. էջ 156. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)