Ակիմ Խաստատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակիմ Խաստատով
1756 - 1809
ԾննդավայրՂզլար, Ռուսաստան
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Battle of Focșani?, Battle of Rymnik? և Siege of Izmail?
ՊարգևներՍուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Ակիմ (Հովակիմ) Վասիլի Խաստատով (1756, Ղզլար, Ռուսաստան - 1809, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուսական բանակի հայազգի ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1796)։ Նշանավոր արդյունաբերող-վաճառականներ Խաստատովների ընտանիքից։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1773 թվականից ծառայել է Վլադիմիրյան հեծյալ զորամասում։ 1776 թվականին զորացրվել է և այնուհետև մասնակցել Կասպից ծովի ավազանում Խաստատովների ու Լազարյանների (ունեին խնամիական կապեր) համատեղ կազմակերպած արևելյան առևտրական գործերին և Աստրախանի հայ գաղութի ներքին կյանքին։

1780 թվականի հունվարին «գաղտնի առաքելությամբ» Աստրախան է ժամանել ռուս. ցամաքային զորքերի և Կասպից ծովի նավատորմի նոր հրամանատար Ալեքսանդր Սուվորովը՝ ծրագրվող պարսկական արշավանքը նախապատրաստելու համար։ Ծրագրի հետ որոշակի հույսեր էին կապել հայ ազատագրական շարժման գործիչներ Լազարյանները, Հ. Արղությանը և ուրիշներ, որոնց խորհրդով Ա. Վ. Սուվորովը կապեր է հաստատել պահեստի կապիտան Խաստատովի և եղբոր՝ Աստրախանի նավահանգստի մաքսատան կառավարիչ Բոգդան Խաստատովի հետ՝ առաջարկելով նրանց վերադառնալ զինվորական ծառայության։ Ռուսաստանի զինվորական կոլեգիայի 1780 թվականի մայիսի 17-ի հրամանով Ա. Վ. Սուվորովի գլխավոր շտաբում Խաստատովը նշանակվել է համհարզ և մինչև 1782 թ.-ը նրա հետ մասնակցել Կասպիականի արևմտյան ափերի ու հարևան երկրների տնտեսական, քաղաքական վիճակի ու ռազմավարական նշանակություն ունեցող ուղիների վերաբերյալ տեղեկությունների հավաքմանը՝ այդ նպատակին ծառայեցնելով Կասպից ծովում Խաստատովների և Լազարյանների առևտրական նավերը։

Այնուհետև, Ա. Վ. Սուվորովի զորքերի կազմում, փոխգնդապետի, ապա՝ գնդապետի աստիճանով, Խաստատովն իր երկու գումարտակով մասնակցել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմին՝ Կինբուռնի, Ֆոկշանի, Ռիմնիկի ճակատամարտերին, Իզմայիլի գրավմանը՝ արժանանալով շքանշանների ու մեդալների։ Միաժամանակ աջակցել է թուրքական լծից ազատագրված վայրերի հայ բնակչության խնամքի և 4000 հայերի՝ ռուս, կայսրության սահմանները գաղթեցնելու գործին։ 1793 թվականին դիվանագիտական աշխատանքի է ուղարկվել Կոստանդնուպոլսի ռուս, դեսպանատուն։ 1796 թվականին գեներալ-մայորի աստիճանով նշանակվել է հեծյալ գնդի հրամանատար։ 1799 թվականի [[փետրվարի 9-ին թողել է զինվորական ծառայությունը։ Թաղված է Պետերբուրգի հայկական գերեզմանոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33 CC-BY-SA-icon-80x15.png