Ալֆրեդ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Խաչատրյան, գյուղատնտես

Ալֆրեդ Անդրանիկի Խաչատրյան, գյուղատնտես։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի մայիսի 3-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Երևանի հ. 72 միջնակարգ դպրոցը։ 1957 թվականին ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ և ավարտել է 1962 թվականին՝ ստանալով «Գիտնական ագրոնոմ» կոչում։

1962-1967 թվականներին աշխատել է նախկին Թալինի շրջանի Արտենիի խորհտնտեսության գյուղատնտես՝ նոր իրացվող հողերի վրա հիմնելով հարյուրավոր հեկտար խաղողի և պտղատու այգիներ։

1967-1969 թվականներին աշխատել է նախկին Էջմիածնի շրջանի Ենգիջայի խորհտնտեսության գլխավոր գյուղատնտես։

1969-1971 թվականներին աշխատել է նախկին Մասիսի շրջանի Ենգիջայի խորհտնտեսության տնօրեն։

1971-1974 թվականներին աշխատել է նույն շրջանի 22-րդ կուսհամագումարի անվան խորհտնտեսության տնօրեն։

1974-1978 թվականներին աշխատել է Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խաղողագործության և պտղաբուծության գլխավոր վարչության պետ։ Այդ տարիներին նրա գլխավորությամբ ու անմիջական մասնակցությամբ Աշտարակի, Նաիրիի և Հրազդանի շրջաններում հիմնվեցին ավելի քան 1500 հա ինտենսիվ տիպի պտղատու այգիներ։ Խաղողի այգետարածքները Հանրապետությունում հասցվեցին 36.000, իսկ պտղատու այգիների տարածքները՝ 52.000 հեկտարի։

1978 թվականի օգոստոսից մինչև 1979 թվականի սեպտեմբեր ամիսն աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում՝ որպես գյուղատնտեսության բաժնի սեկտորի վարիչ։

1979-1982 թվականներին աշխատել է ՀԿԿ Մասիսի շրջանային կոմիտեի երկրորդ քարտուղար։

1982-1985 թվականներին աշխատել է պտուղբանջարեղենի և մթերումների աշխատողների արհմիությունների հանրապետական կոմիտեի նախագահ և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով բաժնի պետ։

1985 թվականի հունվարից մինչև 1986 թվականի հունվարն աշխատել է Հայկական ՍՍՀ պտուղբանջարեղենի տնտեսության նախարարի տեղակալ։

1986-1989 թվականներին աշխատել է Հայկական ՍՍՀ «Պետագրոարդ»-ի «Հայջերմարդ» ՀԱՄ գլխավոր տնօրեն։

1989 թվականի ապրիլից մինչև 1990 թվականի հունվարն աշխատել է «Պետագրոարդ»-ի բուսաբուծության գիտական վարման գլխավոր վարչության պետի տեղակալ։

1990 թվականի մարտից աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության գլխավոր վարչության պետ՝ գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացման գլխավոր վարչության պետ, իսկ 2002 թվականից՝ գյուղատնտեսության վարչության պետ։

1990 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «Ագրիկո» հայ-հոլանդական ընկերության տնօրեն։ Նշված ընկերությունն առ այսօր Հայաստան է ներմուծում կարտոֆիլի սերմնացուներ։

1972 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, ինչպես նաև աշխատանքի գերազանցության մեդալով։ Անընդմեջ ընտրվել է գյուղական և շրջանային խորհրդի պատգամավոր, եղել է շրջանային կուսակցական կոմիտեի անդամ, Հայաստանի ԿԿ Մասիսի շրջանային կոմիտեի բյուրոյի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի անդամ։

2013 թվականի մայիսի 3-ին Ալֆրեդ Խաչատրյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման ոլորտում ունեցած բեղմնավոր աշխատանքի և բացառիկ ներդրման համար պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով[1]։

Եղել է ԱՊՀ երկրների սերմնաբուծության հարցերի գծով միջպետական կոորդինացիոն խորհրդի Հայաստանի ներկայացուցիչ[2]։

Գյուղատնտեսական ոլորտում Ալֆրեդ Խաչատրյանի ծավալած գործունեության մասին հանգամանալից տեղեկատվություն են պարունակում «Հավաքական ուժ» (հեղ.՝ Ռուդիկ Գևորգյան), ինչպես նաև «Գյուղատնտեսության հայ նշանավորները» (հեղ.՝ Սերգեյ Ավագյան) գրքերը։

Ալֆրեդ Խաչատրյանը մահացել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում։

Ալֆրեդ Խաչատրյանն ամուսնացած էր, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գևորգյան, Ռուդիկ (2005). Հավաքական ուժ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Ավագյան, Սերգեյ (2003). Գյուղատնտեսության հայ նշանավորները. Երևան: Զանգակ-97.