Ալքայոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալքայոս
Alcaeus (poet) - Project Gutenberg eText 12369.png
Ծնվել է մ. թ. ա. 630
Ծննդավայր Միտիլինի
Մահացել է մ. թ. ա. 560
Քաղաքացիություն Հին Հունաստան
Մասնագիտություն բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Alcaeus Վիքիպահեստում

Ալքայոս (հին հունարեն՝ Ἀλκαῖος, մ. թ. ա. 6-7-րդ դարեր), հին հույն բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել]

Ալքայոսը ծնվել է Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։

Ալքայոսի ժամանակ տեղի է ունենում ուժեղ դասակարգային պայքար դեմոկրատիայի և արիստոկրատիայի միջև։ Այս պայքարում դեմոկրատիան հաղթում է և Պիտտակոսը դառնում է բռնապետ։

Ալքայոսը սերում էր ազնվական տոհմից և եռանդուն մասնակցություն է ունենում իր հայրենի քաղաքի պայքարին։ Նա իր եղբայրների հետ գլխավորում է արիստոկրատիային՝ դեմկրատիայի դեմ պայքարելու գործում։ Զենքը համարում էր անհրաժեշտ իր դասակարգի շահերը պաշտպանելու համար և սիրում էր ու ոգևորությամբ նկարագրում այն.

Aquote1.png Ռազմի փայլով ամեն ինչ շողում,
Տունս լցված է զենքերով միայն.
Օ՜, փառք Արեսին։
Սռնապաններն ահա պղնձի
Կախված են շքեղ, դիմացի պատից։
Կապարճներն ահա։
Ահա և նրանց զրահը ցոլուն
Եվ վահանները՝ վառ ու ոսկեգույն,
Կլոր ու ամուր։
— Ալքայոս
Aquote2.png


Պիտտակոսը հաղթանակելով արիստոկրատիային՝ ճնշում գործադրեց և շատերին աքսորեց Միտիլինեից։ Վտարվածների մեջ էր նաև Ալքայոսը։ Բանաստեղծը գրում է քաղաքական պարսավագրեր և ծաղրում իր հակառակորդին։ Իր կրքոտությամբ նա հասնում է Թեոգնիդեսին և նույնիսկ գերազանցում նրան։

Արտաքսվելով Լեսբոսից, Ալքայոսը ճանապարհորդում է զանազան երկրներ, ուր աղքատությունը ճնշում է նրան։

Ալքայոսը բավականին երգեր է նվիրել նաև գինուն, արել գինու գովքը։ Երգեր է նվիրել նաև գեղեցկությանը, գովերգել Աֆրոդիտեին՝ գեղեցկության աստվածուհուն։ Նա ջերմ տողեր է նվիրել նաև Սաֆոյին, որի նկատմամբ, ինչպես հաղորդում են, անտարբեր չի եղել.

Լաուրենս Ալմա-Թադեմա, «Սափո և Ալքայոս» (1881 թ.)
Aquote1.png Սրբասո՛ւրբ Սաֆո,
Քնքուշ ժպիտով Սաֆո.
Գանգուրներիդ մեջ
Կապույտ մանուշակ, Սաֆո։
Շուրթերիցս ահա
Ուզում է թռչել մի խոսք, հանդգնել,
Ամոթը նրան
Չի թողնում թռչել,
Չի թողնում հնչել։
— Ալքայոս
Aquote2.png


Ալքայոսին վերագրվում է երգերի 10 հատոր, որից շատ քիչ բան է հասել մեզ։ Ալքայոսից մեծ ազդեցություն է կրել հռոմեացի բանաստեղծ Հորատիոսը։

Պիտտակոսը քաղաքականապես ամրանալով՝ ներում է շնորհում վտարանդիներին։ Ալքայոսը վերադառնում է Միտիլինե, ուր և հավանաբար կնքում է մահկանացուն։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». p. էջ 111-114. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png