Ալեքսանդր Շտիգլից
Ալեքսանդր Շտիգլից ռուս.՝ Александр Штиглиц | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1 (13), 1814 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1884 (70 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Իվանգորոդ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | բանկիր, ֆինանսիստ, գործարանատեր, մեկենաս և բարերար |
Ծնողներ | հայր՝ Լյուդվիգ Շտիգլից |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նադեժդա Պոլովցովա |
Ստորագրություն | |
Alexander Baron Stieglitz Վիքիպահեստում |
Բարոն Ալեքսանդր Լյուդվիգովիչ ֆոն Շտիգլից (երբեմն օգտագործվում է ոչ ճիշտ «Շչտիգլից», սեպտեմբերի 1 (13), 1814, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1884, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս խոշորագույն ֆինանսիստ, բանկիր և արդյունաբերող, Ռուսաստանի պետական բանկի կառավարիչ (1860-1866), բարեգործ, մեկենաս։
«Շտիգլից և Կ°» բանկային տան հիմնադիր պալատական բանկիր բարոն Լյուդվիգ ֆոն Շտիգլիցի (1778-1843) և Ամալյա Անժելիկա Կրիստինա Գոտշալկի (1777-1838) որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորպատի համալսարանն ավարտելուց հետո՝ 1840 թվականին Ալեքսանդր Շտիգլիցը ծառայության է անցել Ռուսաստանի կայսրության Ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով Մանուֆակտուրային խորհրդի անդամի պաշտոնը։ 1843 թվականին՝ հոր մահից հետո, որպես միակ զավակ, ժառանգել է հոր հսկայական կարողությունը, ինչպես նաև նրա բանկային տան գործերը և ստանձնում պալատական բանկիրի պաշտոնը։
1840-1850 թվականներին արտասահմանում հաջողությամբ իրացրել է վեց 4%-անոց փոխառություն Պետերբուրգ-Մոսկվա (Նիկոլաևյան) երկաթուղու կառուցման համար։ Նրա մասնակցությամբ Ղրիմի պատերազմի ժամանակ զգալի արտաքին փոխառություններ են ստացվել։ Շտիգլիցը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նարվայում հիմնել է մահուդագործական և վուշամանածագործական ֆաբրիկաներ, որոնք 1880 թվականին վերափոխվել են Նարվայի մահուդագործական ընկերության և Եկատերինհոֆի թղթի և մահուդագործական մանուֆակտուրաների։
1846 թվականին Պետերբուրգի բորսային վաճառականության կողմից ընտրվել է Բորսային կոմիտեի նախագահ։ Բազմիցս վերընտրվելով՝ նա այդ պաշտոնը զբաղեցրել է 13 տարի, մասնակցել է Ռուսաստանի կառավարության կողմից ներքին և արտաքին շուկայում իրականացվող բոլոր հիմնական գործարքներին։ Բարոն Շտիգլիցի բանկային տան միջոցով Ռուսաստանի կառավարությունը հարաբերություններ է պահպանել Ամստերդամի, Լոնդոնի և Փարիզի բանկային տների հետ։ 1855 թվականին Շտիգլիցը բարոն Ֆելեյզենի հետ համատեղ սկսել են կառուցել երկաթուղի Սանկտ Պետերբուրգից Պետերհոֆ (Պետերհոֆի երկաթուղի) և Գատչինայից մինչև Լուգա (Բալթյան երկաթուղի), որն այնուհետև նվիրել է իր գործընկերոջը։
1857 թվականին Շտիգլիցը հանդես է եկել որպես Ռուսական երկաթուղիների գլխավոր ընկերության համահիմնադիր, որը ստեղծվել է երկաթուղային գծեր կառուցելու և շահագործելու համար, որոնք պետք է կապեին Ռուսաստանի գյուղատնտեսական շրջանները Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վարշավայի, Բալթյան և Սև ծովյան առափնյա շրջանների հետ։
1848 թվականին նշանակվել է Ֆինանսների նախարարության Կոմերցիոն խորհրդի անդամ։ 1854 թվականին «եռանդուն աշխատանքի համար» ստացել է պետական խորհրդականի, իսկ 1855 թվականին՝ իսկական պետական խորհրդականի կոչումներ։
1860 թվականին Շտիգլիցը լուծարել է իր բոլոր մասնավոր բանկային հաստատությունները և իր իսկ խնդրանքով ազատվել Ֆոնդային բորսայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ 1860 թվականի մայիսի 31-ին (հունիսի 12) Ալեքսանդր II-ի հրամանագրի համաձայն Առևտրային բանկը վերափոխվել է Պետական բանկի, իսկ 1860 թվականի հունիսի 10-ին (22) նրա կառավարիչ է նշանակվել Շտիգլիցը։ 1866 թվականին նա ազատվել է այդ պաշտոնից՝ մնալով Ֆինանսների նախարարությանը կից Առևտրի և մանուֆակտուրաների խորհրդի պատվավոր անդամ։ Նույն թվականին դարձել է Մոսկվայի առևտրային բանկի ամենախոշոր բաժնետերը[1]։ 1862 թվականին նրան շնորհվել է գաղտնի խորհրդականի, իսկ 1881 թվականին՝ իսկական գաղտնի խորհրդականի կոչումներ։
Շտիգլիցը մահացել է թոքաբորբից 1884 թվականի հոկտեմբերի 24-ին (նոյեմբերի 5-ին) և իր ցանկությամբ թաղվել Իվանգորոդում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում, որը կառուցել է իր միջոցներով, կնոջ գերեզմանի վրա՝ տեղի գործարանի բնակչության հոգևոր կարիքների համար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտիգլիցի կինը (1842 թվականից) Կարոլինա Լոգինովնա Միլլերը (1817-1873), ծնունդով գերմանացի, Սանկտ Պետերբուրգի սնանկացած առևտրականի դուստրն է եղել։ Նա գործունյա բարերար էր և հոգաբարձուի օգնական և Սանկտ Պետերբուրգի մանկատների խորհրդի պատվավոր անդամ։
Նրա միակ որդին Շտիգլից Լյուդվիգը (1842-1843), մահացել է մանուկ հասակում, իսկ 1844 թվականին նրանք որդեգրել են Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի անօրինական դստերը (այլ վարկածի համաձայն՝ նա եղել է հենց Շտիգլիցի անօրինական դուստրը)։ Աղջկան որդեգրելուց հետո նրան անվանել են Նադեժդա Միխայլովնա Իյունևա (Յունևա) (1843-1908)։ 1861 թվականին նա միլիոնանոց օժիտով ամուսնացել է Պետական խորհրդի ապագա քարտուղար Ալեքսանդր Պոլովցովի հետ։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտիգլիցի բարեգործական գործունեությունը համարվել է իր հոր բարի նախաձեռնությունների շարունակությունը, որը հիմնականում վերաբերել է կրթության կարիքներին և նրա ենթակաների շահերին։ Արդեն 1843 թվականին, հոր մահից անմիջապես հետո, Շտիգլիցը հաստատվել է որպես Սանկտ Պետերբուրգի կոմերցիոն ուսումնարանի խորհրդի պատվավոր անդամ և Սանկտ Պետերբուրգի բարձրագույն կոմերցիոն գիշերօթիկ հաստատության խորհրդի իսկական անդամ։
Վերջին պաշտոնում նա մնացել է մինչև գիշերօթիկ դպրոցի փակումը՝ 1858 թվականը և այդ հաստատության հանդեպ ունեցած հոգատարության և նրա օգտին կատարված առատաձեռն նվիրատվությունների, ինչպես նաև 1845 թվականին առևտրական ուսումնարանի կարիքների համար կատարված խոշոր նվիրատվությունների համար 1846 թվականին նրան շնորհվել է բարձրագույն բարեհաճության տիտղոս։ 1853 թվականի հունվարի 1-ին (13)՝ «Շտիգլից և Կ°», առևտրի տան հիսունամյակի տոնակատարության օրը, ընկերության երիտասարդ սեփականատերը շռայլորեն պարգևատրել և ապահովել է իր բոլոր աշխատակիցների ապագան և ոչ ոք չի մոռացվել, այդ թվում արտելի աշխատողներն ու պահակները։
Ղրիմի պատերազմի ժամանակ նա երկու խոշոր նվիրատվություն է կատարել (յուրաքանչյուրը 5000 ռուբլի) ռուսական բանակի կարիքների համար՝ 1853 թվականին՝ հօգուտ Չեշմեի ռազմական անկելանոցի և 1855 թվականին՝ ի նպաստ ծովային սպաների, ովքեր կորցրել են իրենց ունեցվածքը Սևաստոպոլում։
1858 թվականին, բորսային սրահում կայսր Նիկոլայ I-ի հուշարձանի կառուցման համար նվիրատվության հետ մեկտեղ, Շտիգլիցը զգալի գումար է հատկացրել մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների սաների պահպանման նպատակով՝ ի հիշատակ հանգուցյալ կայսրի, իսկ 1859 թվականին կրկին կրթության կարիքների համար նա կապիտալ է նվիրաբերել գահաժառանգի չափահաս դառնալու կապակցությամբ։ Պետական բանկի կառավարիչի պաշտոնը ստանձնելուց հետո Շտիգլիցը հոգացել է իր ծառայակիցների կարիքները։ Նրա անմիջական աջակցությամբ 1862 թվականին Պետական բանկում ստեղծվել է բանկի աշխատակիցների վարկային խնայողական դրամարկղ, այնուհետև 3 տարի նա աջակցել է դրամարկղի միջոցներին նվիրատվություններով (իր աշխատավարձի մի մասը թողնելով դրամարկղի օգտին)՝ 10290 ռուբլի ընդհանուր գումարով։ 1880-ականներին դրամարկղի պատգամավորական ժողովը այդ գումարին տվել է «Բարոն Ալեքսանդր Շտիգլիցի անվան կապիտալ» անվանումը։ Դրա տոկոսներից ամեն տարի նպաստ է վճարվել դրամարկղի անդամների այրիներին և որբերին։
Բացի թվարկված հաստատություններից, Շտիգլիցը տարբեր ժամանակներում կատարել է նաև շատ այլ բարեգործություններ, այդ թվում՝ Կոլոմնայում գտնվող մանկատանը, որը հիմնադրել է նրա հայրը և շարունակել է գոյատևել իր նվիրատվությունների հաշվին։
Շտիգլիցի ամենակարևոր և ամենաթանկ նվիրատվությունը Ռուսաստանի համար, որը կարող է հավերժացնել նրա անունը, Սանկտ Պետերբուրգում երկու սեռերի տեխնիկական նկարչության կենտրոնական ուսումնարանի հիմնումն է՝ հարուստ արվեստի և արդյունաբերական թանգարանի ու լավ կահավորված գրադարանի հետ միասին։ Այդ ուսումնարանն արվեստի ջերմեռանդ երկրպագու Շտիգլիցի սիրասուն զավակն է եղել։ Ուսումնարանի նախնական կազմակերպման համար նվիրաբերելով 1.000.000 ռուբլի, նա հետագայում շարունակել է դրամական օժանդակություն ցուցաբերել նրա գործունեության ընթացքում։ Մինչև իր կյանքի վերջին օրը նա եղել է ուսումնարանի պատվավոր հոգաբարձուն և մահից հետո կտակել է շատ մեծ գումար, որի շնորհիվ ուսումնարանը կարողացել է ավելի ընդլայնվել ու զարգանալ։
Շտիգլիցի թողած կտակը, ընդհանուր առմամբ, իր ստեղծած հաստատությունների և իր հետ քիչ թե շատ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց նկատմամբ հոգատարության վառ օրինակ է։ Այսպես, նա Պետբանկի աշխատակիցներին կտակել է 30000 ռուբլի, չի մոռացել նաև իր անձնական աշխատակիցներին՝ իր սիրելի սպասավորին, օրինակ, կտակել է 5000 ռուբլի։ Շտիգլիցի կտակի համաձայն տարբեր անձանց և հաստատությունների միջև բաշխված ընդհանուր գումարը, ըստ լուրերի, հասել է մինչև 100 միլիոն ռուբլու (առանց անշարժ գույքի), բայց իրականում այն ավելի համեստ էր՝ մոտ 38 միլիոն ռուբլի։
Հետաքրքիր է նշել, որ լինելով լիովին անկախ անձնավորություն, ում կապիտալը պատրաստակամությամբ ընդունվել է բոլոր երկրներում, Շտիգլիցն իր հսկայական կարողությունը տեղադրել է գրեթե բացառապես ռուսական ֆոնդերում և մի ֆինանսիստի թերահավատ նկատառումը Ռուսաստանի ֆինանսների նկատմամբ վստահության մասին մի անգամ նշել է. «Ես ու հայրս մեր կարողությունը դիզել ենք Ռուսաստանում՝ եթե պարզվի, որ նա անվճարունակ է, ապա ես պատրաստ եմ նրա հետ կորցնել իմ ողջ կարողությունը»։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան - 1857 թվական՝ Բալթյան երկաթուղու կառուցման համար։
- Սուրբ Ստանիսլավ III աստիճանի շքանշան,
- Սուրբ Վլադիմիրի IV աստիճանի շքանշան և ադամանդներով զարդարված ոսկե ծխախոտատուփ Նիկոլայ I-ի անվանագրությամբ - 1846 թվական Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա (Նիկոլաևյան ) երկաթուղու կառուցման համար հաջողությամբ իրացված երեք 4%-անոց վարկի համար,
- Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան,
- Կայսերական թագով զարդարված Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան - 1864 թվական՝ Պետբանկի աշխատանքների կազմակերպման համար,
- Սուրբ Աննայի II աստիճանի շքանշան - 1847 թվական Ֆինանսների նախարարության գերատեսչությանը մատուցած ծառայությունների համար,
- Սուրբ Աննայի II աստիճանի շքանշան՝ զարդարված կայսերական թագով - 1849 թվական՝ առաջին երեք տարիներին Բորսային կոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելու համար,
- Սուրբ Վլադիմիրի III աստիճանի շքանշան,
- Սուրբ Վլադիմիրի II աստիճանի շքանշան (1866),
- Սպիտակ արծվի շքանշան (1869),
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (1875)։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարոն Շտիգլիցի առանձնատունը Սանկտ Պետերբուրգում (Անգլիական առափնյա փողոց, տուն No 68) կառուցվել է 1859-1863 թվականներին Ալեքսանդր Կրակաուի (1817-1888) նախագծով։ Հին տները ներառվել են նոր շենքի մեջ։ Մինչ օրս մասամբ պահպանվել է շենքի ինտերիերը։ Բարոն Շտիգլիցի առանձնատունը համարվում է դաշնային նշանակության պատմական և ճարտարապետական հուշարձան։
- 2006 թվականի դեկտեմբերին բարոնի միջոցներով հիմնված Սանկտ Պետերբուրգի արվեստի և արդյունաբերության պետական ակադեմիային է վերադարձվել նրա անունը։
- Նոր Պետերհոֆի երկաթուղային կայարանում (ճարտարապետ՝ Բենուա), որի շինարարությունը հովանավորել է բարոնը, բացվել է նրա անունով սրճարան։
- Սանկտ Պետերբուրգի Նովո Պետերգոֆսկի կամուրջը նախկինում կոչվել է Շտիգլիցի կամուրջ՝ Բալթյան կայարանի մոտ, որտեղից էլ սկիզբ է առել բարոնի կառուցած Պետերհոֆյան երկաթուղին։
- 2009 թվականի հուլիսի 11-ին Օկտյաբրսկայա երկաթուղու Նովի Պետերհոֆ կայարանում տեղի է ունեցել բարոն Ալեքսանդր Լյուդվիգովիչ Շտիգլիցի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Հուշարձանը ստեղծել է քանդակագործ Յան Նեյմանը՝ Ստանիսլավ Օդնովալովի հետ համագործակցությամբ[2]։
- 2011 թվականի հունիսի 10-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լյուդվիգովիչ Շտիգլիցի հուշարձանի Սանկտ Պետերբուրգի արվեստի և արդյունաբերության ակադեմիային վերադարձնելու հանդիսավոր արարողությունը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список лиц, изъявивших желание участвовать в Московском купеческом банке… // Полное собрание законов Российской империи, собрание второе. — СПб.: Типография II отделения Собственной Его Императорского Величества канцелярии, 1868. — Т. XLI, отделение второе, приложения, 1866, № 43360. — С. 360.
- ↑ Единая лента новостей РЖД
- ↑ «Возвращение памятника барону А. Л. Штиглицу» (ռուսերեն). 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бар. Штиглиц Александр Людвигович // Список гражданским чинам первых трех классов. Исправлен по 1-е октября 1883 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1883. — С. 78—79.
- Кичеджи, Василий; Малышев, Владимир Загадки барона Штиглица. — СПб.: Информационно-издательский центр ОАО «Петроцентр», 2015. — 112 с. — 3000 экз. — ISBN 978-5-91498-075-4
- Прохоренко Г. Е., Власова Г. А. Музей барона Штиглица: прошлое и настоящее. — СПб., 1994.
- Штиглиц, Александр Людвигович
- Штиглиц М. С. Промышленная архитектура Петербурга. — СПб.: Журнал «НЕВА», 1996. — 132 с. — ISBN 5-87516-049-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья об А. Л. Штиглице на сайте Центрального банка РФ
- Музей училища барона Штиглица Արխիվացված 2022-08-12 Wayback Machine
- Западноевропейское прикладное искусство в музее училища барона Штиглица
- Штиглиц (на почтовых марках)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շտիգլից» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1814 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1884 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գործարարներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի հրեաներ
- Թոքաբորբից մահացածներ