Չեշմե պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Չեսմե պալատ (Չեսմենսկի պալատ, ռուս.՝ Чесме́нский дворе́ц), կայսերական ճամփորդական պալատ, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Կառուցվել է ճարտարապետ Յուրի Ֆելտենի նախագծով՝ կայսրուհի Եկատերինա II-ի պատվերով, կեղծ գոթական ոճով։ Ճարտարապետական հուշարձան։ Չեսմենյան եկեղեցու հետ միասին այն մի ժամանակ կազմել է եզակի ճարտարապետական անսամբլ, որը նայում էր նախկին Ցարսկոսելսկյան լայն ճանապարհին։

Անվանակոչվել է ի պատիվ Չեսմենյան ճակատամարտում Ռուսաստանի տարած հաղթանակի։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական հուշարձանը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում Մոսկովսկի պողոտայի մոտ՝ Գաստելլոյի փողոցի թիվ 15 հասցեում (Լենխորհրդի փողոցի հետ խաչմերուկ)։

Տրանսպորտ՝

  • Մետրո Spb metro line2.svg «Մոսկովսկայա» (700 մ)
  • Ավտոբուս № 3, 16, 26, 50
  • Տրամվայ № 29, 45 (կանգառ «Գաստելլո փողոց» կամ «Լենխորհրդի փողոց»)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի զբաղեցրած տարածքը շատ ճահճային է եղել և կոչվել է «գորտի ճահիճ» կամ «Կիկերիկի»։ Հյուսիսային պատերազմի արդյունքում այդ հողերն անցել են Ռուսաստանին՝ թագավորական ընտանիքի տիրապետության տակ։ 1717 թվականին Ցարսկոե Սելոյից լայն ճանապարհ է կառուցվել դեպի այդ տարածքը, որն էլ կյանք է տվել այդ կալվածքին։

XVIII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկերիքսեն պալատի խորհրդանիշը «Կանաչ գորտով սպասքի» վրա

1774 թվականին Եկատերինա II-ը հրամայել է Ցարսկոսելսկյան ճանապարհի 7-րդ վերստում կառուցել ճամփորդական պալատ՝ ամառային նստավայր մեկնելիս հանգստանալու համար։ Շենքի շինարարությունը վստահվել է Յուրի Ֆելտենին։ Չեսմենյան ամրոցի կառուցումը համանուն եկեղեցու[1] (Հովհաննես Մկրտչի եկեղեցի) հետ միասին ավարտվել է 1777 թվականին։ Կայսրուհին հաճախ է այցելել պալատ և այնտեղ նշել հարևան եկեղեցու հայրապետական տոնը։

Երկրորդ հարկի կլոր դահլիճը գեորգիևյան ասպետներն օգտագործել են կայսրուհու հետ հանդիպումների համար։ Այստեղ Ռուսաստանի գլխավոր ռազմական շքանշանով են պարգևատրվել Միխայիլ Կուտուզովը, Ալեքսանդր Սուվորովը և շատ ուրիշներ։

Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի, հենց այն ժամանակ, երբ կայսրուհին անցել է ճանապարհի 7-րդ վերստով, սուրհանդակը եկել է նրա մոտ և լուր բերել Չեշմենի ճակատամարտում Ռուսաստանի հաղթանակի մասին։ Սակայն իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ իր գոյության առաջին 9 տարիներին պալատը կոչվել է Կեկերիկեկսինսկի, որը կապվում է տեղանքի ֆիննական անվանման հետ։ Պալատը Չեսմենյան է կոչվել 1780 թվականին՝ այդ ճակատամարտում Ռուսաստանի հաղթանակի տասնամյակի օրը։

1796 թվականին Եկատերինան մահացել է և շենքն անցել է Պավել I-ի տնօրինությանը։ Վերջինս նախընտրել է Գատչինան Ցարսկոե Սելոյից և այդ պատճառով պալատը չի օգտագործել իր նպատակային նշանակությամբ։ Այնուհետև կայսրը փորձել է նստավայրը դարձնել անկելանոց և հիվանդանոց։ Սակայն գաղափարը չի իրականացել։ 1799 թվականին հատուկ հանձնաժողովը նպատակահարմար չի գտել պալատում «Մալթյան շքանշանի հիվանդանոց կազմակերպելը ...»: Մերժումը պատճառաբանվել է ջրի պակասով, թեև, ամենայն հավանականությամբ, այդ որոշումը բացատրվել է Պավելի Եկատերինայի հանդեպ տածած հակակրանքով։ Արդյունքում պալատը վերադարձվել է Արքունական գերատեսչության իրավասությանը։

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսմենյան եկեղեցին միշտ ցուրտ է եղել և ձմռանը դժվար էր այնտեղ պատարագ մատուցելը։ Այդ պատճառով էլ 1811 թվականի դեկտեմբերի 11-ին պալատի արևելյան աշտարակի ստորին հարկում օծվեց Սուրբ Ծննդյան եկեղեցին։ Կայսերական Էրմիտաժից այստեղ են փոխանցվել «Ցար Ալեքսեյ Միխայլովիչի նախկին արշավային եկեղեցու և Պյոտր I կայսրի արշավային եկեղեցու բոլոր ունեցվածքը»[2]։

Լինելով ճամփորդական պալատ՝ նստավայրը հիմնականում դատարկ է եղել։ Կայսր Ալեքսանդր I-ի օրոք պալատը օգտագործվել է ընդամենը երկու անգամ, այն էլ ոչ իր նպատակային նշանակությամբ՝ որպես Եկատերինյան ինստիտուտում սովորող աղջիկների ամառանոց։

1826 թվականի գարնանը կայսր Նիկոլայ I-ը, ով վախենալով ապստամբություններից, հրամայել է եղբոր՝ Ալեքսանդրի մարմինը Ցարսկոե Սելոյից տեղափոխել պալատի Սուրբ Ծննդյան եկեղեցի։ Հենց այստեղ էլ, մարտի 5-ի լույս 6-ի գիշերը դիակը տագանրոգյան փայտե դագաղից տեղափոխել են նոր՝ բրոնզե դագաղ, անշունչ թագավորին ծածկել են պատմուճանով, սարկոֆագը դրել են սգո կառքի վրա և տեղափոխել մայրաքաղաք՝ հուղարկավորության։ Նույն թվականի հունիսի 12-14-ը նստավայրում է գտնվել Ելիզավետա Ալեքսեևնայի դին։

Չեսմենյան անկելանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեսմեյան անկելանոց (եկեղեցի և զորանոց հաշմանդամների համար)

1830 թվականին ավարտվել է պալատի պատմությունը որպես կայսերական ճանապարհորդական առանձնատուն, շենքը արքունիքի իրավասությունից փոխանցվել է Վիրավորների կոմիտեին։ Նախկին նստավայրում բացվել է անկելանոց, որը 1831 թվականին փոխանցվել է ռազմական գերատեսչությանը։

Սկսվել են 1812 թվականի Հայրենական պատերազմի հաշմանդամ վետերանների անկելանոցի կարիքների համար պալատի վերակառուցման աշխատանքները։ Աշտարակներին կցվել են երկհարկանի տնտեսական շինություններ։ Ձմեռային եկեղեցին տեղափոխվել է երկրորդ հարկի Կլոր դահլիճ։ Նախկինում այդտեղ տեղակայված են եղել գեորգիևյան ասպետները։ 1832 թվականի հունիսի 23-ին Նիկոլայ I կայսրի ներկայությամբ եկեղեցին օծվել է։

Հանգստի և վերականգնման կազմակերպման նպատակով պալատի դիմաց՝ վայրի անտառի տեղում, հիմնվել է բուժական մեծ այգի։ Կանաչ գոտու հիմքում ընկած է եղել 1834 թվականին տնկված 500 կեչի։ Հին գոթական քարե դարպասները քանդել են և դրանց փոխարեն նորերը կանգնեցրել։ Մոսկովյան ճանապարհի կողմից այգին պարսպապատված է եղել թուջե ցանկապատով։

Ձմեռային եկեղեցու օծումից 4 տարի 4 օր անց Նիկոլայ Առաջինը հանդիսավոր կերպով բացել է անկելանոցը։ Այնուհետև այն կոչել են Նիկոլաևյան։ Սկզբում անկելանոցում նախատեսված է եղել 400 տեղ շարքայինների և 16 տեղ սպաների համար։ Հետագայում յուրաքանչյուր կողաշենք կառուցվել է երկու հարկով և մեծացել է պանսիոնատի տարողունակությունը։

Օգոստոսի 18-19-ը հրդեհ է բռնկվել անկելանոցի եկեղեցում։ Այնտեղ եղած թանկարժեք իրերը ոչնչացել են, այդ թվում՝ Պյոտր I-ի արշավային զոհասեղանի միջնորմը և «վերևի հովանին»[2]։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին
Պալատը ներկելուց հետո։ 2016 թվականի հուլիս

Անկելանոցը փակվել է միայն 1919 թվականին, որից հետո շենքում կազմակերպվել է «Չեսմենկա» համակենտրոնացման ճամբարը։ 1930-ական թվականներին պալատը փոխանցվել է Ավտոճանապարհային ինստիտուտին, իսկ 1941 թվականին՝ Լենինգրադի ավիասարքաշինական ինստիտուտին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պալատն ու եկեղեցին մեծ վնասներ են կրել։ 1946 թվականին պալատը վերականգնվել է (ճարտարապետ՝ Ա. Վ. Կորյագին) և այնտեղ տեղակայվել է Լենինգրադի ավիատիեզերական սարքաշինության ինստիտուտը։

2016 թվականին ավարտվել է ճակատների ևս մեկ վերանորոգում, որի ընթացքում վերատաշվել է Պուտիլովյան սալաքարի լավ պահպանված, բայց աղտոտված բլոկներից կառուցված քարե ցոկոլը։ Արդյունքում քարի մակերեսը ձեռք է բերել անփույթ տեսք, իսկ 19-րդ դարի որմնադիրների «սրբատաշ» աշխատանքը ամբողջությամբ ոչնչացվել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային ճակատը Գաստելլո փողոցի կողմից

Պալատը և շրջակայքի շինությունները կառուցվել են գոթական ոճով և 18-րդ դարի վերջում ամբողջ համալիրը համարվել է ամենագեղեցիկ և «ռոմանտիկ» նստավայրերից մեկը։ Չեսմենյան պալատի անսամբլը ներառում է բուն պալատը, տնտեսական շինությունները և եկեղեցին։ Համալիրը Սանկտ Պետերբուրգի շրջակայքում կեղծ գոթական ոճի առաջին նշանակալից ձեռնարկումն է եղել։

Հարթ ճահճացած տարածքը շրջապատված է եղել ջրանցքով, որը ծառայել է տարածքը ցամաքեցնելու և ամրոցի շուրջը որպես խորհրդանշական խրամատ, իսկ հանված հողը՝ որպես բերդապատնեշ։ Ցարսկոե Սելոյի կողմից կամուրջների դիմաց կառուցվել են երկու մուտքի դարպասներ կամարակապ բացվածքների տեսքով, որոնց վրա տեղակայված են եղել մեծ և փոքր դիտաշտարակներ։

Պալատի հատակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը հատակագծով իրենից ներկայացրել է հավասարակողմ եռանկյունի (յուրաքանչյուր կողմը մոտ 40 մ է), որի անկյուններում տեղակայված են եղել աշտարակներ, վերջիններս ավարտվում են կիսագնդաձև գմբեթներով և լապտերներով։ Շինությունները տեղակայված էին եռանկյունու պարագծի շուրջը։ Ձևավորված ներքին եռանկյունու մեջ ընդգծվում էր երկրորդ հարկի հանդիսությունների դահլիճը։

Պալատի արտաքին պատերը, բարձրանալով ամբողջական կառույցից, կազմում էին յուրահատուկ ատամնավոր պսակ։ Ստորին հարկը շարվել էր կոպտատաշ քարով, իսկ վերևի պատերը շարվել էին աղյուսով։ Պալատի հսկայական շինության ճակատի երկայնքով երկու մակարդակով տեղակայված են նետանման լուսամուտախորշեր, որոնք ասոցացվում էին դաժան ասպետական ժամանակների հետ։

Պալատի հատակագիծ

Պալատի ճարտարապետությունը նշանակալի էր և խիստ, սակայն ներքին հարդարանքը չի պարունակում գոթական ճարտարապետության աննշան ակնարկներ և ավելի շատ վաղ դասականությանը բնորոշ տարրերի օրինակ է։ Կամարները և պատերը կառուված են տարբեր ձևերի վահանակների, ծաղկեպսակների նմանությամբ, որոնք համարվում էին Ֆելտենի նախընտրելի մոտիվները և պլաստիկ շեշտադրումներ էին անում պատերի հարթ մակերեսին։ Պալատի կենտրոնական սրահում քանդակագործ Ֆեդոտ Շուբինը ստեղծել է ռուս մեծ իշխանների և ցարերի դիմանկարների պատկերասրահը Ռյուրիկից մինչև Ելիզավետա Պետրովնա։ 1830 թվականին այդ մարմարե բարձրաքանդակները տեղափոխվել են Մոսկվայի զինապալատ։ Պալատի սրահներում ներկայացված են եվրոպացի բոլոր միապետների դիմանկարները, ովքեր կառավարել են 1775 թվականին։ Այսպիսով Եկատերինա II-ը հաստատել է իր թագավորության օրինականությունը։

1831-1836 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Շտաուբերտը ղեկավարել է պալատի վերակառուցումը անկելանոցի կարիքների համար։ Նստավայրի երեք աշտարակներից յուրաքանչյուրին կցված է երկհարկանի տնտեսական շինություն։ Ավերվել են ատամնավոր պարապետները, աշտարակները ավարտվել են կիսաշրջանաձև գմբեթներով։

Սպասք կանաչ գորտի տեսքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասքը պատվիրվել է Անգլիայում խեցեգործ Ջոսայա Ուեջվուդի մոտ Եկատերինա II-ի կողմից 1770 թվականին հատուկ Չեսմենյան պալատի համար, որն այդ ժամանակ կոչվել է «Պալատ գորտերի ճահճում» («Կիկերիկեկսենյան պալատ»)։ Քանի որ պալատը գտնվել է մի տարածքում, որի անունը ֆիններենից թարգմանվում է որպես «Գորտերի ճահիճ», սպասքի 952 իրերից յուրաքանչյուրը պատկերում է կանաչ գորտ։ Սպասքը պատրաստվել է Ուեջվուդի արտադրանքներին բնորոշ «սերուցքի գույնի հախճապակուց»։ Հին Անգլիայի 1244 ճարտարապետա-բնապատկերային տեսարանների պատմական արժեքը՝ զուգակցված է տարբեր ձևերի, պարզ և հանգիստ, պատրաստման անթերի տեխնիկայի և գունագեղ տեսականու նրբագեղության հետ, ինչը սպասքը դարձնում է եզակի։ Ներկայումս սպասքը պահվում է Էրմիտաժի անգլիական կերամիկայի հավաքածուում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. А. Тартаковская  / Чесменский дворец. — Л.: Изобразительное искусство, 1927.
  • М. Ф. Коршунова  / Юрий Фельтен. — Л.: Лениздат, 1988. — С. 69—73. — 142 с. — ISBN 5-289-00117-4
  • Н. И. Баторевич  / Чесменский дворец. — СПб.: Белое и Черное, 1997. — 160 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). encspb.ru.
  2. 2,0 2,1 Столетие военного министерства. Александровский комитет о раненых. / Приложение 10: Чесменская военная богадельня. СПб., 1902. — С. 118.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեշմե պալատ» հոդվածին։