Նադեժդա Պոլովցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադեժդա Պոլովցովա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1843(1843-12-10)[1]
Մահացել է1908[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԻվանգորոդ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինԱլեքսանդր Պոլովցով
Ծնողներհայր՝ Միխայիլ Պավլովիչ
ԵրեխաներAleksandr Polovtsev?, Anna Polovtsova?, Peter Polovtsov? և Nadezhda Aleksandrovna Bobrinskaya?
 Nadezhda Mikhailovna Polovtsova Վիքիպահեստում

Նադեժդա Միխայլովնա Պոլովցովա (ռուս.՝ Наде́жда Миха́йловна По́ловцова, օրիորդական ազգանունը՝ Իյունևա կամ Յունինա, դեկտեմբերի 10, 1843(1843-12-10)[1] - 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի ապօրինի դուստր, բարոն Ա. Լ. Շտիգլիցի որդեգիր, պետքարտուղարի գաղտնի գործերի խորհրդականի՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Պոլովցովի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Շտիգլից անժառանգ զույգը որդեգրել է մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի և ֆրեյլինա Կ.-ի ապօրինի դստերը։ Համաձայն լեգենդի՝ երեխային գտել են Պետրովսկոյեի Շտիգլիցների ամառանոցի եղրևանիների թփերում։ Աղջիկը պառկած է եղել կողովում՝ շքեղ խանձարուրի մեջ, որտեղ ամրացված է եղել երկտող այն մասին, որ նա ծնվել է 1843 թվականի դեկտեմբերի 10-ին և ըստ ուղղափառ ծիսակարգի՝ մկրտվել Նադեժդա, ազգանունը՝ Միխայլովնա, իսկ պարանոցին եղել է թանկարժեք, խոշոր մարգարիտով ոսկե խաչ։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել հուլիսի վերջին, ինչի պատճառով երեխային տրվել է Իյունևա ազգանունը (Իյունինա, Յունինա, Յունևա)։ Կայսրը մասնակցություն է ունեցել իր զարմուհու ճակատագրին՝ ասելով Շտիգլիցին, որ իրեն հետաքրքրում է լքված երեխայի բախտը, և միաժամանակ անժառանգ բանկիրին դրդել՝ որդեգրելու ապօրինածին երեխային[2]։

Մեկ ուրիշ տարբերակ, որն առավել արժանահավատ է, Նադեժդա Միխայլովնան հենց Շտիգլիցի ապօրինի դուստրն է եղել։ Այսպես՝ 1871 թվականի փետրվարի 19-ին Ի. Ս. Տուրգենևի՝ Պոլինա Վիարդոյին ուղղված նամակում հայտնել է Պոլովցովի հետ իր ընթրիքի մասին։ Գրել է այն մասին, որ վերջինս ամուսնացել է «բարոն Շտիգլիցի ապօրինի դստեր հետ»[3]։ Չնայած այն հանգամանքին, որ Շտիգլիցը, ինչպես և իր կինը՝ Կարոլինա Կարլովնան, լյութերական էին, բայց իրենց որդեգիրը պահպանել է ուղղափառ հավատը։ Լինելով ռուսական խոշորագույն ֆինանսիստի, Պետական բանկի կառավարչի որդեգիրը՝ նա 19-րդ դարի կեսի Ռուսաստանի ամենահարուստ հարսնացուն է եղել։

1861 թվականի փետրվարի 3-ին տասնութամյա Նադեժդա Միխայլովնան դարձել է Պետական խորհրդի ապագա քարտուղար Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Պոլովցովի (1832—1909 թվականներ) կինը։ Պսակադրությունը տեղի է ունեցել Կառավարման Սենատի մոտ գտնվող Ալեքսանդր Նևսկու եկեղեցում[4]։ Այդ ամուսնության շուրջ շատ լուրեր են պտտվել, ստեղծվել լեգենդներ։ Իրենց թոռը՝ իշխան Պ. Ա. Օբոլենսկին, հիշում է.

Իմ պապիկը ծնվել է աղքատ ազնվական ընտանիքում, և նրան շարքային պաշտոնյայի կյանք էր սպասվում։ Սակայն փառասեր երիտասարդ-իրավագետը համառորեն սիրահետել է Շտիգլիցի որդեգրուհուն, շահադիտորեն ձգտել շահել նրա ձեռքն ու սիրտը, և ի վերջո հասել նրա հետ ամուսնությանը:

Սկզբնական շրջանում ամուսինները միասին համեստ ապրել են բարոն Շտիգլիցի՝ Քարե կղզու ամառանոցից ոչ հեռու գտնվող վարձով բնակարանում։ Որդեգրող հոր մահից հետո Նադեժդա Միխայլովնան դարձել է 16-17 միլիոնանոց վիթխարի կարողության սեփականատերը։ Նա և իր երեխաները ժառանգել են ողջ անշարժ գույքը, այդ թվում և ֆաբրիկաները, գործարանները, կալվածքները, Պետերբուրգում երկու առանձնատները և Քարե կղզում գտնվող ամառանոցը, ինչպես նաև՝ ամբողջ արժեթղթերը։ 1884 թվականի ամռանը որպես սեփականություն ձեռք է բերել Բոգոսլովսկի լեռնային շրջանը՝ Պերմի նահանգի Վերխոտուրսկի գավառում, որը, ի պատիվ տանտիրուհու, 1894 թվականի մայիսի 29-ին (հունիսի 11) անվանվել է Նադեժդա գործարան[5][6]։

Երազելով խաղալ իշխանուհի Լիվենի դերը՝ Պոլովցովան պետերբուրգյան իր տանը սալոն է պահել և կազմակերպել նրբաճաշակ ընթրիքներ՝ սեղանների շուրջ հմտորեն խմբավորելով ընտրյալ համախոհների։ Հասարակության մեջ հիանալի տանտիրուհու և նորաձևության կայսրուհու համբավ ուներ։ Ասում էին, որ բարեգործությամբ զբաղվելով՝ նա այցելել է աղքատներին՝ ականջները զարդարելով հարյուր հազարանոց խոշոր ադամանդներով։ Դա բացատրել է նրանով, որ աղքատներն արժանի են, որպեսզի նրանց համար լավ հագնվեն[7]։ Հուշավիպագիր կոմս Ս. Դ. Շերեմետևը խոստովանել է[8].

Նա ինձ երբեք դուր չի եկել և միշտ անհոգի է թվացել։ Նա ուներ երկրպագուներ ու սիրահետողներ, ինչից ես զարմանում էի։ Ինձ անհնարին է թվացել ինչ-որ կենդանի բան քամել այդ գեղեցիկ, զսպված, սառը և չափազանց հաշվենկատ տիկնոջից։ Բայց նա մեծ խելք չուներ և գործել է իր ամուսնու հետ, աստիճանաբար ու հաջորդաբար, նենգաբար հաստատուն դիրք է ստեղծել բարձրաշխարհիկ միջավայրում։ Նրանց ծաղրում, բայց այցելում և օգտվում էին նրանց հյուրընկալությունից:

Պոլցովան իր ամուսնու հետ Եվրոպայում շատ է ճամփորդել, բայց առանձնահատուկ սեր է տածել Ֆրանսիայի նկատմամբ։ Գրեթե յուրաքանչյուր ամառ նա գերադասել է անցկացնել Փարիզի առանձնատանը կամ Մոնտե Կառլոյի մերձակայքում գտնվող San-Roman կալվածքում։ Վախճանվել է 1908 թվականին և թաղվել Իվանգորոդի Շտիգլիցի կալավածքում գտնվող Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցի-հանգստարանում։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. А. А. Половцов. Дневник государственного секретаря. В 2 томах. — М.: Центрполиграф, 2005. — Т. 1. — С. 8.
  3. И. С. Тургенев. Полное собрание сочинений. —М., 1865. — Т. 9. — С. 22.
  4. Дневник П. А. Валуева министра внутренних дел: в 2 томах. — М.: Изд-во Акад. наук СССР, 1961. — Т. 1: 1861—1864 гг.—С. 66.
  5. Федорченко В. И., Дворянские роды, прославившие Отечество: энциклопедия дворянских родов. — С. 432 Olma Media Group, 2003. — ISBN 5786700569, ISBN 9785786700566
  6. Байкулова С. З., Матвеева И. У., Бауман А. Л. Руководители Санкт-Петербурга. — С. 414 Olma Media Group. — ISBN 5765421148, ISBN 9785765421147
  7. Исторический Вестник. — 1906. — Т. 103. — С. 340.
  8. Мемуары графа С. Д. Шереметева / Федеральная архивная служба России. — М.: Издательство «Индрик», 2001.