Ալեքսանդր Մակեդոնացու դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրի պատկերը Սիդոնի սարկոֆագում

Ալեքսանդր Մակեդոնացու դամբարան, դամբարան, որ կառուցվել է մ. թ. ա. 4-րդ դարի վերջին և որտեղ ամփոփված է Ալեքսանդր Մակեդոնացու աճյունը: Առավել տարածում ունեցող վարկածներից մեկի համաձայն` զորավարի մարմինը տեղադրել են ոսկե դագաղի մեջ և այն լցրել մեղրով: Սկզբում դագաղը տարել են Մեմֆիս, ապա` եգիպտական Ալեքսանդրիա, որտեղ էլ այն գտնվել է մինչև անտիկ դարաշրջանի ավարտը, ինչից հետո անհետացել է: Համարվում է, որ Ալեքսանդրի դամբարան են այցելել նշանավոր այնպիսի հռոմեացիներ, ինչպիսիք են Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը, Օկտավիանոս Օգոստոսը, Կալիգուլան: Հին Ամֆիպոլիսի մերձակայքում գտնվող մարմարե դամբարանի պեղումները հիմք են տալիս ենթադրելու, որ դամբարանը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու մարմինն ամփոփելու նպատակով[1]:

Բացի այդ, գոյություն ունի այսպես կոչված Ալեքսանդրի սարկոֆագը, որն իրականում Սիդոնի արքա Աբդոլանիմի սարկոֆագն է: Իր պայմանական անվանումն այն ստացել է ֆրիզներից մեկին պատկերված զինվորի պատկերից, որ պարսիկների դեմ է պայքարում այսպես կոչված «առյուծի սաղավարտով», և որը նույնացվել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ:

Պատմական վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի դիակառքի վերականգնված տարբերակը Դիադորոսի նկարագրությամբ

Ալեքսանդր Մակեդոնացու կենսագիր Կալսինիասը գրել է, որ Ալեքսանդրը պատգամել է իրեն թաղել Եգիպտոսում` Սիվայում, որտեղ հին մեհյանի քրմերը նրան հռչակել էին Ամոնի որդի: Պերդիկան խոստացել էր Ալեքսանդրին կազմակերպել դա, սակայն հետո որոշել է արքայի մարմինը տեղափոխել Մակեդոնիա: Նրա մտադրությունի չի իրագործվում: Պտղոմեոսը, Դամասկոսում հանդիպելով կառքին, առևանգում է Ալեքսանդրի մարմնով սարկոֆագը և 321 թվականին այն տեղափոխում Մեմֆիս: Մեմֆիսում Ալեքսանդրի մարմինը, ամենայն հավանականությամբ, պահվել է Սերապեոնի տաճարում[2]: Պլուտարքոսի վկայությամբ մի քանի տարի անց Պտղոմեոսն այն տեղափոխել է Ալեքսանդրիա` թաղելով ստորգետնյա դամբարանում[3]: Ալեքսանդրի գերեզմանը դառնում է մարդկանց զանգվածային ուխտագնացության վայր: Մ. թ. ա. 48 թվականին Ալեքսանդրի գերեզման է այցելում Հուլիոս Կեսարը: Հռոմեական կայսր Օկտավիանոս Օգոստոսը, երբ նվաճում է Ալեքսանդրիան, «տեսնում է Ալեքսանդր Մեծի մարմինը, ում դագաղը տարել էին սրբավայրից: Ի նշան մեծ ակնածանքի` նա ոսկե պսակ է դնում գերեզմանին` այնտեղ ծաղիկներ սփռելով»,- գրում է Գայոս Սվետոնիոսը[4]: Համաձայն Դիոնիսիոս Կասիասի` Օկտավիանոսն անզգույշ շարժման հետևանքով քիթը կոտրել է մումիայի մոտ[5]: Մարմինը գտնվել է ապակե սարկոֆագում, իսկ դամբարանը գտնվել է կենտրոնական հրապարակում: Սվետոնիոսի խոսքերով Ալեքսանդրի դամբարան է այցելել նաև Կալիգուլան, ով իր սեփական ձեռքերով հանել է Ալեքսանդրի լանջապանակը և հետո ինքն է կրել այն: Կարակալլան, ով 210-ական թվականներին այցելել է Ալեքսանդրիա, իր տունիկան ու մատանին խոնարհել է մեծ նվաճողի դամբարանին[6]: Վերջապես, Սեպտիմիուս Սևերուսը հրամայել է հրամայել է որմնաշարել սրբազան դամբարանը, և դրանից հետո այլևս հայտնի չէ, թե որտեղ է այն գտնվում:

Կիևի Կոնստանդին I պատրիարքը, ով 1803 թվականին փորձել է հայտնաբերել Ալեքսանդրի գերեզմանը, համոզված է եղել, որ մինչև 15-րդ դարը Ալեքսանդրի դամբարանի տեղը լավ հայտնի է եղել: 1850 թվականին տարածվել է տեղեկություն այն մասին, որ Կահիրեում ռուսական դեսպանության թարգմանիչ հույն Սկիլիցիսը մտել է Ալեքսանդրիայում գտնվող Էլ Նաբի Դանիել մզկիթի նկուղ: Նա ներքև է իջել նեղ ու մութ ստորգետնյա անցումով և տեսել է միջատների կողմից արդեն վնասված փայտե դռներ: Նայելով փայտի ճաքերից` նա տեսել է ապակե դագաղի մեջ գտնվող մարմին, որի գլխին եղել է ոսկե գլխանոց: Շուրջը թափված են եղել պապիրուսե ձեռագրեր և գրքեր: Դրանից հետո նրան արգելել են այցելել դամբարան: Կահիրեի իսլամական համալսարանի պրոֆեսոր Աբդել Ազիզը 1990 թվականին հայտարարել է, որ իր հաշվարկներով Ալեքսանդրի մարմնով դագաղը գտնվում է Ալեքսանդրիայի հին հատվածում` Էլ Նաբի Դանիելի մզկիթի ավերակների տակ: Այդ մզկիթը գտնվում է քաղաքի կենտրոնում` Դանիել մարգարեի անունը կրող ներկայիս փողոցում` Համալ Աբդել Նասերայի պողոտայի հետ հատման կետում, որը դեռևս Ալեքսանդրի օրոք նախագծել է հայտնի ճարտարապետ Դեյնոկրատը: Ժամանակակից շատ հետազոտողներ կարծում են, որ Դանիել մարգարեի մզկիթը կառուցել են Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանի վրա և աղոթել այնտեղ. մուսուլմանները այն համարել են իրենց սրբավայրը: 1888 թվականին Հենրիխ Շլիմանը մզկիթի տարածքում պեղումներ անցկացնելու թույլտվություն է խնդրել, սակայն նրան մերժել են[7]: Հին Ալեքսանդրիայի մի մասն արդեն մասամբ անցել է ջրի տակ, իսկ ծովի մերձափնյա հատվածում գտնվում են հին շինություններ: 1996 թվականին ֆրանսիացի հնագետները Աբուկիր հրվանդանի փոքրիկ ծովախորշում` Արևելյան նավահանգստի լքված հատվածում, ջրերի տակ հայտնաբերել են գրանիտե երկու քանդակներ, մետաղադրամներ և զարդարանքի առարկաներ, որոնց տարիքն անցնում է 2.5 հազար տարին: Դրանք բոլորը լավ պահպանված վիճակում են եղել (քանդակները ներկայումս գտնվում են քաղաքային այգում` Պոմպեոսի սյունաշարի շրջակայքում): Գտնվել են նաև մի քանի սարկոֆագներ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ արքայական նստավայրի գլխավոր հատվածը գտնվել է հենց այդ տեղում, և տեսարժան վայրերի մեջ, հնարավոր է, եղել է նաև Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը: Սակայն քանի որ պեղումներ կատարելու համար անհրաժեշտ է չորացնել ծովախորշը, մոտ ապագայում այս վարկածը ստուգելը գործնականում դառնում է անհնար:

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական Բարձրագույն խորհուրդը պաշտոնապես ընդունել է Ալեքսանդրի գերեզմանը բացահայտելու ավելի քան 140 փորձ, այդ թվում` Ալեքսանդրիայի Նաբի Դանիել մզկիթում: 1989 թվականին հույն հնէաբան Լիանա Սուվալիդին պեղումներ է սկսել Սիվա օազիսի շրջանում, որը հին ժամանակներում հայտնի է եղել Սանտարիա անունով: Հին լեզուների փորձագետները նշում են, որ այդ անունը կարող է թարգմանվել սուրբ շրջան կամ էլ մեկնաբանվել հետևյալ կերպ. «տարածք, որտեղ հանգչում է Ալեքսանդրը»: Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ օազիսից 25 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ Միրաքի տեղանքը, որի անվանումը նման է հին հունական «միրաքիան» անվանմանը, որ թարգմանվում է «մարդ, որ մահացել է շատ երիտասարդ»: Պեղումները շարունակվել են հինգ տարի, ինչի արդյունքում հայտնաբերվել են արքայական հուղարկավորությանը բնորոշ տարրեր: Դամբարանային համալիրի մեջ մտել են եկեղեցին ու դամբարանը, որում գտնվել են ալաբաստրե սարկոֆագի բեկորներ, որը պատրաստված է եղել Եգիպտոսի սահմաններից դուրս, և խորաքանդակ` ութածայր աստղով: Դամբարանից գաղտնի ելքը տարել է Ամոն Ռայի տաճար: Այստեղ են գտնվել նաև երեք քարակոթող` հին հունարեն մակագրություններով: Սակայն Հունաստանի ներկայացուցիչները, ովքեր այցելել են պեղումների վայր, ավերակների ուսումնասիրություններից հետո հայտարարել են, որ դամբարանի ոճը մակեդոնական չէ, և հայտնաբերված դամբարանային համալիրը վերաբերում է ավելի ուշ շրջանի: Եգիպտական իշխանությունները 1996 թվականի վերջերին Լիանա Սուվալիդից հետ են վերցրել պեղումները շարունակելու արտոնագիրը` դա հիմնավորելով այն հանգամանքով, որ նա «առանց բավարար հիմքերի խառնաշփոթ է առաջացրել Սիվայում պեղումների շուրջ»: Աշխատանքները շարունակելու իր բազմաթիվ խնդրանքներին նա, ինչպես և ուրիշ շատ մարդիկ, մերժում են ստացել:

Ամֆիպոլիսի դամբարանի պեղումները դարձյալ թարմացրել են Ալեքսանդրի թաղման շուրջ վեճերը: Որոշ գիտնականներ կարծում են, որ դամբարանը կառուցվել է Ալեքսանդրի համար, բայց երբևէ չի կիրառվել Պտղոմեոս Լագոսի պատճառով: Ուրիշներն էլ կարծում են, որ հռոմեական կայսր Կարակալլան` Ալեքսանդրի մեծ երկրպագուն, հնարավոր է, մ. թ. 2-րդ դարում նրա մարմինը տեղափոխել է Ամֆիպոլիս: 2014 թվականի նոյեմբերի 12-ին Ամֆիպոլիսի դամբարանում հայտնաբերվել է կմախք: Գենետիկական փորձաքննությունը թույլ է տալիս համամետել այդ մնացորդները Վերգինայի դամբարանի մնացորդների հետ: Միայն ԴՆԹ թեստը հնարավորություն կտա հաստատել, թե գերեզմանում տղամա՞րդ, թե՞ կին է ամփոփված, ապա նոր միայն հետազոտել նրա ինքնությունը:

Հետաքրքրիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրի եպիսկոպոս Դորոֆեյը (մ. թ. 255-362), երբ վերադարձել է արտաքսումից, հայտարարել է, որ Սիվա օազիսի բնակիչները եղել են հեթանոսներ և երկրպագել են եգիպտական Ամոն աստծուն և Ալեքսանդր Մեծին, ով թաղված է եղել այնտեղ:
  • Սուրբ քրիստոնյա Սիսոյը, ով ապրել է եգիպտական անապատի քարանձավներից մեկում, միշտ պատկերվել է Ալեքսանդր Մեծի դամբարանի հետ` մտորելով կյանքի ճոխության ու մահվան անխուսափելիության մասին: Հնարավոր է, որ նա գտել է Ալեքսանդրի դամբարանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гробница, найденная в Амфиполисе, принадлежит Александру Македонскому
  2. Chugg A. The Sarcophagus of Alexander the Great? // Greece & Rome, Second Series, Vol. 49, No. 1 (Apr., 2002). — P. 16; P. 18
  3. The Elusive Tomb of Alexander
  4. Ancient Sources
  5. Дион Кассий. 51.16
  6. Суда (alpha, 2762)
  7. Alexander's Final Resting Place

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]